Երբ անելու բան չկա, անգամ ամենաստից բանը կարող է
ժողովրդի համար հետաքրքիր նյութ դառնալ: Այն, որ մենք մշակույթ ասվածը հեռացրել ենք մեզանից, ես չէ, որ պետք է ասեմ: Տներ բաժանելու նման «Եվրատեսիլն» էլ շատերի թեման դարձավ, ինչը շատ վատ է: Մենք դարձել ենք շոու-բիզնեսի երկիր. ցանկացած սկանդալ, չգիտես ինչու, դառնում է քննարկման թեժ նյութ:
Բայց ախր հենց թեկուզ «Եվրատեսիլը». էդ ի՞նչ մի թեմա է, որ… Դա նրանից է, որ էսօր ժողովուրդը, լուրջ մշակույթի գործիչներին ճանաչելու փոխարեն, չգիտես ում է կուռք դարձնում, իսկ մշակույթի գործիչները դրանք միայն երգող-պարող, նկարողներն ու դերասանները չեն. մշակույթի գործիչը մարդն է: Հետաքրքիր է` եթե Կոմանդոսի, Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ ինչ-որ դեպք լինի, այդքան շուխուր կհանե՞ն, այսինքն` Կոմանդոսն ավելի քիչ կշիռ ունի՞ ժողովրդի մեջ, քան Էմմին:
Կոմանդոսը, ով մեր պահպանված մտավորականներից մեկն է, ում կորցնելուց հետո միայն կասենք՝ Զորավար Անդրանիկի կամ նման ուրիշ մեկի հավասար լեգենդ է: Այսինքն` իրական պրոպագանդա, իրական մարդու, իրական իդեալի չափանիշ էսօր ուղղակի չի թույլատրվում: …Սա մեր երկիրը չէ, սա Ռուսաստանի երկիրն է, իսկ իրենց այսպիսի Հայաստան է պետք: Չէ որ մենք իսկական մտավորականներ, արվեստագետներ ունենք, ավելին՝ երիտասարդ սերնդից այնպիսի շնորհքով մարդկանց ես հանդիպում, որ հարց է առաջանում` ինչո՞ւ, ինչո՞ւ էս մարդը ճանաչված չէ:
Խնդիրը պրոպագանդան է: Եթե իսկական մշակույթը պրոպագանդեն՝ այնպես, ինչպես պրոպագանդվում է չգիտես ինչը, գուցե մենք որպես երկիր էն կարգավիճակում չլինենք, ինչ որ ենք հիմա… Ռուսաստանին պետք չէ մտածող Հայաստան, պետք է տարածք, գերբ, դրոշ, նրա հետաքրքրությունները…
Ես իմ մի երգի մեջ ներկայացրել եմ «խոշոր հզորներ» արտահայտությունը ռուսներին նկատի ունեմ: Նրանց դեմ, որպես ազգ, քավ լիցի՝ որեւէ բան չունեմ, բայց էն, որ Ռուսաստան պետության համար մենք շատ փոքր, բան չասող ու շատ պետք եկող մասնիկ ենք, էդ փաստ է: Հիմա մշակույթի հարցում էլ նույնն է. ամեն ինչ թելադրված է անգամ ամենաբարձր մակարդակով:
Իսկ ելքը չարիքի նկատմամբ մարդկանց անտարբերությունը պետք է լինի: Այսինքն՝ մարդիկ ինքնամաքրման ճանապարհով, Համալիր լցնողների համերգներին չգնալով՝ գոնե չարիքը պետք է կանխեն: Հետաքրքիր է՝ որ մարդիկ չգնան այդ համերգներին, Համալիրը ո՞նց կլցվի: Երգիչը մեղավոր չէ, եթե մեր մակարդակն էդքան իջել է, որ ընտանիքով տոմս են առնում ու գնում Նանայի համերգին (օրինակի համար)… Իսկ մասսային պրոպագանդում է «յաշիկը»՝ հեռուստացույցը, շատ ցույց տալով մարդուն՝ դարձնում է «հերոս»: Բայց լվացքի փոշի «Բարֆն» էլ է ամբողջ Հայաստանում ճանաչված՝ դա չի նշանակում, որ լավն է:
Դավիթ Ամալյան, հեղինակ-կատարող
Աղբյուրը
այստեղ: