Հրեաների և այլմոլորակայինների մասին

Mar 08, 2014 09:43


Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են,
իսկ Տերն արարիչն է երկնքի:

Սաղմոս 95.5

Այն, որ մարդն ի սկզբանե կրոնական էակ է և որ ավելի շուտ սեփական կաշվից դուրս կգա, քան կազատվի իր մեջ եղած կրոնականից,- սա այսօր, թվում է, հերքվում է ակնհայտ փաստերով: Հակակրոնականը մարդու մեջ եղած, այսպես ասենք, դինջությունն է ամենայն հոգևորի հանդեպ, բայց աչալուրջները չեն խաբվում՝ հոգևորը կրոնականի հետ միայն պատահականորեն է կապվում: Մնում է ավելացնել՝ կրոնականն էլ միայն հոգևորին չէ, որ միտված է լինում միշտ: Երբ խեցգետնի չանչը փուստ է բռնում, միայն չխկչխկում է. ո՞վ ականջ ունի լսելու այդ չխկչխկոցը...

Հայտնի է, որ կրոնականն էվոլյուցիա է ապրել: Սակայն ավելի քիչ է խոսվում նրա դեգրադացիաների ու այլասերումների մասին: Կրոնականի էվոլյուցիան ամենևին էլ ջուր չի լցնում աթեիստների ջրաղացին, ինչպես կարծում էր, օրինակ, Օ. Կոնտը: Նախնադարյան տոտեմներից ու ֆետիշներից մինչև հեթանոսական շքեղ բազմաստվածություն մարդը երկար ճանապարհ է անցել: Աստ և հաջորդիվ՝ ասվածն, իհարկե, անմիջապես առնչվում է Կարլ Յունգի դիտարկումների հետ. նկատի ունեմ, որ այդ ճանապարհը չէր կարող չդաջվել մարդու գենետիկ և հոգեկան հիշողության մեջ: Ի վերջո, կրոնը հասնում է առավելագույն խտացմանն ու հստակմանը՝ միաստվածությանը: Եվ անտառային թավուտում Պանը մի խելացնոր ճիչ արձակեց... Այստեղ մի կողմ թողնենք ոմանց մտքերն այն մասին, որ հենց միաստվածությունից է սկսվում իրական սուտը, քանզի այն ենթադրում է պարզեցում և վերացարկում, այլև՝ որ միաստվածությունը կայսրությունների գաղափարական ծառան ու մունետկն է եղել par excellence և ոչ այնքան կրոն:

Այդուհանդերձ ճշմարիտ է, որ ինչ-որ բան, իր զարգացման տրամաբանական գագաթնակետին հասնելով, առավելագույնն է հակված այնուհետև անկում ապրելուն, վերասերվելուն: Միաստվածությունից հետո, արդարև, էլ ի՞նչ քայլ կարող է անել մարդը որպես կրոնական էակ: Պարզվում է՝ կա նման քայլի հնարավորություն: Դա բացարձակ, անկոմպրոմիս աթեիզմն է: Աթեիստի առջև նույն երկընտրանքն է, ինչ և հավատացյալի՝ Աստված կամ կա, կամ ոչ: Նա չի ընդունի ոչ մի կոմպրոմիս՝ Աստծուն նույնացնելով բնության, բացարձակ ոգու կամ բանականության հետ: Աստված կա՛մ կա՝ կոնկրետ, անձնավորված, կա՛մ էլ կրոնը մարդկության ամենաերկարակյաց մոլորությունն է: Դոստոևսկին պնդում էր, որ ճշմարիտ հավատացյալին ամենամոտ կանգնածը ճշմարիտ աթեիստն է: Ահա թե ինչու են իսկական աթեիստները (և հավատացյալները՝ նմանապես) այդքան հազվագյուտ: Սակայն նաև աթեիստը, ով հիմքից հերքել է ուզում կրոնականը՝ ինքը, միևնույն է, շարունակում է մնալ կրոնական էակ: Ո՞րն է նրա համար միակ հնարավոր ելքը: Դրա մասին խոսում է Կիրիլովը «Չարքեր»-ում. նրա վերջին հնարավոր քայլն, ահավասիկ - հաղթահարել ինքն իրեն, անցնել ինքն իր վրայով՝ տրորելով սեփական վախի կոկորդը և ի՛նքն իր համար աստված դառնալ: Ապշելու է, որ օձի այս հնամենի գայթակղությունը արձանագրվել է հենց սկզբից. «Եվ կիմանաք չարն ու բարին, և ինքնե՛րդ կլինեք աստվածների նման»:

Գալով մյուս բոլոր «աթեիստներին»՝ ապա նրանք ընդամենը ետընթաց են ապրել կրոնականի մեջ, եթե անգամ անտարբերությամբ են սքողում իրենցում եղած կրոնականը: Նման հախուռն անտարբերությունը մերօրյա հրաշալիքներից է: Մարտնչող աթեիզմին փոխարինելու է եկել ագրեսիվորեն չմարտնչողը, համառողը, տեղում ոտքով գետնին զարկողը, կրոնականի հետևողական կարանտինն ու ախտահանումը սեփական հոգուց: Սակայն ինքն իրեն աթեիստ համարող մարդկանց մեծ մասը չի հրաժարվել կրոնականից, պարզապես աննկատ վերադարձել է ավելի հին ու պրիմիտիվ ֆորմաներին: Կռապաշտությունն ամենևին էլ դատարկ հնչյուն չէ: Կարիք կա՞ թվարկելու մերօրյա կուռքերին: Մեկի համար կուռք են գիտությունն ու տեխնիկան, երկրորդի համար՝ պետությունը, ժողովրդավարությունը, սահմանադրական կարգն ու քաղաքացիական հասարակությունը: Միջին ամերիկացին ասում է. «Time is money», շարունակությունն ուղղակի լռելյայն ենթադրվում է՝ and money is god: Եվ այսպես շարունակ՝ փողը, սեքսը, ավտոմեքենաները, թատրոնը... Ոմանք դառնում են պանթեիստներ և իրենց աստծուն գտնում բնության, համատիեզերական բանականության, մարդկության, հասարակության, ազգի կամ որևէ այլ աբստրակտ գաղափարի մեջ: Լավագույն դեպքում Տոլստոյի պես՝ բարության գաղափարի մեջ: Կուռքերը շատ են: «Մեր անունն է լեգեոն»: «Բայց չեմ ուզում, որ անգիտության մեջ մնաք, եղբայրներ, քանզի հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են»: Այսօր դիվահարներն առավել շատ են, քան երբևէ. իրողությունն աչքից վրիպում է զուտ այն պատճառով, որ անհատական դիվահարությանը՝ իր ակնառու սիմպտոմատիկայով, շատը փոխարինելու է եկել զանգվածային դիվահարությունը, ինչը թուլացնում է ախտանշանները առանձին մարդկանց վարքագծում: Մոլեգնում են մասսաները, կոլեկտիվ անգիտակցականը՝ մինչ անհատը հանգիստ կենում է յուր կրոնական դինջության մեջ:

Մարդկության պատմությունը խորքում կրոնականի պատմությունն է: Ո՞ր քարին խփի Աստծուն կորցրած փոքրիկ մարդը, ով այդուհանդերձ պաշտամունքի չգիտակցված ծարավն ունի: Երբ խոսում են իրենց համակած գաղափարներից, կրոնական նոտաներն ակամա դուրս են սպրդում: Սակայն կոլեկտիվ տրանկվիլիզատորներն էլ ունեն պիտանելիության ժամկետ: Բոլոր առումներով հատկանշական է սովետական կայսրության փլուզումը, ավելի ստույգ՝ փլուզմանը նախորդած հոգևարքային ջղակծկումները, перестройка և гласность անուններով կնքված տարիները: Կոմունիզմի վիթխարի կուռքով սնված հոգիները մի օր հանկարծ հայտնվեցին նույնքան վիթխարի դատարկության մեջ: Դատարկությունն այդ իսկույն լցվեց միջանցիկ քամիներով, որ ներս պոռթկացին փշրված խլափեղկերից. հիրավի՝ որքա՜ն այլազան, պարանորմալ չարքեր արձակվեցին հանկարծ կապերից: Սկսվեց պայծառատեսների, էքստրասենսների, ձնեմարդ փնտրողների, կյանքի նոր ուղի հայտնաբերողների, յոգայով ու կրիշնայականությամբ լուսավորյալների, ամեն կարգի այլմոլորակային չարքերին հավատացող ուֆոլոգների պսպղուն ժամանակը: (Այսօր էլ որոշ «մասնագիտացած» հեռուստաալիքներով դեռ բացահայտում են եգիպտական բուրգերի և մարդկանց առևանգող հումանոիդ չարքերի գաղտնիքները:) Այդ ժամանակի մասին հրաշալի ֆիլմ կա. «Мы веселы, счастливы, талантливы!» (1986)՝ որքան անարժանորեն մոռացված, նույնքան էլ, ցավոք, թյուրըմբռնված: Այս ամենի մեջ ակնհայտ է ինչպես սեփական դարի հայտնագործություններն ինչ-որ տրանսցենդենտ քիմեռների վրա պրոյեկտելը, այնպես էլ՝ ծարավատոչոր կրոնականի կեղեքումները:

Կրոնականի մերօրյա սուբլիմացիայի շքեղագույն օրինակներից է դավադրությունների տեսությունը: Յուրօրինակ մանիքեություն, որն այնքան չի գիտակցում իր աստծուն, որքան վերջինիս հակոտնյային՝ չար սատանային՝ այս անգամ մարմնավորված հանձինս այլազան գաղտնի կազմակերպությունների կամ պարզապես՝ հրեայի: Նկատի ունեմ ոչ թե իրական հրեաներին, այլ այն հրեշներին, որ զավթել են ողջ աշխարհը, կառավարում են բացառապես բոլոր աշխարհաքաղաքական և պատմական զարգացումները, զոմբիացնում և հարստահարում են միլիարդավոր մարդկանց և ամեն գնով խոչընդոտում, որպեսզի հանկարծ վրա չհասնի մարդկության լուսավոր դարը: Նման «հրեան» շատ չի տարբերվում որևիցե այլմոլորակայինից կամ ֆոլկլորային պոզով-պոչով, կճղակավոր սատանայից: Այդ «հրեան» իսկապես էլ այլմոլորակային է, կանաչ մարդուկ, երակների մեջ արյան փոխարեն քայքայիչ թթու կրող հումանոիդ: Հիրավի, կրոնականի ժամանակակից դեգրադացիան այստեղ իր վերին աստիճանին է հասնում: Մեր նախնիները, համենայն դեպս, շատ ավելի նրբազգաց ու շիտակ էին, կրոնականը հենց որպես կրոնական էլ ընկալում էին: Ոչ մեկի մտքով չէր անցնի սատանայից նման զավեշտալի խրտվիլակ սարքել: Ինչի՜ մասին է խոսքը. բավական է ընթերցել Հեսսեի «Հուլունքախաղ»-ի վերջում զետեղված կախարդի կենսագրականը՝ տեսնելու համար, թե կրոնական առումով որքան ավելի ցած ենք կանգնած այդ հներից:

Այստեղ առկա է պարզունակ հոգեբանություն, ընդհուպ՝ քավության նոխազի արարում ի չգոյե, բոլոր մեղքերը ոմն մեկի վրա բարդելու, դրանով աշխարհը բացատրելու և արդարացնելու ձգտում: Եթե դավադրության տեսության էպիգոններից որևիցե մեկին խնդրեն գրել մարդկության պատմության դասագիրքը (իմա՝ իր կատեխիզիսը), ապա ողջ դրական բովանդակությունը կսահմանափակվի միակ՝ առաջին նախադասությամբ: Կասկածում եմ, որ դա էլ կարողանան ձևակերպել, չէ՞ որ խոսքն, էլի, անգիտակցականի մասին է: Մոտավորապես էսպես. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքը, երկիրը, մարդկանց, բնությունը, մշակույթը, քաղաքակրթությունը, գյուղատնտեսությունը, մեքենաներն ու գործարանները, գիտությունն ու աստղագնացությունը, և այդ ամենը բարի էր, լավն էր»: Ապա եկան հրեաներն ու ամեն ինչ հարամ արեցին: Այնուհետև ողջ դասագիրքը, իննսունինն ու ինը տոկոսով, լցված կլինի հրեական դավադրության մասին հույժ ռեալիստական ասքով: Ամենայն պրոբլեմատիկը՝ հրեաների գլխի՛ն: Իսկ մնացյալը, ինչը առհասարակ չի առնչվում հրեաներին (թեպետ քիչ բան կգտնես, որ հրեաների հետ բոլորովին չառնչվի. ինչքան չլինի՝ հին ազգ են) կա՛մ կվերաձևակերպեն չար հրեաների նմանությամբ, կա՛մ կսարքեն զուտ պարապ վախտի խաղալիք, կա՛մ էլ ուղղակի դուրս կթողնեն: Եթե փորձես խոսք գցել, օրինակ, քրիստոնեական միջնադարի մասին, պատրիստիկայի ու սխոլաստիկայի երկարուձիգ դարերի մասին, գլխիդ կջարդեն, թե՝ քրիստոնեությունն էլ է հրեաների տարածած սուտը, որով հիմարացրել են բոլոր ազգերին և իրենց օգուտը քաղել համընդհանուր մոլորությունից: Պետք է արդեն հոգեբուժարանի թեկնածու լինես, որ նման բան լսելուց հետո փորձես առարկել՝ վկայակոչելով տարրական առողջ դատողությունը: Չէ՛, հրեաներն են մեղավոր, կրոնականը զիջել չգիտի: Կապիտալիզմն էլ են հրեաները ստեղծել և ողջ սուրբ ու հալալ մարդկությանը բռի մեջ են պահում՝ լցնելով սեփական գրպանները: Կապիտալիզմի դեմ ո՞վ է ամենից խստագույն ու մոլեգին ըմբոստացողը, կապիտալիզմի սուտը ո՞վ է բոլորից անխոնջն ու հիմնավորը մերկացրել, եթե ոչ Մարքսը: Բայց Մարքսը հրեա էր… չեղավ, չի դզում: Ուրեմն Մարքսն էլ էր մեզ խաբում, նա մի նոր սուտ հորինեց և աշխարհը կրակը գցեց: Մարքսիզմից օգտվելով՝ Լենինը, մեկ այլ «հրեա», արևմուտքի գործակալ՝ դավադրության տեսությանը լրիվ համահունչ, եկավ-քանդեց հզոր ու սուրբ Ռուսիան:

Եթե հանդիմանեն, թե՝ առանց կրակի ծուխ չի լինում, ապա ինձ ի՞նչ. աշխարհում լիքը կրակ կա, էլ ավելի շատ՝ ծուխ: Այստեղ ես միայն փուստ բռնած խեցգետնի չանչի չխկչխկոցն եմ լսում:

փիլիսոփայություն, կրոն, քրիստոնեություն, ՍԱՆՉՈՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ

Previous post Next post
Up