Երեկ, հունիսի 19-ին «Միտք» վերլուծական կենտրոնում տեղի ունեցավ «Հայֆոն» շարժման կողմից նախաձեռնած երգի հերթական «հանրահավաքը»:
«Հանդիպումները տեղի են ունենում երկու շաբաթը մեկ պարբերականությամբ, երգերն ընտրվում են Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի հետ,»
Times.am-ի հետ զրույցում նշեց «Հայֆոն» շարժման հիմնադիր անդամ Լուսինե Սաֆարյանը:
«Հայֆոն» շարժումը ձեւավորվել է «Միտք» վերլուծական կենտրոնում կազմակերպված լրագրողական դասընթացի արդյունքում: Հիմնադիր անդամները նպատակ ունեն տարածել հայկական ազգային երաժշտությունը, ստիպել հայկական հեռուստաընկերություններին եւ ռադիոընկերություններին հեռարձակել որակյալ ու մաքուր հայ երգ:
«Հայֆոն»ը կազմակերպում է հանդիպումներ «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի հետ, ով երիտասարդներին սովորեցնում է ճիշտ երգել հայկական երգեր: Երգերն ընտրվում են ըստ թեմատիկայի. ռազմահայրենասիրական, կատակ-երգեր, հարսանեկան..
Երգի ուսուցման հետ մեկտեղ երիտասարդները ծանոթանում են նաեւ հայկական հարուստ ավանդույթներին, քանի որ ամեն երգ պատմություն ունի ու ծիսական նշանակություն:
Հայկական մաքուր երգն ու պարն արթնացնում են հայի գենետիկ
հիշողությունն ու, հավատացեք, բոլոր ներկաները կարողանում են երգել, անկախ իրենց ձայնային տվյալներից:
Աղբյուրը
այստեղ: