Կոմիտասը հայ երաժշտության բանալին է, այն կոդը և
միջոցը, որը բոլորիս հնարավորություն է տալիս ճաշակ ձևավորել, ինքներս մեզ ճանաչել։ Այսօր լրագրողների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց երաժիշտ-ստեղծագործող Վահան Արծրունին՝ ցավով նկատելով, որ հայ երիտասարդներն այսօր Կոմիտաս չեն լսում։
«Ասել, թե Կոմիտասն անտեսված թեմա է մշակութային դաշտում, այդպես չէ։ Այստեղ խնդիրն անհաղորդ հանրությունն է, հանրության անուշադրությունը շեղված է` առաջին հերթին հեռուստատեսության 20 տարվա աշխատանքի շնորհիվ։ Քսան տարի գովազդվում է փոփ երաժշտություն, և փոխվում են մարդկանց պատկերացումները»,- ասաց Արծրունին։ Նա նշեց, որ վերջին տարիներին հեռուստատեսությունն ու ռադիոն անհասկանալի կիսակոմերցիոն ուղի են բռնել՝ շեղելով հանրության ուշադրությունը։
Ստեղծվածն իրավիճակը, ըստ նրա, տգիտության և անգրագիտության արդյունք է. «Ճիշտ մարդիկ ճիշտ տեղում չեն։ Իսկ ճիշտ մարդիկ շարունակում են լքել Հայաստանը»։ Երաժշտի մեղադրանքն առաջին հերթին մշակույթի նախարարությանն էր ուղղված, որը հայկական դասական երաժշտությունն ու դուդուկը չի մեծարում. «Ձեզ չի՞ զարմացնում, թե ինչու Ջիվանը Հայաստանում համերգներ չի տալիս»։
Ըստ Արծրունու՝ նախարարությունը ոչ թե միտումնավոր է սխալներ գործում, այլ «գիտակցության բացակայություն ունի»։ Հակառակ դեպքում, ըստ բանախոսի, նախարարությունը որպես լծակներ ունեցող կազմակերպություն՝ ազգի տեղեկացվածության մակարդակը կբարձրացներ։ «Կամ էլ ստացվում է՝ մենք շատ լավ հասկանում ենք, բայց գումարները ծախսում ենք այլ բանի վրա։ Կներեք՝ այս քյոլմստոցն ո՞ւմ համար է։ Մեր ազգային մոդելը խեղաթյուրված է»,- ասաց Արծրունին։
Ըստ նրա՝ ֆրանսիացիներն ու անգլիացիները մեր մայրաքաղաքում ֆրանսիական և անգլիական օրեր են ֆինանսավորում ու անցկացնում. «Ւսկ մեր մշակույթի նախարարությունը գալոչկայի համար պրոյեկտներ է իրականացնում, որոնց մասին հանրությունն իրազեկված չէ»։
Նա ցավով հարցադրում արեց. «Ո՞վ է այսօր մեր բրենդը՝ Արմենչիկն ու Թաթա՞ն»։ Երաժշտի խոսքով՝ մենք բրենդ ունենք՝ Կոմիտասը, ում ստեղծագործությունները պետք է լսել ու պահպանել։
Այս իրավիճակից դուրս գալու ելք, ըստ Արծրունու, կա. «Մեծ փոփոխություններ պետք է կատարվեն մարդկանց գիտակցության մեջ։ Եթե ամբողջ ֆրոնտով քարոզվի դասականն այնպես, ինչպես փոփն է քարոզվում, դուք կտեսնեք, որ իրավիճակը կփոխվի։ Սա մերն է, մեզ խորթ չէ, պարզապես հասարակությունը պետք է տեղեկացվի»։
Աղբյուրը
այստեղ: