Հնդկական կինո

Jul 18, 2009 17:07

De uremn hagdord seriajov piti patmes - hndkakan kinoneri sjuzhenery yst anvan vertsanely ;-)

Մարտի վերջն է: Քիթ սրբելու ժամանակ չունեմ: Գարնանացան, ավարտական քննություններ, ընդունելության քննություններ, հազար ու մի տան գործեր ու այդ բոլորի հետ` ես գյուղի կինոմեխանիկն եմ: Պատվավոր գործ է: Իմ օգնականը` "պամոշնիկը", ինձանից մի տարով փոքր Լյովան է: Չնայած հասակակիցներ ենք, գործի պատասխանատուն և ավագը ես եմ:

Կիրակի օրով, վերցրած նախորդ նկարի ժապավենները, գնում եմ քաղաք: Հիմնարկում հանձնում եմ ժապավենների արկղը, մուծում սեանսից հավաքված գումարը և ստանում նոր նկար: Քանի որ ամսվա վերջն է ու իմ մուծման պլանը ետ է ընկել, ինձ դիտողություն են անում ու ասում, որ պլանիկատարման համար հատկացրել են հնդկական կինոնկար: Կինոնկարը կոչվում էր "Գիշերվա քողի ներքո": Պլանի կատարման համար շատ լավ հնարավորություն էր: Երկսերիանոց հնդկական, այդքանն արդեր հերիք էր: Վերցնում եմ երկու մետաղյա արկղներն ու դուրս գալիս: Մինչև ավտոկայան մի 10 -15 րոպեի ճանապարհ է: Սկզբում այնքան էլ դժվար չէ: Բայց քանի գնում արկղները ծանրանում են ինձ համար: Եթե չեմ սխալվում, ամեն արկղում 9 կամ 10 ժապավեն: Մի խոսքով 15 ից 20 կիլոգրամ յուրաքանչյուրը: Դե 17 տարեկանի համար, ոտքերի տակ գետին չկա, իսկ աստղերը այնքան մոտ են, որ ձեռդ մեկնես, կհասնես: Մի տարիք, որ դեռևս հնարավորությունների սահմանը անհայտ է:

Վերջապես հասնում եմ ավտոկայան և տեղեկանում, որ մեր գյուղ գնացող ավտոբուսը չի լինելու: Ստիպված տեղավորվում եմ հարևեան գյուղի ավտոբուսում: Հարևան գյուղը մեր գյուղից այնքան էլ հեռու չէ, մոտ մեկ կիլոմետր: Իջնում եմ ճանապարհաբաժնին, վերցնում իմ բեռը և դեպի գյուղ: Մեր գյուղ հասնելու համար ճանապարհի կեսը պետք է իջնել, իսկ մյուս կեսը բարձրանալ, այնպես որ, ամբողջ տարածությունը աչքի տակ է: Հակառակի պես գյուղից որևէ մեկը չկա, որ օգնի: Շատ շուտով հասկացա, որ երկու արկղներով երկար գնալ չեմ կարող, ուստի մեկը դրեցի ճանապարհի եզրին, իսկ մյուսը ուսիս առնելով, բավականին հեշտությամբ շարունակեցի ճանապարհս: Որոշել էի մի արկղը որոշ տարածություն տանելուց հետո դնել, վերադառնալ մյուս
արկղի հետևից: Բայց քանի որ ամբողջ ճանապարհը աչքի տակ էր, գնացող գալող էլ չկար, որոշեցի մեկը հասցնել մինչև մեր գյուղ, ապա նոր վերադառնալ մյուսին: Գործի կեսը արած, երբ վերադառձել էի երկրորդ արկղի մոտ ու պատրաստվում էի երկրորդն էլ հասցնել առաջինի մոտ, մեր գյուղի կողմից մեքենայի ձայն լսեցի: Ափսոսացի, որ մեքենան հակառակ կողմ էր գնում: Վիլիսը` հարևան գյուղի կոլ վարչության նախագահինն էր, որ վարում էր իմ դասընկեր Համբոն:

Մտածեցի, որ եթե նախագահը հետը չլինի, կարելի է խնդրել, որ օգնի: Մեքենան կանգ առավ հենց իմ կողքին: Համբոն բաց արեց դուռը և...
- Հեսա բերել եմ, մտածեցի, որ դեպի մեր գյուղն ես տանում:
- Չէ, Համբո ջան, մեր գյուղ եմ տանում: Դե ոչինչ, որ ետ ես բերել: Մի իջացնի, էս մեկն էլ դնենք ու հասցրա գյուղ: Մի հինգ րոպեն քեզ ոչինչ չի անի: Թե չէ լրիվ հալից ընկել եմ:
- Վայ ցավդ տանեմ, նախագահն սպասում է, չեմ կարող, - ասելն ու արկղը թողած քշելը մեկ է լինում:
Վայ քու, Համբո: Կատաղած քար եմ ման գալիս, բայց արդեն ուշ է ու վիլիսը թողած երկու արկղն էլ իրենց ելման կետում, գազ տված հեռանում է:

Վերադառնում եմ նախնական ռազմավարությանս: Մեկը մի քիչ տանում, դնում եմ գետին, վերադառնում մյուսին:
Վերջապես "բարեհաջող" հասնում եմ գյուղ: Փնթփնթում օգնականիս վրա, որ չէր ֆայմել դիմավորել: Աֆիշան եկեղեցու պատին կպցնելուց հետո, կինոխցիկում սկսում ենք միասին "պերեմոտկա" անել կինոյի մասերը: Այս գործողությունը իր մեջ ներառում է ժապավենների ետ փաթաթելը, կտրված տեղերը կպցնելը և ճիշտ հերթականությամբ դասավորելը երկու կինոսարքերի մեջ բաժանելը: Դրանից հետո մնում է միացնել, ստուգել, որ ամեն ինչ նորմալ է ու իջնել տոմս վաճառելու:

Ամեն ինչ այդքան հեշտ չէր պրծնելու այդ օրը: Գործի կեսին, շնչակտուր ներս է ընկնում մեր հարևանի երեխան ու ինձ հայտնում, որ մեր հորթը տանից փախել է, մերոնք տնով տեղով, հարևաններով ընկել են 17 օրական հորթի ետևից ու չեն կարող բռնել, արդեն ելել է սարերը: Թողած ամեն ինչ, վազում եմ դեպի մեր տուն: Տունը գյուղի վերևն է, իսկ հորթուկը բռնել է դեպի սարերն ու վազում է: Եթե չհասնես, կմտնի անտառ: Դե արի գտի անտառում: Լարում եմ վերջին ուժերս, համարյա հասնում: Հորթուկը խույս է տալիս ու պրծնելով իմ ձեռքերից, նորից փախչում: Վերջապես իմ բախտից խճճվում է քարերի արանքում ու ես օգտվելով պատեհ առիթից, բռնում եմ ապերախտ կենդանուն: Հորթը շալակած, բազմամարդ թափորով, հաղթական վերադառնում ենք տուն:
Հոգնած ու սոված, որոշում եմ մի կտոր բան ուտել ու շունչս տեղը բերելու համար մի քիչ հանգստանալ, մինչև սեանսի սկսելը: Բայց դեռ ո՞ւր էս:

Լյովան, իմ օգնականը, մարդ է ուղարկել իմ հետևից, թե հասի, ձայնը չկա: Խոսքը կինոյի ձայնի մասին է: Հացս կիսատ, վազում եմ ակումբ: Կինոխցիկում մարդաշատ է: Խորհուրդներ են տալիս, խրատներ: Իմ առաջին գործն է լինում բոլորին դուրս հրավիրել:

Անցնում եմ պրոֆիլակտիկային: Ստուգում եմ ուժեղացուցիչը, դինամիկները, ֆոտոէլեմենտը: Ամեն ինչ նորմալ է, բայց ձայն չկա, այն է` կինոժապավենի ձայնային շավիղից լույս-ստվեր փոփողությունները ընկնում են ֆոտոէլեմենտի վրա, բայց ուժեղացուցիչին չեն հասնում: Լավ է, որ այդքանը պարզ է, բայց ի՞նչ անել:

- Լյովա ջան, ես մի քիչ էլ կքչփորեմ, իսկ դու նստի հեծանիվն ու տեղեկություն հասցրա հարևան գյուղի կինոմեխանիկ Էմիկին: Ի վեերջո մեզնից հասակով մարդ է, խնդրի, թող օգնության հասնի:

Ժամանակն անցնում է: Ողջ գյուղը հավաքված է ակումբում ու դժգոհում է սեանսի ուշանալու համար: Խորհուրդ են տալիս ժամանակ չկորցնելու համար տոմսակները ծախել, մինչև Էմիկի գալն ու ձայնի գտնվելը: Համաձայնվում եմ: Բոլորը նստած են, միահամուռ աղմկում են, բողոքում, իսկ Էմիկը ուշանում է:

Վերջապես գալիս է Էմիկը: Անցնում նույն ստուգումների իմ անցած ճանապարհը: Փորձում է տեղից հանել պտտող թափանիվը: Չի ստացվում նույնիս մուրճի օգնությամբ: Շվարած մտածում ենք մեր անելիքի մասին: Չեմ հիշում մեզանից ով, կարծիք է հայտնում, որ պատճառը միգուցե "ֆոտոշլանգն" է: Դա այն օպտիկական հաղորդիչն է, որ լույս-ստվեր ազդանշանները հասցնում է ձայնի ուժեղացուցիչին: Բայց օգուտն ի՞նչ: Ի՞նչով փոխարինել:

- Իմ մտքովն անցնում էր: Լյով ջան, գնա բեր, ավտոյի մեջ է,- ասում է Էմիկը:
Իրոք որ պատճառը դա էր: Արդեն ժամի 11-ն է: Վերջապես սկսում ենք ցուցադրումը անհամբերությամբ սպասող հանդիսատեսների աղմուկին վերջ դնելով:

Էլ ինչ հնդկական կինո, առանց երգ-երաժշտության: Հենց առաջին կատրերը, տիտրերը սկսվում են բոլորին այնքան ծանոթ երաժշտությամբ: Բայց դահլիճում նոր աղմուկի ալիք է բարձրանում: Խցիկից իջնում եմ ներքև, պատճառն իմանալու համար: Բայց ծանոթ հնդկական մեղեդիների փոխարեն լսում եմ ինչ որ անսովոր, կլկլան մեղեդիներ: Փորձում եմ արվեստասեր հասարակությանը համոզել, որ ես կապ չունեմ, որ դա կինոյից է:

Այդպես էլ ուշ գիշերին վերջացրինք սեանսը: Բոլոր դեպքերում ցրվելուց առաջ իմ հանդիսատեսները իրենց կասկածն հայտնեցին ձայնի որակի գործում իմ անմեղության վերաբերյալ: Հետագայում պարզեցինք, որ թափանիվը հանելու մեր փորձերի ժամանակ ծռվել էր պտտվող լիսեռը, որի պատճաձով այն պտտվում էր անհավասար, կաղալով: Արդյունքը պարզ էր:

Ինձ մնում էր քնելուց առաջ կատարել իմ վրա վերցրած ամենօրյա պլանը` Մանուկյան-Շահինյան "ընդունելության քննությունների խնդրագրքից" մեկ առաջադրանք:

Գրականություն

Previous post Next post
Up