Ծննդյան օր

Jan 31, 2012 22:08


      I am a very old man. How old I do not know. It is possible I am a hundred, maybe more. I cannot tell because I have never aged as other men do.
      (Edgar Rice Burroughs)

Տարիների հեռավորությունից նայել անցածին, հիշել լավ ու վատ օրերը, տուրք տալ կարոտախտին պատահում է բոլորիս հետ: Այստեղ կներկայացնեմ իմ վաղեմի գրառումներից մեկը, գրված իմ ծննդյան օրը, մենակության ու թախիծի պահին:

(Ներկայացրել եմ առանց որևէ փոփոխության ու խմբագրման)

Այսօր փետրվարի մեկն է, օրը երեքշաբթի:
Այսօր իմ ծնունդն է: Լրանում է իմ 21 տարին, անցնում եմ 21+1-ին: Հետաքրքիր է, որ 21 անգամ եղել է այդ օրը, բայց ես հիշել եմ միայն անցնելուց հետո, կամ շատ առաջ: Իսկ այսօր բոլորովին ուրիշ է: Առավոտվանից այդ է մտքումս: Նույնիսկ որոշեցի այն արժանավայել դիմավորել, թեկուզ միայնակ:

Միայնակ եմ հանրակացարանում, միս մենակ: Դեմքս հպել եմ պատուհանի սառը ապակուն ու խորհում եմ: Դրսում սառնամանիք է, Երևանի համար բացառիկ ցուրտ: 21 տարի առաջ էլ ձմեռ է եղել, ընդ որում մեր գյուղի ձմեռը խիստ է այստեղից բազմապատիկ անգաամ: Կարծես տեսնում եմ, զգում ցուրտն ու լսում բքի ոռնոցը: Ամեն ինչ շատ պատկերավոր է, բայց չի գրվում, այլ զգացվում է: Իսկ այստեղ անշարժ սառնամանիք է, նման չէ մեր գյուղի ձմռանը: Չգիտեմ, ես գիշերն եմ ծնվել, թե ցերեկը, այժմ դա ինձ համար շատ կարևոր է թվում: Եթե չմոռանամ ու չամաչեմ, մորիցս կհարցնեմ:

Սառն ու հաճելի է ապակին, իսկ օրը մթնում է: Ավանից լսվում է շների հաչոց ու ինձ հիշհցնում մեր գյուղը: Ինչպես ես վախվորած դուրս կգայի այս ժամերին ու խորհրդավոր կնայեի սառցե երկնքից պլպլացող, կարծես ցուրտ ճառագող լուսնին ու աստղերին:

Երկար ու մութն էր մեր միջանցքը: Ես սիրտ չեի անի միայնակ ներս գնալ, կամ դուրս գալ: Իսկ եթե ստիպված էի, ապա անպայման շտապելուց ու վախից ճակատս կխփեի միջանցքի ճիշտ կենտրոնում կանգնած երկու սյուներից գոնե մեկին: Մինչև այն քանդելը, ես վախենում էի մեր միջանցքից:

Հետաքրքիր է ի՞նչ արձականք է գտել իմ ծնվելը ցյուղում, տանը: Պարզ է, որ տանը այնքան էլ տհաճ չի եղել, չնայած, ինչպես պատմում են, ապրուստը դժվար է եղել, պատերազմի վերքերը՝ թարմ:

Սառն է ապակին,իսկ սենյակը կատարելապես մութ է: Ես չեմ ուզում միացնել լույսը: Այսպես ավելի լավ է, պատերը չեն երևում, իմ մտքերին ու հիշողություններին չեն խոչնդոտում:

Հիշում եմ անցած օրերը մեր սարերում ու ակամա ձեռքս գնում է դարակի անկյունը, որտեղ իմ սրինգն է, իմ անբաժան ընկերը: Փչում եմ այն առանց նախօրոք որևէ բան մտածելու: Շատ տխուր է ստացվում: Հազիվ նկատում եմ, որ այդ մեղեդին ինձ շատ ծանոթ է ու մտերիմ: Դա մայրս էր երգում իմ օրօրոցի մոտ: Ես ոչ մի ջանք չեմ թափել այն հիշելու համար, և երբեք չեմ նվագել, բայց ահա ինքնստինքյան եկել է այն, իմ ամենավաղ հուշերից մեկը: Ես այնքան կուզենայի այժմ մորս մոտ նվագեի այն ու ինքն էլ երգեր, օրօրեր ինձ իր թախծոտ ու տխուր, միալար ձայնով:

Այնքան տխուր է: Քիչ է մնում լաց լինեմ: Բայց և լաց լինելու որևէ պատճառ չկա ու ես էլ արդեն մի տարով մեծ էմ: Համենայն դեպս մի ժամանակ մեծ ոգևորությամբ առանց պատճառի լաց կլինեի: Շատ եմ ափսոսում, որ այլևս այդ հնարավոր չէ:

Սենյակի խավարում էլեկտրական սալիկի ռոմանտիկ լույսի առկայությամբ անցնում են մտապատկերներ, տարբեր ժամանակների ու տարբեր նշանակության, նշանավոր ու աննշան:

Մենակ եմ: Իսկ եթե որևէ մեկը լիներ, ես կխմեի հարբելու աստիճան ու լաց կլինեի՝ հարբած մարդու համար հեշտ է լաց լինելը:

Խառը, գրականություն

Previous post Next post
Up