Եթե ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա կհնչի սեփական թուլության խոստովանության պես: Եթե ասեմ, որ չեմ ուզում իմ օրագիրը մրոտել` մեր քաղաքական կյանքի ամենօրյա գզվռտոցներին անդրադառնալով,- դա էլ մեծամիտ կհնչի, որպես թե ես մի ուրիշ` էլիտար, գերընտիր իրականության մեջ եմ ապրում և այս կյանքի ցեխոտ ու անակնահաճո կողմերն ինձ չեն առնչվում:
Այդուհանդերձ, ասվածը զուտ ճշմարտություն է: Մյուս կողմից, չեմ կարող նաև լռել: Ինչո՞ւ: Պատճառներից ամենահետինը,- ոչ առանց հումորի,- ահավասիկ. թանաքի պարկուճով այս գրիչը, եթե երկար ժամանակ չես գործածում, չորանում է ու էլ չի գրում: Շատ լավ հատկություն է: Գրողին միշտ գրողական ֆորմայի մեջ պահելու համար:
Իսկ քաղաքականությանը,- էն կտրվածքով, որով սովորաբար խոսում են դրանից,- իսկապես էլ չեմ ուզում անդրադառնալ: Ինձ հիմա հետաքրքրում է համընդհանուր ծախույության, մի տեսակ` համատարած շնացման այն երևույթը, որը, թվում է, մեզանում զավթել է բոլոր ծակուծուկերն ու դարձել գլոբալ պաթոլոգիայի պես մի բան:
Չի մնացել մի ուժ, որ չդավի ու չդավաճանի, որ տասնապատիկ դիմակներ ու կողմեր փոխած չլինի: Ասում են` այդ պատճառով ժողովուրդն էլ այլևս վստահություն չունի… իսկ ես կորցրել եմ իմ վստահությունը հենց այդ «ժողովուրդ» կոչվածի հանդեպ: Քանզի այսպիսի փոքրիկ երկրում երբ այսքան «ուժեր» կան` էլ ինչպե՞ս եք դրանց քոքը ժողովրդից կտրում` վերջինից անկախ դիտարկելու համար:
Մի պահ մատածեք. ինչո՞ւ է միշտ մեծամասնությունն ընտրությունների ժամանակ իր ձայնը տալիս ներկա իշխանության թեկնածուներին: Չէ՞ որ մեծ մասը դժգոհ է իր վիճակից: Եթե նույնիսկ ոչ մեծամասնությունը (հաշվի առնելով ընտրակեղծիքները)` եկեք դիտարկենք իշխանությանը ձայն տվողների մոտիվները: Դրանք բազմաթիվ են… Մեկն ընդգրկված է քաղաքական թիմում և հույս ունի պաշտոն ստանալ, մյուսի ծանոթն ու բարեկամն է ընդգրկված, երրորդին վախեցրել են, թե աշխատանքը կկորցնի, չորրորդը հույս ունի աշխատանք ստանալու, հինգերորդը պաշտոն ունի և վախենում է ամեն տեսակ փոփոխություններից, վեցերորդին ընտրակաշառք են տվել, յոթերորդը, հոգով ստրուկ լինելով, միշտ սատարում է ուժեղներին, ութերորդն ինքը հանցագործ լինելով` բնազդաբար պաշտպանում է իր նմանների վարչակարգը… Գալով ընտրակեղծիքներին` դրանք իրականացնելու համար էլ (օրինակ` «կարուսելի» եղանակով) դարձյալ պատկառելի մարդկային ռեսուրս է պետք` խիղճն ու ամոթը կորցրած խաբեբաների մի հոծ զանգված: Ինչպես նաև պետք է ձեռքի տակ ունենալ անբարո ոստիկանների հսկա մի բանակ` հետընտրական հուզումները ճնշելու համար:
Իսկ ի՜նչ ասել բուն գործիչների մասին: Քաղաքական ուժերը հարում են միմյանց, բաժանվում, ճեղքվում, կոալիցիաներ ձևավորում, շռնդալից գոռում-գոչյունով դուրս գալիս կոալիցիայից. մարդիկ փոխում են, օրումեջ, իրենց թիմն ու հայացքները (ովքեր որ ունեն, իհարկե, թեկուզ նոմինալ հայացքներ): Եվ վաղուց ձևավորվել է այն գարշելի հնարանքը, որի իմաստը կայանում է ընդդիմություն խաղալու մեջ:
