![](http://pics.livejournal.com/hayfon/pic/0001eabf)
Ազգային-ազատագրական շարժման տարիներին հայերս հավատալով մեր գործի արդարությանը` հանուն ազատության պայքարելու և մեր ինքնությունը վերականգնելու փորձառությամբ նորից բռունցք բարձրացրինք` ձգտելով ձերբազատվել 70-ամյա ստրկությունից: Դրան հաջորդեց Ղարաբաղյան ազատամարտը ու նորից ձեռք ձեռքի տված զենքով պատերազմեցինք զավթիչ թշնամու դեմ: Այդ տարիներին ոչ միայն մեր բազուկն էր առնական, այլև հոգին, միտքը, քանի որ մեր կենցաղը, արվեստը, մեր կյանքը ողողված էին հայրենասիրական գաղափարներով, ամենուրեք` հրապարակներում, տանը, դրսում, եթերից հնչում էին հոգին թունդ հանող ազգային ու հեղափոխական երգեր, որոնք խորհրդային տարիներին իբրև ազգայնամոլական գաղափարներ հրահրող երգեր արգելված էին: Բայց 1980-ականների վերջին` Խորհրդային Միության հոգեվարքի տարիներին, ձևավորվեցին ազգագրական, հետագայում նաև ազգային-հեղափոխական երգեր հնչեցնող ինքնագործ խմբեր, որոնց դերն ու նշանակությունն ավելի շատ խորհրդանշական էին: Դա նաև հրաշալի առիթ էր, որ Դվալենց գերդաստանից Սահակ Սահակյանը, ով ժառանգելով հորական պապի` Սահակի և Մկրտիչ հոր երգելու տաղանդը` ի ցույց դներ իր երաժշտական տաղանդը, որը հետագայում նախասիրությունից վերածվեց հիմնական մասնագիտության: Սկսեց երգել նախ «Ակունք» ազգագրական երգի համույթում, հետո «Մարաթուկ»-ում, որտեղ ազգագրական-հեղափոխական երգեր էր կատարում: Հետո նրան հրավիրեցին Հայաստանի ժողգործիքների պետական նվագախումբ` որպես մենակատար: Նրա գեղեցիկ, հուժկու ձայնը ոգեշնչում էր ազգային ոգով տոգորված ժողովրդական զանգվածներին, հայ մարտիկներին, վարակում նրանց մեր քաջարի ֆիդայիների հերոսականությամբ ու հայրենիքին նվիրվելու վճռականությամբ: Թվում է` երեկ էր, երբ հայրենին վտանգված էր, ու բոլորս մեր ուժերի ու կարողությունների չափով ամեն ինչ անում էինք` մեր ինքնությունը պահպանելու համար: Այսօր այդ վճռականությունն ու կամքի դրսևորումը, հողը պաշտպանելու համար ամեն պահ ոտքի կանգնելու պատրաստակամությունը վերածվել են հոգևոր նիրհի. ինչի համար ժամանակին հայերս պատրաստ էինք կյանքով հատուցել, այսօր լռելյայն մոռացումի է մատնվում: Իսկ հուսահատությունը, որ երազանքները խաթարվեցին, համակել է ժամանակին վեհ գաղափարների իրագործմանը հավատացող ու հանուն դրա մաքառող անհատներին, և այժմ նրանք ստիպված են խեղդել հոգու ճիչը, որպեսզի նորից հրապարակ դուրս չգան` այս անգամ արդեն կորսված երազանքները վերադարձնելու պահանջով:
- Պարոն Սահակյան, այդ երազանքների իրագործմանը հավատացող և պայքարող անհատներից մեկն էլ Դուք էիք: Այսօր թվում է` գերության շղթաներից ազատվել ենք, հայոց պետականությունը` վերականգնվել: Այդուհանդերձ այժմ էլ ներքին պայքար կա յուրաքանչյուրիս մեջ, որը չգիտես ինչու անհատի պատերազմ է դարձել` չնայած այդ ընդվզումների ու պոռթկումների պատճառները հուզում են գրեթե բոլորիս` բացառությամբ մի ստվար ծախու զանգվածի: Որտե՞ղ է 1988-ի խմբվածությունը:
- Խորհրդային տարիներին, երբ ազգային գաղափարախոսությունների տարածման համար բազմաթիվ արգելքներ էին դրված, պայքարելը շատ ավելի մեծ հաճույք էր, քանի որ հստակ նպատակ ունեիր` ազատվել օտարի լծից, և այդ նպատակը համընդհանուր էր: Այն տարիներին բոլորիս առաջնորդում էր հաղթանակի հավատը, օտարի դեմ մաքառելու գիտակցումը: Ցավալի է, բայց այսօր ստիպված ես սեփական իշխանության դեմ պայքար մղել ազգային արժեքների պահպանման, մարդկային արժանապատվությանդ ու քաղաքացիական իրավունքներիդ համար: 1988-ին անկախության համար պայքարող մարտիկներն այսօր պետք է այդ պայքարի պտուղներն ագահաբար վայելողների դեմ բռունցք ճոճեն: Գուցե յուրայինի դեմ դուրս չգալու ամոթխածությամբ ենք այսօր լռում, գուցե չիրականացած հույսերն ու հավատի կորո՞ւստն է համընդհանուր անտարբերության պատճառը: Պատճառներից մեկն էլ այն է, որ նախապես մշակած ծրագրով ժողովրդի մեջ քնեցրին ընդվզելու ոգին, նրանց ուղեղները զանգվածային լրատվամիջոցներով բթացրին:
Մարդիկ էլ այսօր այնպիսին չեն, ինչպես 20 -22 տարի առաջ` ազգային զարթոնքի տարիներին: Չգիտեմ` ում մշակած ծրագրով ու չարագործ միջամտությամբ մեզ մեր արմատներից կտրելու հզոր ալիք է բարձրացել: Սակայն այն մարդիկ, ում վստահել ենք մեր երկրի ճակատագիրը և ազգային դիմագիծը պահպանելու պատասխանատվությունը` աչք են փակում դրա առաջ, այնինչ ագրեսիան` հատկապես մշակութային, հզոր չափեր է առել ու ավերում է աջուձախ: Մենք էլ հեշտությամբ տրվում ենք դրան, քանի որ ինքնապաշտպանական բնազդը նիրհած է: Պարզապես վախենում եմ` երբ այն արթնանա, արդեն ուշ լինի:
- Ձեր վերջին մենահամերգը վերնագրել էիք «Չքնեք, տղաներ»: Կոչն ո՞ւմ էր ուղղված:
- Այդպես էր կոչվում համերգում հնչեցված երգերից մեկը, որը գրվել է 1988-ին: Այն ժամանակ երգը մեծ ընդունելության արժանացավ: Եվ քանի որ վերջին համերգը նվիրված էր Արցախյան ազատամարտի 20-ամյակին` այն ևս երգացանկում ընդգրկվեց և անմիջապես էլ ծնվեց համերգն այդպես կոչելու գաղափարը: Կոչն ուղղված էր ազատամարտի այն տղաներին, ովքեր ողջ են և այդ օրը ներկա էին: Սակայն այդ խոսքերն արդիական են նաև մեր օրերում, թեև մի քիչ վերափոխել է հարկավոր` «արթնացեք, տղաներ»` նկատի ունենալով այսօր բոլորիս պարուրած հոգևոր նիրհը:
- 1996 թվականի մենահամերգից հետո անսպասելիորեն անհետացաք երաժշտական ասպարեզից: Միայն հետագայում պարզվեց, որ ապրուստի միջոցներ հայթայթելու համար օտար երկրում դեգերելու ճակատագիրը Ձեզ ևս չի շրջանցել: Այդուհանդերձ այսօր հայրենիքում եք և շարունակում եք երաժշտական գործունեությունը, թեև ժամանակին մեծ քայլեր եք կատարել օրգանական քիմիայի և ֆիզիկայի ասպարեզներում: Այժմ քիչ թե շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվել, ինչո՞ւ Ձեր ուժերը չփորձեցիք գիտության մեջ, այլ միանգամից վերադարձաք երգի ասպարեզ:
- Գիտությունն այնպիսի բան է, որ եթե երկար ժամանակ դրանով չես զբաղվում` հետո շատ դժվար է լինում բացթողածը լրացնելը: Ի վերջո կարծում եմ` առաքելությունս երաժշտությամբ զբաղվելն է, այդ ոլորտում ես ավելի պիտանի եմ: Գուցե ճակատագրով հենց սա էր կանխորոշված:
- Այժմ պատրաստվում եք նոր ձայնասկավառակ թողարկել: Կարծում եք ժողովուրդը ազգային, հայրենասիրական երգեր լսելու մղում ունի՞, երբ օտար չարժեքներն են նրան ավելի հետաքրքրում:
