Մյուս մշակույթների աղբը ներմուծվում է Հայաստան

Sep 02, 2011 17:45



«Հայրենասիրությունն ու ազգասիրությունը սերունդներին ի վերուստ չի տրվում, դրանցով օժտված լինելու համար պետք է ճանաչել հայրենիքը։ Ինչպե՞ս կարող է երեխան առանց ծնողին ճանաչելու սիրել նրան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ազգային երգերի կատարող Սահակ Սահակյանը։

Ըստ նրա՝ ազգապահպանության խնդիրների մասին խոսելով՝ պետք է նկատի ունենալ, որ ազգապահպանությամբ չի զբաղվի այն զավակը, որը չի սիրում իր ազգը։

«Մենք անկախության 20 տարիների ընթացքում չկարողացանք հասնել նրան, որ մեր դպրոցներում հայեցի դաստիարակություն լինի, հոգևոր երաժշտություն դասավանդվի։ Այսօր եթերում հազարավոր երգեր են հնչում, որոնք հայ երգարվեստի հետ կապ չունեն»,- նշեց երգիչը։ Նրա խոսքով՝ հայերն այսօր թուրքերեն երգեր են երգում իրենց հարսանիքներում ու դրանց ներքո պարում։ Հաշվի չի առնվում, որ դա մեր թշնամու երաժշտությունն է։ Այնինչ մենք ունենք մեր մաքրամաքուր երգը, որին, ըստ բանախոսի, այսօր ոչ ոք չի անդրադառնում։

«Եթե չգիտի նոր սերունդը, ո՞նց անդրադառնան այդ երգերին, ի՞նչ մեղք ունի նոր սերունդը, եթե նրան չեն սովորեցրել։ Այսօր եթե մեր հեռուստաեթերում գողական սերիալներ են ցուցադրվում ու Կոմիտաս չի հնչում, որտեղի՞ց պետք է ազգայինի մասին իմանան երիտասարդները։ Կան ալիքներ, որոնք ամեն օր միայն ռաբիս են հնչեցնում»,- ընդգծեց նա։
Երգիչը միաժամանակ նշեց, որ այսօրվա երիտասարդության մասին մեծ կարծիք ունի, քանի որ համոզված է՝ եթե նրանք լավը լսեն, անպայման կգնահատեն։

Երգչի խոսքով՝ այսօր ոչ թե այլ երկրների բարձրարժեք երաժշտությունն է ներմուծվում Հայաստան, այլ մյուս մշակույթների աղբը։
Անդրադառնալով ռազմահայրենասիրական երգերին՝ բանախոսը նշեց, որ այսօր զինվորի երգը փոխվել է։ «Ցավդ տանեմ մեծ բան չի, ինձ սպասի, կծառայեմ ու կգամ... Այսինքն իմաստը ոչ թե հայրենիքի համար պայքարելն է, այլ բանակից հետ գալը։ Ունենք ռազմի երգեր, որոնց մեջ բացակայում է թշնամու կերպարը»,- նշեց նա։

Սահակյանն անգամ հին ռազմահայրենասիրական երգերից հատվածներ երգեց՝ նշելով, որ այսօր այդ երգերի խոսքերը փոխարինվել են «Մի նամակ, մի համբույր, սպասիր ես հետ կգամ» բառերով։

Սահակ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ այս տարվա սեպտեմբերից հրատարակվում է
«Լուսակն» ամսագիրը, որի «Քնար» էջը նվիրված է ազգային երգերին։

Աղբյուրն` այստեղ:

ազգային երգ, ռազմահայրենասիրական երգ, ազգային մշակույթ, Սահակ Սահակյան, hayfon, айфон, ազգային երաժշտություն, ազգային, ազգասիրություն, Հայֆոն շարժում

Previous post Next post
Up