Հարցազրույց արվեստագիտության թեկնածու, դոցենտ ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆԻ հետ:
-Որքանո՞վ է ժամանակակից երաժշտությունը պահպանել մեր ազգային երաժշտական դիմագիծը:
-Ոչ մի կապ չունի տիրող երաժշտությունը մեր ազգային երաժշտական մտածողության հետ, նույնիսկ եթե այնտեղ ազգային մոտիվներ կան, նույնիսկ եթե հայերեն է հնչում: Այսօր գերիշխող երաժշտական ճաշակը, դրա դրսեւորումները հիմնականում պայմանավորված են մեկ արտարվեստային գործոնով. այդ գործոնը շուկան է:
Մշակույթի համար սա հղի է մի շարք վտանգներով: Այս մասին վստահ ասում ենք` նկատի ունենալով ոչ միայն մեր փորձը, այլեւ հատկապես Եվրոպայի: Երկրներ, որոնք անցել են այս ճանապարհով, ունեցել մեծ կորուստներ:
Մշակույթն իր հիմնական տրամաբանությամբ շուկայական սկզբունքներին ենթարկելը կհանգեցնի ճաշակային դեգրադացիայի, հետո` մտածողական այլասերման եւ ի վերջո կհանգեցնի երաժշտական ինքնության լուրջ դեֆորմացիաների: Մշակութաբանություն գիտության դիրքերից դրան կասենք ինքնության խնդիրների աղավաղում, ինքնանույնականացման մեխանիզմների ավերում: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ այս ժողովրդի ներկայացուցիչն իրեն հանկարծ սկսում է շփոթել մեկ ուրիշ ժողովրդի հետ:
Այդ շփոթն առաջացնող գործոնները գերազանցապես մշակութային են, եւ դրանց մեջ շատ կարեւոր է երաժշտական գործոնը: Այսինքն՝ այն, որ այսօր շատերը, ասելով հայկական երաժշտություն, հասկանում են թուրքական կամ արաբական երաժշտություն: Կամ ավելի վատ. երբ մտածում են` արաբականի, թուրքականի եւ եվրոպականի այս ահավոր ցեխը, այս աղբն իմն է: Սա նշանակում է, որ կորցրել ենք մեզ երաժշտապես գիտակցելու եւ որոշարկելու այն բոլոր լուրջ ավանդույթները, որոնք կուտակվել են մինչ օրս:
Կաֆկան ունի մի պատմվածք, որտեղ մարդը զարթնում է եւ տեսնում, որ ինքը բզեզ է դարձել. ինքնության եւ տեսակի կորուստ: Հիմա պատկերացրեք, որ մարդը նայի հայելու մեջ եւ չտեսնի իր դեմքը, այլ տեսնի լղոզվածք: Մշակութային իմաստով ինքնանույնականացման մեխանիզմների ավերումը եւ ինքնության չափորոշիչների այլասերումը հանգեցնում է սեփական դեմքի լղոզվածքի:
Գոյացել է մեկ ուրիշ վտանգավոր երեւույթ. կա մի շերտ, որը կեղծ ազգային մշակույթ է ներկայացնում: Պոպ երգիչները, անտեսելով իրենց հնարավորությունները, իրենք իրենց սկսել են վերապաhել ազգային երաժշտական լուրջ նստվածքային շերտերի համար նախատեսված գործառույթները: Երբ մարդն ընդամենը շոու բիզնեսով է զբաղվում, բայց հայտարարում է, որ ազգային մշակույթ է զարգացնում` իբր ազգային երգեր երգելով եւ ներկայացնում է աղավաղված մի երաժշտություն կամ էլ լրիվ օտար:
-Մահմեդական մշակույթը մեր երաժշտության մեջ կարելի է գերիշխող օտար ազդեցություն համարել: Վերջին 20 տարիներին թրքաճաշակ երաժշտությունը զվարճանքի վայրերից տեղափոխվեց հեղինակավոր բեմեր:
-Եթե մենք հնարավորություն ունենք եւ հաղորդվում ենք մահմեդական մշակույթին, դա բարձր կուլտուրա է: Եվ մենք ունենք այդ արվեստից մասնագիտորեն օգտվելու ձեւը, կուլտուրան ու չափը, որակն ու մակարդակը: Բայց այսօր մենք ձեւախեղում ենք արեւելյան մշակույթը` առանց մի սկզբունք կամ չափանիշ պահելու:
Որոշ գործոններ կան, որոնցով պայմանավորված է մահմեդական մշակույթի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Թե՛ հայ ժողովրդական արվեստում, թե՛ հայ միջնադարյան պրոֆեսիոնալ արվեստում, թե՛ հետագայում նաեւ կոմպոզիտորական արվեստում դուք զեխեխ, մարմնական հաճույքի գաղափարը չեք գտնի: Այդ երգերը հոգեւոր իրականության խտացված մարմնացում են, որոնք առաջ են բերում զգացմունքային, խորքային ապրում եւ ոչ թե զգայական հաճույք, որը կապված է մարմնականի հետ:
Պորտապարերը եւ նման այլ բաները մահմեդական իրականության մեջ են ծնվել: Եթե հենց սա չհամարենք մահմեդական մշակույթի բուն հատկանիշը, կարող ենք համարել, որ այդ միջավայրում ծնված երեւույթ է, թեկուզ կրոնական որոշ գաղափարների աղավաղումից ծնված: Եվ երբ շուկայական արվեստ ենք ասում, հանգում ենք հենց այս երեւույթին. մարդուն հաճույք պատճառել եւ այդ հաճույքը վաճառել: Ստացվում է, որ այսօր պոպը եւ ռաբիսն ինքնին գնում են դեպի մահմեդական մշակույթը` նպատակ ունենալով ֆիզիոլոգիական եւ զգայական հաճույք պատճառելը:
Ինչու՞ է գերիշխողը մահմեդական մշակույթը: Այն գերիշխող դարձավ 15-16-րդ դարերում, երբ մենք Թուրքիայի եւ Պարսկաստանի տիրապետության տակ էինք: Հատկապես այս շրջանում մշակութային պարտադրանքներն օրենքով հաստատվեցին մեր երկրում: Ժամանակներ եղան, երբ իրավունք չունեինք հայերեն երգել: Այսինքն` դա ծրագրված ձեւով պատվաստվել է մեր ժողովրդին, եւ համաարեւելյան մի շարք երեւույթներ իրենց ճաշակային դրսեւորումներով ուղղակի ներարկվել են, եւ այդ դարերում մենք ունեցել ենք ճաշակային լուրջ խեղումներ:
Ու երբ ասում ենք, որ Կոմիտասը եկավ եւ մաքրեց մեր երաժշտությունը այդ նեյնիմներից ու կլկլոցից, նկատի ունենք որ դա մաքրեց: Նա թեքեց մեր հայացքը դեպի մեր ակունքը, թե խեղումից առաջ ի՞նչ կայինք մենք:
-Օրեր առաջ կոնսերվատորիայի աշխատակիցների հետ փնտրում էինք մասնագետի, որն զբաղվեր ժամանակակից երաժշտության խնդիրներով. պարզվեց, որ չկա այդպիսի մեկը: Տարօրինակ չէ՞, որ ունենք արմատական մշակութային պրոբլեմ, բայց ոչ ոք չի ուսումնասիրում այն:
-Եթե չեմ սխալվում, ուսումնասիրություններ կան, բայց շատ քիչ են: Եթե նույնիսկ զբաղվեն այդ խնդրով, եթե պետական համակարգը փայլուն աշխատի, բայց մեկ շաբաթ հեռուստատեսությունը հակառակը մատուցի, այդ ամբողջ աշխատանքը զրոյի է հավասար: ԶԼՄ-ներին մասնագիտական վերահսկողություն է պետք, ոչ գրաքննություն: Այսօր դժվար է որեւէ ալիքում գտնել երաժշտական խմբագիր: Մարդիկ, որոնք պետք է ֆիլտրի դեր խաղան՝ ուղղակի չկան:
Աղբյուրը`
այստեղ: