(Շարունակություն)
Վերջապես հերթը հասավ գառին: Չնայած հազիվ լավ եղանակ էր ու բոլորը, առիթը բաց չթողնելով դուրս էին եկել խոտհնձի գործերով, Վաչիկը պարտավոր էր մորթել խոստացված գառը: Այդ գործընթացի վավերացումը արդեն ներկայացրել եմ ամսի 13 գրությունում:
Դե վաղ առավոտով մորթեցինինք, կերանք, լմնցավ: Քանի որ մեր մոտ հարգի է ոչ թե խորովածը, այլ խաշլաման, ուստի կարևորագույն մասը ջիգյար, բեգրագի շուտուփույթ ռեալիզացիան եղավ: Նախաճաշին մեզ հետ մասնակցում էր իմ մանկության ընկեր Արտուշը, որի հետ ժամանակին, դահուկները կապած, շատ էինք սար ու ձոր չափել:
- Ո՞նց ես, Արտուշ ջան, հիշում ե՞ս մեր ջահելությունը:
- Էէ, ըշտը լավ ենք: Պզտիկ էինք, մեծերեն կվախենայինք, մեծըցանք` պզտիկներեն կը վախենանք: Ըսեմ օր ձեր հայաստանցիներն ա մարթ չեն: Ախր ինչ մարթություն է, սաղ օրը իրար տակ կը փորեն, փարի համար իրար կը գյուլլեն:
- Ինչի՞, որտեղից այդպիսի ինֆորմացիա:
- Է ըշտը տելեվիզոր կայենք: Ամեն օր էդ կտեսնինք:
- Արտուշ ջան, ախր էդ տեսածներդ պարզապես սերիալներ են, լատինաամեերիկյան սերիալների հիմար նմանակումներ: Դա քիչ կապ ունի ռեալ իրականության հետ:
- Մեկ է, էդ էք:
Թեման տեղափոխել քաղաքականության ասպարեզ չի ստացվում: Հազար ու մի առօրյա գործեր ու խնդիրներ կան: Համենայն դեպս, իր գոհությունն է հայտնում Սահակից(Սահակաշվիլուց) և ասում, որ եթե չխանգարեն, շատ լավ բաներ կանի: Էլ չխորացանք, թե էդ ինչ լավ բաներ էին: Ինձ համար հասկանալի էր միայն ճանապարհների լավացման խնդիրը:
Վաչիկը անցավ հունձի մեքենայի վերանորոգման գործին, իսկ ես վերցնելով Գրիգորին ու Անահիտին ինձ հետ, ուղղվեցի իմ նախատեսած արշավներից առաջինի իրականացմանը: Առաջինը դա Բոշին աղբյուրն էր:
Եթե տեսել եք "Միմինոն" ու լսել, թե ինչպես է Ռուբիկը(Ֆրունզիկը)գովում Դիլիջանի ջուրը, դնելով այն երկրորդ տեղում, ապա պիտի հասկանաք, որ օրիգինալում նա առաջին տեղում դրել էր ոչ թե Սան Ֆրանցիսկոյի ջուրը, այլ Բոշին աղբյուրի: Եթե այդպես չլիներ, ապա իմ մահամերձ տատի վերջին ցանկությունը չէր լինի փետրվարի կեսերին, մեռնելուց առաջ, խմել Բոշին աղբյուրի ջուրը: Մեր տարածքում շատ աղբյուրներ կան, մեկը մյուսից սառնորակ ու վճիտ: Չգիտեմ ո՞վ է եղել այդ բոշան, բայց աղբյուրը մեծ համբավ է վայելում իր համով ու բուժիչ հատկություններով: Դեռ երիտասարդ էի այդ ժամանակ, որ ձեռնամուխ եղա տատիս վերջին ցանկության կատարմանը: Անտեսելով փետրվարյան ցսւրտն ու բուքը, դահուկներով հաղթահարեցի 4-5կմ ճանապարհը, փորեցի մեկ-մեկուկես մետրանոց ձյունածածկը ու հասա աղբյուրին: Աղբյուրի շուրջը, ձյունի տակ, աղբյուրի տաքությունից ստեղծվեել էր բաց տարածություն, մի թիզ կանաչ խոտածածկույթով: Մնացածը հեշտ գործ էր, չհաշված ձյունե անձավից դուրս գալը:
Տանից դուրս գալով, հետներս վերցրինք բաժակ` ջուր խմելու համար ու մի աման` ձորից ազնվամորի հավաքելու համար: Ուշացումով հասկացանք, որ մոռացել ենք սունկի համար աման վերցնելը: Սկզբից մեկ-երկու պատահծ սունկերի տեղավորելու հարցը չկար, բայց մինչև հասանք աղբյուրին, և իմ և Գրիգորի գլխարկները լիքն էին սունկերով: Կարծես հենց մեզ համար ինչ որ մեկը աղբյուրի մոտ պոլիէթիլենային տոպրակ էր թողել: Սունկը տեղավորեցինք գտած տոպրակի մեջ, ապահովելով մեր գլուխները կիզիչ արևի ազդեցությունից:
Աղբյուրը տեղում էր: Սառնության պատճառով մի շնչով մի աման ջուր խմելը հնարավոր չէր, ուստի նորից ու նորից խմում էի Բոշին աղբյուրի ջուրը, կարծես անցած երկու տարվա նորման կատարելու համար:
![](http://pics.livejournal.com/har8un/pic/0000c2zx/s320x240)
Ինձանից քիչ ջանք չպահանջվեց իրար հետ մշտապես յոլա չգնացող քույր ու եղբորը միասին նկարելու համար.
![](http://pics.livejournal.com/har8un/pic/0000d9wb/s320x240)
Ձորում մեր ուտելուց բացի, մեր ամանը լիքը ազնվամորի հավաքեցինք: Ինձ համար քարից քար ցատկելը ավելի հեշտ չէր, քան Անահիտի կամ Գրիգորի համար, բայց և չեմ ել բողոքում.
![](http://pics.livejournal.com/har8un/pic/0000efct/s320x240)
Վերադարձի ճանապարհին մեր հավաքած սունկը կրկնապատկվեց, այնպես որ, գառի խաշլաման արդեն քիչ էր հետաքրքրում:
(Շարունակելի)