Aug 20, 2011 12:07
«Հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել է լավ ավանդույթներ և՛ երգարվեստում, և՛ նվագարանային կատարողական արվեստում: Բարեբախտաբար, այժմ էլ ունի, և պետք է հուսալ, որ կունենա նաև ապագայում»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանը:
Նրա խոսքով` այդ ասպարեզներում այսօր կան մտահոգող խնդիրներ, «Այսօր, կարծես, նորաձև չէ քանոն, քամանչա, թառ, ուդ նվագել, այս գործիքները մղվել են հետին պլան»,- ասել է Նորայր Դավթյանը` շեշտելով, որ խոսքը չի վերաբերում դուդուկին, քանի որ վերջերս այդ երաժշտական գործիքի նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար աճում է: «Մարդիկ մտածում են, որ նվագարանների միջոցով գումար վաստակելը դժվար է, անհեռանկարային, դրա համար էլ երեխաները չեն սովորում նվագել այդ նվագարանների վրա: Եվ, բացի դրանից, ազգային նվագարանների քարոզն է պակաս»,- ասել է նա` ավելացնելով, որ բոլորը մոռանում են, որ այդ գործիքները նվագախմբերում և անսամբլներում շատ կարևոր նշանակություն ունեն:
«Եթե ես քամանչաների խմբի համար մրցույթ անցկացնեմ, վստահ եմ, որ ուղղակի դիմորդներ չեն լինի: Նման խնդրի առջև կանգնած է նաև ուդ գործիքը, իսկ քանոնը, թերևս, ավելի բարվոք վիճակում է»,- նշել է նա` ավելացնելով, որ պետք է այդ գործիքների նկատմամբ ավելի սրտացավ վերաբերմունք դրսևորել:
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ կարծում է, որ պակաս ողբերգական վիճակում չէ պարարվեստը: Նրա խոսքով` չնայած Հայաստանում պարային խմբերի քանակական խնդիր ներկայում չունենք, որակական և ազգային պատկանելության վերաբերյալ «աղերսանքի արժանի վիճակ» է ստեղծվել: «Շատ-շատ խմբեր պարում են անհասկանալի պարեր, ձևավորում մի «մշակույթ», որը, ինչպես ժամանակին Սևակն էր փաստում, նման է մի չղջիկի, որ ո՛չ թռչուն է, ո՛չ էլ մուկ:
Անհասկանալի է` դա բալե՞տ է, հայկական պա՞ր, թե՞ խեղաթյուրում»,-ասել է Գ. Գինոսյանը: Նրա խոսքով` հաճախ մոռանում ենք, որ ազգային մշակույթը մեր պատկանելությունն է և իր մեջ ազգային ինքնության ու ինքնագիտակցության խնդիր է կրում, իսկ մենք մշակույթը որպես զվարճանքի պարագա ենք ընկալում, այնինչ այն իրականում շատ լուրջ կրթական, դաստիարակչական հենք ունի:
Գագիկ Գինոսյան,
Նորայր Դավթյան,
hayfon,
Айфон,
ՀայՖոն շարժում