Ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում էլ նշվում է մարդու իրավունքների օրը: Դեկտեմբերի 11-ին հազարավոր հայեր վերցրեցին թմբուկ, եռագույն եւ "Պայքար, պայքար…" գոռալով` շարժվեցին Սարյանի պուրակից Հանրապետության հրապարակ:
"Պայքար" բառին ենթագիտակցորեն ադապտացվել է հայ քաղաքացին: Փորձի համար անգամ մեկի ականջի մոտ եթե շշնջաս "պայքար", նա անկախ իրենից կշարունակի միտքը` "մինչեւ վերջ": Հանրության մի ստվար զանգված չէր կարող սխալվել մի մեծ գաղափարի մեջ: Ուրեմն ինչ-որ տեղ, ինչ-որ բան այն չէ:
Եվ այդ թյուրիմացությունը խանգարում է մոլորակի վրա մնացած ընդամենը մի բուռ հայությանը շարժվել հոսանքի նույն ուղղությանբ:
Եթե հարցնես մեկին մյուսից, նա մյուսին ավելորդ կհամարի, համոզված լինելով, որ եթե հակառակ կողմը չլինի, մյուսները երջանիկ կապրեն: Բայց ոչ: Որքան էլ ջրի հոսանքը հակասում է իր ուղղությանը, հոսող ջուրը նույնն է: Դուրս է գալիս, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է ...
Այսօր "Հայ ազգային կոնգրեսը" կազմակերպել էր երթ` անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների ազատ արձակման պահանջով:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի խոսքով իրենց պայքարի եւ միահամուռ ուժի շնորհիվ է, որ "այսօր եւս երկու քաղբանտարկյալ ազատ են արձակվել` Ֆելիքս Գեւորգյանը եւ Գաբրիել Գաբրիելյանը": Ի դեպ, նրանք երկուսն էլ ներկա էին երթին:
Ընդդիմադիր դեմքերից երթին ներկա էին Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մյասնիկ Մալխասյանը:
Արամ Մանուկյանը հայտնեց, որ այսօր տեղի է ունեցել Հայոց համազգային շարժման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհրդի անդամները որոշում են կայացրել դիմել եվրոպական կառույցներին, Միացյալ Նահանգների կառավարությանը, կոչ անելով վիզաներ չտրամադրել այն քաղաքացիներին, ովքեր մարտի 1-ին առնչվող գործերով տվել են կեղծ վկայություններ:
Մինչ այդ հավաքվածները խաղաղ երթով Սարյան պուրակից քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: