7 օր և մեկ անքուն գիշեր Ջավախքում

Sep 03, 2009 23:47

(Շարունակություն)

5-6 կիլոմետր ճանապարհը սովորաբար կարելի է անցենել մեկ ժամից էլ շուտ, բայց եթե սար ես բարձրանում ու կիզիչ արևն էլ չի խնայում, ապա պետք է համապատասխան ուղղում մտցնել ճանապարհային գրաֆիկում: Բացի դրանից չմոռանանք, որ այլ նպատակ ևս կար, այն է` սունկի տոպրակը: Կասեք նորից ճեճիլ եմ քցում իմ սունկի թեմայով, բայց փաստը մնում է փաստ ու ես չեմ կարող ծածկել ճշմարտությունը: Ախր հարցը միայն համով սունկ ուտելը չէ, ավելի կարևոր ու հետաքրքիր գործը հավաքելն է: Ահա թավիշ կանաչի վրա հեռվում սպիտակին է տալիս սունկը: Գնում ես դեպի այն, բայց ոչ թե նրան ես նայում, այլ շուրջը: Տեսածը արդեն կա ու կա, պետք է շուրջը նայել, միգուցե մի քիչ այն կողմում ուրիշները կան: Համոզվելով, որ սունկը մենակ է, հասնում ես նրան, նրբորեն, մի տեսակ քնքշանքով հանում ես հողից,ափով մաքրում ես գլխարկը և վերջապես դանակով կտրում ես պոչը: Եվ շատ հաճախ, դանակի կտվածքը ցույց է տալիս, որ բնության այդ հրաշքը, այդ համի էտալոնը, այդ գեղեցկությունը պիտանի չէ ու պետք է դեն նետել, ափսոսանքով ետևից նայելով: Եթե կտրվածքում նշմարելի է գոնե մեկ աննշան, ասեղի ծայրի չափ անցք, ապա համոզված եղիր, որ սունկը արդեն որդնած է: Դրանում հեշտությամբ կարելի է համոզվել, կոտրելով ու ուսումնասիրելով գլխիկը: Հակառակի պես հենց ամենալավերն են որդնած լինում(որդերն էլ ճաշակ ունեն):
Տարին անձրևային է եղել ու օգոստոսի վերջին յուրահատուկ չորության փոխարեն ամենուրեք կանաչ է ու փարթամ: Զմայլվելով սարերի կանաչ տեսքով, ձորերով, ջրերով, սունկ հավաքելով, վերջապես հասնում եմ մերոնց: Արդեն հեռվից զարմանքով նկատում եմ, որ "սաթիբելայի" ձայնը չի գալիս, իսկ հնձված տարածքը բոլորովին չի համապատասխանում անցած ժամանակին: Հնձվորը գերանդիյով մեկ ժամամ հնձում է X ար, իսկ հնձիչ մեքենայով` Y ար, քանի՞ ար կհնձի հնձվորը, եթե...
- Վաչո՞, էս ի՞նչ հաշիվ է:
- Հոփար, էլի ջարթավ պաչևնիկը,-հոր փոխարեն տեղեկացրեց Գրիգորը:
- Տուր, տուր տեսնեմ,- ասելով, գերանդին վերցնում եմ Գրիգորի ձեռից և լաս մտնում:
Պարզվում է հնձելը չեմ մոռացել: Գերանդին համաչափ պտտվում է ու ինձ առաջ տանում: Ինձ նույնիսկ հետևից գալող Վաչիկը չի վախեցնում: Գրիգորին խնդրեցի այդ փաստը վավերացնել նկարելով: Հայտնի չէ մտածված էր, թե ոչ, համենայն դեպս, նկարը չեր ստացվել: Մի 50 մետր հնձեցի: Նայեցի արևին, դեռ մի թզից ավելի ճանապարհ ուներ: Մտածեցի, որ մինչև մայրամուտ կարող եմ հնձել, բայց վախեցա հետևանքներից` մկանների ցավ, աղաջրով մերսում... Մյուս կողմից էլ եղբայրս հորդորեց չլոպազանալ:
Հացի նստեցինք ու ես էլ մասնակցեցի գործ անողի իրավունքով:
- Օգնեցեք սաթիբելան թնենք մաշինան, ես մեննակ չեմ կյնա ու էրկուսդ ա քնացեք տուն: Ես քիչմ քաղեմ, իրիկունը քուքամ,- կարգադրեց եղբայրս ու մենք հնազանդ վեր կացանք:
Վերադարձի ճանապարհին արդեն երկուսով էինք լրացնում տոպրակի պարունակությունը, բայց առողջ սունկեր արդեն քիչ էին պատահում: Նորից մեր դեմ բացվեց մեր լեռների խրոխտ պարը: Կապույտ երկինք, կանաչ սարեր...




Եղբորս կնոջը` Լուսիկին խնդրեցի սունկը պատրաստել իմ դեղատոմսով, առանց ձվի ու քիչ յուղով: Նոր էր պատրաստվել բուրումնավետ կերակուրը, երբ ի զարմանս բոլորի, այդքան շուտ վերադարձավ Վաչիկը:
- Վա՞չ, գերանդիդ կոտրվե՞ց:
- Չէ, պրծա էկա:
- Ո՞նց:
- Էլ ոնցը վե՞րն է: Փարան տվի, քաղեցին:

Ահա քեզ բյուջե, ահա քեզ վաստակ... Միակ սփոփիչն այն էր, որ եկանք շատ կարևոր ընդհանուր եզրահանգման, այն է` սաթիբելան պետք է սարքել ձմռանը, իսկ ամռանը կարելի է սահնակը սարքել:

(Շարունակելի)

Հ.Գ.-Ոնց որ գրություններս կամաց-կամաց նմանվում են մեր հայրենակից Կարեն Գիլոյանի ֆուտբոլային ռեպորտաժներին:

Ջավախք

Previous post Next post
Up