![](http://pics.livejournal.com/hayfon/pic/000127z6)
Հայկական երգարվեստի ներկայացուցիչները շարունակում են իրենց մտահոգությունները հայտնել այսօր մեր շուկայում տիրող անճաշակության, ռաբիզի, տգիտության դեմ: Մասնավորապես այսօրվա իրավիճակը անհանգստացնում է ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանին և ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Լեյլա Սարիբեկյանին: Օրինակ Լեյլա Սարիբեկյանին զայրացնում է այն հանգամանքը, որ մի շարք երգիչներ, որոնցից ոմանք անգամ ունեն վաստակավորի կոչում, կատարում են երգեր` հայերենի սխալ շեշտադրությամբ, և այդպիսի երգերով հանդես են գալիս կառավարական համերգների ժամանակ: Ըստ երգչուհու՝ դա անթույլատրելի է, քանի որ այդ երգերը այնուհետև դառնում են հասարակության սեփականությունը, հետևաբար լեզվական սխալը սկսում է տարածվել արդեն հասարակության մեջ: Բացի այդ, երգչուհուն անհանգստացնում է նաև այն փաստը, որ շատերը իրենց երաժշտական գործունեության ընթացքում ճանապարհ են բացում մյուսների տակը փորելու, զրպարտելու միջոցներով, ինչն, ըստ նրա, հարցի լուծում չէ, քանի որ նման կեղծիքը շատ արագ է զգում հանդիսատեսը: Ընդհանրապես Լեյլա Սարիբեկյանը կարևորում է հասարակության վերաբերմունքը հայկական շոու բիզնեսի ճիշտ կողմնորոշման հարցում. “Ինչու են ծնողները թույլ տալիս, որպեսզի իրենց զավակները գնան անճաշակ երգիչների համերգներ, թող չգնան, չծափահարեն նրանց, որպեսզի նման երգիչները դադարեն երգել”, - հորդորում է երգչուհին: Իսկ Արսեն Գրիգորյանը համոզված է, որ երգիչը մինչև բեմ բարձրանալն արդեն խնդիր ունի, նա պետք է զբաղվի ինքնակրթությամբ, ճանաչի դարերից եկող մեր երգը, որն, ըստ նրա, հզոր զենք է մեր տեսակը պահելու համար. “Ասում են՝ ինչ ցանում ես այն էլ հնձում ես, ուրեմն եկեք ցորեն ցանենք, ծիրան աճեցնենք, որպեսզի մեր երգից ծիրանի, այլ ոչ թե բանանի հոտ գա”, - ավելացնում է երգիչը: Արսեն Գրիգորյանին մտահոգում է նաև ժողովրդական երգերի այսօրվա մշակումները, նրա կարծիքով ֆոլք մշակումներ ամեն մեկը իրավունք չունի կատարել, դա պետք է անի այն մարդը, ով լավ է տիրապետում հայոց լեզվին, ազգային հնչերանգին: Այսօր, ըստ նրա, նորաձև են դարձել անճաշակ մշակումները, քանի որ հասկացել են, որ դրսում նման երաժշտության պահանջարկը մեծ է, ինչն էլ շատ գայթակղիչ է հեշտ գումարներ վաստակելու համար: Արդյունքում տուժում է ազգային, ժողովրդական երգը, ինչն էլ Արսեն Գրիգորյանի կողմից հանցանք է որակավորվում:
Աղբյուրը
այստեղ: