Apr 03, 2011 18:50
Վերջին շրջանում, ավելի կոնկրետ` Վահրամ Պետրոսյանի հայտնի ասուլիսից հետո (էդպես էլ չհասկացա` ով էր նրան հրավիրել) շատերն են սկսել խոսել երիտասարդներիս ազգային երգն ավելի հասու դարձնելու, ազգային երգ-երաժշտության տարածման ուղիների ու եղանակների մասին: Այս խնդրով արդեն շատերն են մտահոգված:
ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ևս կոչ է արել համախմբվել և միասին մասնակցել հայ երգի տարածման գործին: Նա պատրաստվում է Հանրային խորհրդում քննարկման դնել մի նախագիծ, որի միջոցով փորձ կարվի մշակույթի նախարարության շրջանակներում հանձնաժողով ստեղծել, որը կփորձի գնահատել նորօրյա ստեղծագործությունները:
Կոմիտասի 5 երգերը տարածելու արշավ են սկսել կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն ու Սարդարապատ շարժումը: Կարծում եմ` նախաձեռնություններն այսքանով չեն ավարտվի...
Սկզբում ինձ թվում էր, թե ժամանակակից հայ շոուբիզնեսի երգերին արդեն սովորել է շատերի ականջը, ու մի քիչ բարդ կլինի ազգայինի տարածումը (վերատարածումը): Բայց համոզվեցի հակառակում: Հենց էս պահին մեր բակում հավաքված երիտասարդներից մեկի մեքենայում բարձր հնչում է Արա Գևորգյանի ստեղծագործություններից մեկը: Դե նրա ստեղծագործությունները ազգայինի ու ժամանակակցի խառնուրդ են, օգտագործված են ազգային նվագարաններ: Մի խոսքով, նա փորձում է ազգայինը նորովի մատուցել: Մի պահ ինձ թվում էր` արդեն շատ ենք հեռացել ազգայինից, բայց, փաստորեն, ամեն ինչ կորած չէ դեռ...
Հայաստան,
Ռոբերտ Ամիրխանյան,
մշակույթ