Այդ բանում մեր գործիչները վիրտուոզ բարձունքների են հասել: Կերտել ընդդիմադրի իմիջ, պատկեր, իշխանությունների դեմ պայքարողի պատկեր` հետագայում այդ նույն իշխանություններին ծախվելու, պայքարից հրաժարվելու և այլևայլ ծառայություններ առաջարկելու նպատակով: Այս առևտուրը, որի մեջ մի ինչ-որ ժառանգական օժտվածությամբ մերոնք արագորեն հմտանում են, մի ամբողջ շուկայական գիտություն ունի իր տակ: Կարևոր է ժամանակին ընդդիմադիր դառնալը և ժամանակից շուտ չծախվելը: Կարևոր է, շախմատի պես, ճիշտ ժամանակին փոքր քարը զոհել` վերջնական հաղթանակի նախօրոք հաշվարկված հեռանկարով:
Միտս է գալիս մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը: 2008-ի մարտի 1-ից հետո նա շատ աղմուկ հանեց` իշխանութություններից ժողովրդավարություն ու կատարված դեպքերի հետևողական հետաքննություն պահանջելով: Նա, պարզվեց, իր օպոզիցիոնիստական դիվիդենտներն էր բարձրացնում, որպեսզի էժանագին պաշտոնյայից վերածվի մեկի, ում հետ պետք է «լրջորեն» հաշվի նստել: Այլ կերպ ասած` մեր գործիչների ընդդիմադրության արժեքն իր գինն ունի` արտահայտված «քեշ» փողով, պաշտոնի բարձրացմամբ և այլն:
Կարևոր է նաև ճիշտ պահը որսալ: Արթուր Բաղդասարյանն ինչպե՞ս որսաց` լքեց ԱԺ նախագահի պաշտոնն ու դարձավ ազատության մարտիկ: Որ հետո, ամենավճռական պահին, ծախվեր: Եվ էսպես անթիվ անուններ. Վազգեն Մանուկյան, Շավարշ Քոչարյան, Արշակ Սադոյան, Արտաշես Գեղամյան… Նույնիսկ Պարույր Հայրիկյանը, որ իր բանտարգելության տասնյոթ տարիները դարձրել է մշտական արժեթուղթ` խաղաղ ծերություն խոստացող: Պայքարի դաշտն, ի վերջո, բորսա է հիշեցնում, որտեղ անընդհատ քաղաքական «արժեթղթերի» լարված առուծախ է գնում.- միանալ այսինչ ուժին, ընդհարվել այսինչ ուժի հետ, ատամ ցույց տալ էս մեկին, հակաճառել էն մյուսին, հայհոյել էն մեկէլին: Հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանն է նույն խաղերը խաղում: Արժեր վարժեցնել, դարձնել ձեռնածու դժգոհ ժողովրդի լայն զանգվածները` հետագայում իշխանությունների հետ այդ մոգական «արժեթղթերով» սակարկելու համար:
Մի խոսքով, աջ ու ձախ էնքան են ծախվել, վերածախվել, էնքան են փոխել հայացքներն ու դիմակները, էնքան են, շան նման, տրվել սրան-նրան, որ կյանքը վեր է ածվել մի մեծ, ծերը չերևացող օրգիայի: Կարծես մի չվերջացող պոռնո-ֆիլմ նայելիս լինես: Որսալ ճիշտ պահը` ավելի թանկով տրվելու… Ինչպես այն աղջիկը, որ կույս-կույս է խաղում ու չի տալիս տղային, մինչև սա, վերջնականապես ղզղնելով, չվճարի ամենաթանկ գինը, որին ընդունակ է: Նման մի յուրօրինակ աճուրդի, որի մեջ վաճառվող իրն ընդդիմադիր է խաղում` մինչև կնշեն ամենաբարձր գինը: Զզվելի է, զզվելի՜…
Վերջապես գալիս է մի պահ, երբ պայքարը մերկացնում է իր աբստրակտ, բովանդակազուրկ էությունը: Այդժամ սկսում են ընդհարումներ, բախումներ ու պառակտումներ գոյանալ կոնկրետ քաղաքական միավորի ներսում, քանի որ աթոռները սահմանափակ են, և ոչ ոք չի ուզում համեղ պատառը զիջել: ՀԱԿ-ը քաղաքակիրթ ձևով աքացի տվեց «Ժառանգությանը»` Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չտալով հարթակ բարձրանալ իր վերջին ցույցի ժամանակ, «Ժառանգությունն» էլ դարձել է մոլի ընդդիմադիր ու պաշտպանում է իր փայ ընդդիմադրությունը: Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի թիկունքից, խամաճիկավարությամբ պատերազմում է Սերժ Սարգսյանի դեմ, ով ներկայումս կատաղի հարձակումների թիրախ է դարձել ինտերնետում (շեշտում եմ` հենց նրա անձը, այլ ոչ թե օլիգարխագլուխ իշխանության հանցագործ մեխանիզմը, որը հենց Քոչարյանի օրով կայացավ), լևոնականներն էլ սերժամետ արբիտրի դեր են ուզում ստանձնել: Հիմա հարցնում եմ` ի՞նչ տարբերություն, թե ո՞վ կլինի. Սերժ Սարգսյա՞նը` ՀՀՇ-ական փսեվդո-ընդդիմության քվեներով խորհրդարանում, թե՞ Ռոբերտ Քոչարյանը` ԲՀԿ-ական փսեվդո-այլախոհությամբ քողարկված: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ մարտի 1-ի գնով, որը սադրել ու իրականացրել էր Քոչարյանը, ուրեմն և` վերջինիս իշխանության տրամաբանական շարունակողն է: Եթե նա ձգտում է ողջ հարստությունն իր ձեռքում կուտակել ու Հայաստանը դարձնել մեկ օլիգարխի պետություն (Երվանդ Բոզոյան), ապա պետք չի կասկածել, որ նա ուղղակի իրականացնում է այն տրամաբանությունը, որը բնորոշ է իշխանության գերագույն լծակը ստացած օլիգարխին և որ նույն այդ տրամաբանությունը նրա փոխարեն կիրագործեր թե՛ Քոչարյանը, թե՛ ոմանց համար ազգային հերոս ու մեծ բարերար դարձած Ծառուկյանը: Կրկնում են` այստեղ կա լոկ գործող անձերի աբստրակտ, բավանդակազուրկ տարբերություն ու համապատասխան էլ պայքար:
Այս ամենը հիշեցնում է մի տեսարան «Ոսկե Հորթը» ֆիլմից: Պանիկովսկին ու Բալագանովը, հատակի վրա թավալ գալով ու իրար քաշքշելով, անվերջ կրկնում են. «Դու ո՞վ ես»:- «Բա դո՞ւ ով ես»:- «Տո չէ բա դո՞ւ ով ես»: Իսկ ներս մտած Բենդերն ասում է. «Դուք ինչ-որ բան էիք անում… փող էիք կիսում… Շարունակեք, շարունակեք, դա նույնիսկ զվարճալի է»: Զվարճալի կլիներ, եթե չլիներ էսքան տխուր:
Ու զզվելի՛:
Հ.Գ. Ի դեպ, ուշագրավ է, որ «ժողովուրդ» կոչվածը միշտ հարում է նախագահներին` ներկա կամ անցյալ: Պապենական, ֆեոդալական մի բնազդով նա հարգում է միայն տիտղոսավոր, կերած-խմած առաջնորդներին: Իսկ կրթված, ազնիվ մարդկանց մասին սովորաբար, մտքում թե բարձրաձայն, ասում է. «Էս չմոն ո՞վ ա, սրա թափն ի՞նչ ա, որ կարանա նրանց դեմ»:
Հ.Հ.Գ. Նույն աբստրակտ, անձնավորված ու թայֆայավորված պայքարը, որը կա մեր քաղաքական կյանքում, մանրանկարային ձևով կրկնվում է կյանքի բոլոր մյուս բնագավառներում: Այդ շարժումն ի վերջո ձևավորում է մեծ ու փոքր մոնոպոլիաներ: Մասնավորապես դա կարելի է տեսնել գրականության, արվեստի մեջ, ստեղծագործական միությունների, մրցույթների և այլն, օրինակի վրա: Ամեն ինչ ճշտությամբ կրկնում է վերոնկարագրյալ «բորսայի» մոդելը: Ես, միամիտս, կարծում էի, թե նոր սերունդն ավելի ազնիվ է (ինչպիսին ջանք չի խնայում երևալու), բայց հիմա հասկանում եմ` դրանք բոլորը չիչիկովներ են` նախկին սոբակևիչների ու պլյուշկինների կատարելագործված, «ափգրեյդ» արած տեսակը: Ավա՜ղ: Ու լավ էլ իրար հետ լեզու են գտնում հայրերն ու որդիները` ի հեճուկս Տուրգենևի: Բայց սա առանձին քննարկման թեմա է… չնայած, մյուս կողմից, հազիվ թե հավես ու ժամանակ ունենամ նմանների սուտն ու փուտը վերլուծելու:
5/3-2011