- Նախ ասեմ, որ ձայնասկավառակում իմ կատարած ազգային, հայրենասիրական երգերն ընդգրկվելու են նոր` պրոֆեսիոնալ որակով ու մատուցմամբ` սիմֆոնիկ երաժշտախմբի նվագակցությամբ: Դա իմ վաղեմի երազանքն էր: Ի դեպ շատերն են հարցնում, թե խաղաղ ժամանակ իմ կատարած երգերն ո՞ւմ են հարկավոր: Ի՞նչ է` պետք է անպայման պատերա՞զմ լինի, որ դրանք երգենք: Այդ դեպքում ինչո՞ւ ենք բանակ պահում, սովորում զինավարել: Ինչպես բանակը` ազգային ու հեղափոխական երգերը ևս բոլոր ժամանակների համար են. չէ՞ որ խաղաղությունն ընդամենը պատերազմի զինադադարն է: Առավել ևս, որ այդ երգերը միայն ռազմական չեն, նաև հայրենասիրություն են դաստիարակում: Դրանցում ուսանելի շատ բան կա: Խորհրդային տարիներին ես այդ երգերով եմ ծանոթացել հայոց պատմության այն էջերին, որոնք դասագրքերում զետեղված չէին: Սրտի ցավով եմ ասում` մեր ժողովուրդն այսօր պատրաստ չէ նման երգեր ունկնդրել, նրան ուրիշ երաժշտության են վարժեցնում: Բայց ուրիշ ինչպե՞ս պիտի նրանց մեջ վերարթնացնես հայրենի երգերի սերը, եթե ոչ` դրանք լսել տալով, եթե ոչ` իսկական երգիչների բերանից զուլալ հայկական երգը հնչեցնելով:
- Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ ցանկացած գործի գլուխ պետք է կանգնեն պրոֆեսիոնալները, հակառակ դեպքում միշտ իրադրության տեր է դառնում ակտիվ միջակությունը: Որպես պրոֆեսիոնալ` Դուք կարողանո՞ւմ եք երգարվեստում թելադրող դեր կատարել:
- Այդ ակտիվ միջակություններն արդեն հասցրել են իրադրության տերը դառնալ և արհեստավարժներին ոլորտից դուրս են մղել: Եթե ես երգ ձայնագրելու հնարավորություն եմ ունենում` առաջին հերթին դիմում եմ իմ հին վարպետներին, ում անուններն այսօր չեն հիշատակվում, ովքեր պատվերներ չեն ստանում ոչ պետությունից, ոչ էլ անհատներից, քանի որ նրանք «նորաձև» չեն: Փույթ չէ, որ հենց այդ մարդիկ են ազգային արժեքների կրողներն ու պահապանները: Ո՞վ է նրանց հրավիրում հարցազրույցի, ո՞վ է հիշատակում նրանց անունները: Ամբողջ եթերը վարակել են աստղային հիվանդությամբ. երեկվա երեխան, որ երկու բառ չի կարողանում կապակցել, եթերի տեր է դարձել ու ժամավաճառությամբ է զբաղվում: Նման մթնոլորտում փորձիր քո խոսքն ասել...
- Իսկ չե՞ք մտածում սերունդների կրթությամբ հիմնավորապես զբաղվելու մասին, գուցե այդ ժամանակ հնարավոր լինի վերափոխել հասարակությունը:
- Դրա համար նախևառաջ հարկավոր է դպրոց հիմնել, իսկ մենք` «սովորական մահկանացուներս», նման հնարավորություն չունենք: Մեծահարուստներին էլ, ովքեր պալատներ ու դղյակներ են շինում, հարկավոր չեն նման դպրոցներ, դա նրանց համար հետաքրքիր կամ շահութաբեր չէ: Պետությունն էլ կամ միջոցներ չունի ազգային ծրագրերի համար, կամ էլ աչք է փակում: Թեև պետական այրերը հաճախ պարծենում են, թե մտահոգված են երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ և որոշակի քայլեր են ձեռնարկում, բայց դրանք սոսկ բառեր են: Եթե նման ինչոր բան արվում է` թերևս հետին նպատակների ծառայեցնելու համար: Օրինակ` ընտրությունների: Ինչ ռազմահայրենասիրական դաստիարակության մասին կարող է խոսք լինել, եթե բանակում հայ զինվորը «Հոյ Նազան յար» կամ «Շողոտ, շաղոտ» է երգում: Թե՞ ազատաշունչ, հայրենիքի հանդեպ պարտքի կատարման զգացում արթնացնող երգեր չունենք...
Աղբյուրն`
այստեղ: