«ԵՐԳԸ ԽԱՐՍԽՎԱԾ Է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՀԱՎԱՏՔԻ ԵՎ ՍԻՐՈ ՎՐԱ»

Sep 13, 2011 22:35


ՀՀ վաստակավոր արտիստուհի ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆԻ երգարվեստում իր անփոխարինելի տեղն ունի հայ ազգային երաժշտությունը` իր ամենատարբեր դրսևորումներով (ժողովրդական և հոգևոր, դասական, ժամանակակից երգեր, ռոմանսներ և այլն): Սակայն մեր օրերում ազգայինն ու դասականը կարծես մի կողմ են քաշվել` տեղը զիջելով անորակ և էժանագին երգ-երաժշտությանը: Երգչուհին, սակայն, մեզ հետ զրույցում չհամաձայնեց ազգայինի «տխուր» վիճակի հետ, ավելին, վստահեցրեց, որ «հայկական մշակույթն այնքան էլ վատ վիճակում չէ, և կգա մի օր, երբ ամեն ինչ իր տեղը կընկնի»: Հուսանք` կիրականանա սիրված երգչուհու կանխատեսումը:

-Աննա, երաժշտական ոլորտի ամենալուրջ խնդիրը ո՞րն է այսօր: 
-Այսօր հմուտ և արհեստավարժ կազմակերպիչների կարիք ունի հատկապես ակադեմիական երգարվեստը: Փոփ երաժշտության մեջ այդ հարցը լուծված է, բայց դրանով ամեն ինչ չի սահմանափակվում, և այն չպետք է դառնա գերիշխող: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է կիրառել ճիշտ, ազգային մշակութային քաղաքականություն, որի իրականացման համար, սակայն, ժամանակ է պետք… Նշեմ, որ մենք շատ ու շատ չլուծված հարցեր ունենք, այնպես որ, ամեն բան իր ժամանակին: 
-Բայց այսօրվա մշակույթում, տվյալ դեպքում` երգարվեստում, իշխում է նպատակային շոու բիզնեսը, հետին պլան մղելով ազգայինն ու դասականը ճիշտ մատուցելու ցանկությունը:
-Այսօրվա ազգային և դասական արվեստում կան բազմաթիվ խնդիրներ` թե՛ արտաքին, թե՛ ներքին: Արտաքին խնդիրն օտարամուտ մշակույթի դեմ պայքարն է, ներքինը՝ այդ բնագավառում գործող մարդկանց պայքարը մեկը մյուսի դեմ: Երկրորդ հանգամանքն ավելի սոսկալի է, ինչն էլ հենց խոչընդոտում է ոլորտի զարգացմանը: Ինչ վերաբերում է կազմակերպիչներին, իրոք, ոլորտը կարիք ունի հմուտ մասնագետների, որոնք կկարողանան համարձակորեն կռիվ տալ անճաշակության դեմ: 
-Հավատո՞ւմ եք, որ կգա ժամանակ, երբ շրջադարձ կկատարվի, և մարդիկ ռաբիսի փոխարեն տեղ կտան ազգային երգ-երաժշտությանը:
-Թյուր կարծիք է, որ մարդիկ ավելի շատ տեղ են տալիս ռաբիսին: Դա այդպես չէ: Պատկերացրեք` ես հիմա այնքան ռաբիսին դեմ չեմ, որքան «թուրքական» երգերին: Դա իսկական վտանգ է: Մարդիկ կարիք ունեն լավ մշակույթի, ուղղակի այն լավ չի մատուցվում, այդ իսկ պատճառով մնում է անտեսված և անհասանելի: 
-Երաժշտական կյանքում կա՞ մի բան, որ կուզեիք փոխել:
-Կուզեի իսպառ վերանային թուրքական մոտիվները մեզանում:
-Եթե պահանջարկը սիրողական է, արվեստն էլ է սիրողական. համաձա՞յն եք այս մտքի հետ: 
-Համաձայն չեմ: Եթե մարդկանց մի խումբ ունի որոշակի նախասիրություն, չի նշանակում, որ ամբողջ ժողովուրդն ունի նույն նախասիրությունը։ ՈՒղղակի կա սխալ տեղեկացվածություն: Եթե ավելի շատ խոսվի մաքուր և մնայուն արժեքների մասին, բնականաբար, կարծիքը կփոխվի:
-Այդ «մաքուր» և «մնայուն» արժեքների նկատմամբ, ըստ Ձեզ, ո՞վ պետք է կարծիք և ճաշակ ձևավորի: 
-Մնայուն արժեքների մասին շատ ավելի պետք է խոսվի, և, իհարկե, դա պետք է անեն լրատվամիջոցները, արվեստագետները, երաժշտագետները, արվեստաբանները, մի խոսքով, մասնագետները: Բայց հաճախ այդ նույն մասնագետներն այսօր իրենք են խոչընդոտում մնայուն արժեք ստեղծող մարդկանց` դեմ լինելով հետաքրքիր գաղափարների ներմուծմանը, որոնք մեր ազգային մշակույթը կարող են է՛լ ավելի առաջ մղել: Մեկին դուր են գալիս նոր շնչով մատուցված երգերը, մյուսներն ընդհանրապես դեմ են դրան: Նորամուծության տակ պետք չէ հասկանալ ժամանակակից էստրադային գործիքավորմամբ մատուցված ազգային երաժշտություն: Հենց ինքը` ակադեմիական ժանրը, նորամուծություններ ստեղծելու համար ունի բոլոր հնարավորությունները: Մնում է հասկանալ, թե ինչքանով ենք մենք՝ հայերս, պատրաստ մի փոքր հեռանալու մեր կարծրացած մտածելակերպից, որքանո՞վ ենք մենք այսօր բաց աշխարհի առջև և արդյոք կարողանո՞ւմ ենք մեր մշակույթն այդքան կարծրացած մտածելակերպով հասցնել աշխարհին: 
-Այսօրվա երգարվեստում ի՞նչն է իշխում:
- Ոչինչ: 
-Մի՞թե ոչինչ չասող Ձեր պատասխանը պատասխան չէ։
- Այսօրվա երգարվեստում իսկապես ոչինչ չի իշխում, քանի որ հավասարաչափ ամեն բան բաշխված է: Սա սուբյեկտիվ կարծիք է: Եթե մենք դատում ենք ըստ հեռուստաալիքների, ապա կան այնպիսիները, որոնք հավատարիմ են իրենց սկզբունքներին և հեռարձակում են միայն դասական և ազգային երաժշտություն, բայց կան նաև այնպիսիները, որ մատուցում են մնացած ժանրերը: Ստացվում է, որ հավասարաչափ ամեն բան բաշխված է: Այսինքն` ոչինչ չի իշխում: ՈՒրիշ հարց, որ որոշակի խստություն է պետք մտցնել եթերային ասպարեզում, այսինքն` բացառել եթերից ռեստորանային ելույթները, ինչը մատուցում են որոշ հեռուստաալիքներ: Հեռուստատեսությունն ու ռադիոն այսօր մեծ դեր են կատարում մշակութային ճաշակի ձևավորման հարցում, և այստեղ պետք է շատ զգույշ լինել: 
-Հայտնի երգիչ-երգչուհիներից շատերը, որոնք որոշակի հաջողությունների են հասել անձնական և ստեղծագործական կյանքում, համոզված են, որ լրագրողների քննադատությունը, կամ, իրենց լեզվով ասած,«բամբասանքը», ոչ այլ ինչ է, եթե ոչ նախանձի դրսևորում: Դուք ի՞նչ կարծիքի եք այս առնչությամբ. կա՞ լրագրողական «արդար քննադատություն»:
-Ես շատ եմ բախվել լրագրողական ոչ պրոֆեսիոնալ դրսևորումների հետ, պատճառը, թերևս, բոլոր լրագրողների հանդեպ իմ ունեցած վստահությունն էր: Հիմա, իհարկե, ուրիշ կերպ եմ վարվում: Հաճախ լրագրողն իրեն բարձր դասելով, կարծում է, թե կարող է լրացումներ անել արտիստի խոսքում (ինձ հետ շատ են եղել նման դեպքեր, պետք է խոստովանեմ, որ լրագրողներից «ապտակներ» հաճախ եմ ստացել): Ստացվում էր, որ ես հարցազրույցում ասել եմ բաներ, որոնք, փաստորեն, չեմ ասել, և հետո վրաս էր թափվում շրջապատի քննադատությունը, թե` ինչո՞ւ ես ասել նման բաներ և այլն: Մինչդեռ ես տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը: Այդ պատճառով հիմա զգույշ եմ և ոչ միշտ եմ հարցազրույց տալիս: Մեծ հաճույքով աշխատում եմ տարիների փորձ ունեցող վստահելի թղթակիցների հետ: 
-Խոսքս նաև որոշակի հաջողությունների հասած երգիչների նկատմամբ լրագրողի «բամբասանքին» է առնչվում, որը երբեմն ընկալվում է որպես նախանձի դրսևորում: 
-Ոչինչ ավելացնել չեմ կարող: Ես իմ պատասխանը լիարժեք եմ համարում: Մի բան հաստատ գիտեմ` սուտը միշտ էլ կարճ ոտքեր ունի:
-Վերջերս խորհրդարանում օրենքի նոր նախագիծ քննարկվեց, որի համաձայն` որևէ լրատվամիջոցի «թեթև ձեռքով» բարոյական վնաս կրած կամ զրպարտության ենթարկված անձը կարող է դիմել դատարան և պաշտպանել իր իրավունքները; Ըստ Ձեզ, այդ նախագծի ընդունումը որքանո՞վ կարող է օգնել «տուժածին» և «սանձել» որոշ ԶԼՄ-ների:
-Չեմ կարող պատասխանել հարցին: Չգիտեմ` որքանով է այդ նախագիծը գործուն, բայց լավ է, որ առաջ է քաշվել: Հարկ եղած դեպքում գոնե կիմանանք, որ կարող ենք դիմել օրենքի օգնությանը։
-Երազող ե՞ք, թե՞ շատերի պես կարծում եք, որ դա խանգարում է աշխատանքին: 
-Երազկոտությունը լավ բան չէ: Ես ընդամենն աշխատում եմ հասնել իմ առջև դրված նպատակին, և եթե նպատակը Աստծուն հաճո է, այն անպայման իրականանում է: 
-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ երգչուհիներին։ 
-Ամենաառաջինը` չդավաճանեն իրենք իրենց, առաջնորդվեն սեփական սկզբունքներով, եթե, իհարկե, դրանք հիմնված են հայրենասիրության, հավատքի և սիրո վրա: Խոսքը դասական ոլորտում իրենց ապագան տեսնող երաժիշտ-երգիչների մասին է։ Ամեն դեպքում, տաշած քարը գետնին չի մնա:
-Ի՞նչ եք պատրաստում Ձեր ունկնդիրների համար:
-Արդեն երեք ամիս է` աշխատում եմ «Ավագ շաբաթ» ծավալուն ձայնագրության վրա, որը բաղկացած է 130 հոգևոր երգից: Շուտով լույս կտեսնի հայ կոմպոզիտորների երգերի սկավառակը: Armenian Music Center-ի կողմից շուտով լույս կտեսնի նաև Ավետ Տերտերյանի վոկալ ստեղծագործությունների լազերային սկավառակը: Իմ ղեկավարած «Էթնո-վոկալ» եռյակը պատրաստվում է մի շարք համերգներով ելույթ ունենալու թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

Աղբյուրն՝ այստեղ:

ազգային երգ, ազգային մշակույթ, hayfon, ազգային պար, айфон, ազգային երաժշտություն, ազգային, Աննա Մայիլյան, ՀայՖոն շարժում

Previous post Next post
Up