Feb 26, 2011 13:55
Միայն զարմանալ կարելի է, թե ինչ աստիճանի բուրժուական հոգիներ ունեն մեր մտավորականները` մեծ մասը լիբերալներ են: Մինչդեռ արևմուտքի առաջավոր մտքերն ավելի սոցիալիստական հայացքներ ունեին և ունեն (Սարտր, Բոդրիյար, և այլն):
Լիբերալիզմն ու դեմոկրատիան,- չնայած, որ այսօր շատ են ասում «լիբերալ-դեմոկրատական»` փոխանակ իրեն վարկաբեկած «լիբերալ-բուրժուական» բանաձևի,- իրար հակասող ու իրար ոչնչացնող սկզբունքներ են: Դեմոկրատիան նշանակում է մարդու ազատություն, իսկ լիբերալիզմը` շուկայի ազատություն կամ ազատ շուկա: Շուկայի օրենքներն իրենց բնույթով տարերային, կոսմիկական ուժեր են (միջնադարի լեզվով ասած` դևեր), որոնք տիրանալով, մարդուն, զրկում են նրան ճշմարիտ մարդկային ազատությունից: Ուրեմն, երկուսից մեկը` կա՛մ մարդն է ազատ, կա՛մ շուկան:
Ընթերցեք կամ վերընթերցեք «Կապիտալ»-ի առաջին գիրքը, որի մեջ շատ բան կա լիբերալ Անգլիայի մասին` վերցրած հենց անգլիական գործարանային տեսուչների հաշվետվություններից: Ութ - տասներկու տարեկան երեխաներին ստիպում էին օրական տասնվեց ժամ աշխատել անմարդկային պայմաններում, և եթե մեկնումեկը հանկարծ ցանկանում էր օրինագիծ առաջ քաշել` աշխատանքային օրը տասը ժամով սահմանափակելու մասին, պառլամենտական լիբերալները (գործարանատերերի «քավոր-սանիկները», որպեսզի պարզ լինի) միանգամից վայնասուն էին բարձրացնում` թե դուք իրավունք չունեք, դա հակասում է ազատ շուկայի կանոններին, մարդը, բանվորը թող ինքը, ազատորեն որոշի, թե օրական քանի ժամ է պետք աշխատել,- լավ իմանալով, որ նույն բանվորը, գործազուրկ չմնալու, մի կտոր հացից չզրկվելու համար, օրական քսան ժամ էլ կաշխատի ճարահատյալ` առանց հանգստյան օրերի, մինչև վերջնականապես ուժասպառ լինելը: Քանի որ, համաձայն ազատ շուկայի, այսինքն` մրցակցության օրենքների, հրաժարվելու դեպքում նրա տեղը մեկ ուրիշը կզբաղեցնի: Մի խոսքով, մարդիկ հասկացել են, որ պետական ձեռքի բռնի միջամտությունը շուկայական որոշ հարցերում ուղղակի անհրաժեշտություն է:
Եվ թող ոչ ոք թոզ չփչի մարդկանց աչքերին` այսօրվա Եվրոպայում և Ամերիկայում եթե մարդկանց կյանքը զգալիորեն ավելի բարեկեցիկ ու մարդավայել է, ապա դա շատը շնորհիվ աշխատանքային-սոցիալիստական շարժումների է կայացել, որոնք սանձում ու սահմանափակում էին ազատ շուկայի անմարդկային ախորժակը: (Վերջերս հանդիպեցի Գերմանիայից կարճ ժամանակով եկած ընկերոջս. ասաց, որ էսօր Եվրոպան նույնիսկ ավելի սոցիալիստական է, քան Ամերիկան: Իրենք օրական վեցը ժամ են աշխատում: Անգլիայում էլ, կարծեմ, շաբաթը չորս օր են աշխատում միայն:)
Չէի ուզենա կրկնել դասագրքային ճշմարտություններ: Օրինակ, որ մրցակցությունը անխուսափելի դիալեկտիկական օրինաչափության համաձայն, տանում է մենատիրության: Մեծ ձուկը կուլ է տալիս փոքր ձկներին ու ավելի է մեծանում, և այդպես շարունակ: Եվ բռնի միջամտություն է պետք, որպեսզի դա տեղի չունենա:
Դա, օրինակ, երևում է ծրագրային ապահովման շուկայի վրա, ուր պարբերաբար մենատիրություններ են գոյանում. խոշոր ֆիրմաները գնում են սնանկացած փոքրերի մտավոր սեփականությունը, իսկ պետությունը, երբ համառորեն փորձում է վերջ տալ այդ պրոցեսին, դեմ է առնում խոշոր մոնոպոլիստների այն մշտական հակադրությանը (ընդ որում, նաև ներսից` լոբբիի տեսքով), որը հիմնվում է լիբերալիզմի սկզբունքների վրա` թող պետությունն իր քիթը չխոթի այն հարցերի մեջ, որոնք պետք է շուկան կարգավորի:
Բացի այդ, ժամանակակց շոու-բիզնեսը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի անհոգի, պլաստմասսայե արվեստ է ստեղծում մասսայական կուլտուրան` հիմնված շուկայական կանոնների վրա: Եթե նախկինում երաժիշտ ստեղծագործողի կամ ստեղծագործողների խմբի հետ աշխատում էր մեկ պրոդյուսեր, ով պարզապես օգնում էր իրականացնել նրա (նրանց) մտահղացումները, ապա այսօր ամեն ինչ որոշում են պրոդյուսերները, որոնք էլ ձևավորում են ցածրաճաշակ արտադրանքի զոմբի-սպառողների այն հասարակությունը, որի համար աշխատեցնում են հարափոփոխ ու միանման «աստղերի» իրենց չկանգնող հոսքագիծը:
Մեզանում էլ այսօր բացարձակ լիբերալիզմ է, եթե ըստ էության նայելու լինենք - ուղղակի մենք հայավարի կրճատել ենք ճամփան: Այսինքն` ողջ կյանքն է վերածվել ազատ շուկայի. վաճառվում է ամեն ինչ` ընդհուպ մինչև պետական իշխանությունը, մինչև հայրենիքը: Եվ պետք չի զարմանալ, որ այդ պետական իշխանությունը դարձել է մի խումբ օլիգարխների մենատիրությունը: Անհիմն են նաև այն տրտունջները, թե իբր այդ մեծահարուստներն ապօրինի ճանապարհով են ձեռք բերել իրենց միլիարդները… Սիրելիներս, հենց այդպես էլ լինում է կապիտալի նախնական կուտակման ժամանակ, ուրեմն, եթե այդքան սիրում եք կապիտալիզմն ու ազատ շուկան, բարի եղեք հաշտվել նաև դրա հետ:
Այս վիճակի մասին, որը մեզ կարող է ինչ-որ նոր բան թվալ, Մարքսը փայլուն ու խորաթափանց խոսքեր ունի ասած դեռ նախանցած դարում.
«Վերջապես եկել է ժամանակը, երբ այն ամենը, ինչը մարդիկ սովոր էին համարել անօտարելի, վերածվել է փոխանակման և առևտրի առարկայի և դարձել օտարելի: Սա մի ժամանակ է, երբ նույնիսկ այն, ինչ մինչ այդ փոխանցվել է, բայց երբեք չի փոխանակվել, ընծայվել է, բայց երբեք ոչ վաճառվել, ձեռք է բերվել, բայց երբեք ոչ գնվել,- առաքինությունը, սերը, համոզմունքը, գիտելիքը, խիղճը և այլն,- երբ ամեն ինչ, վերջապես, դարձել է առևտրի առարկա: Սա ժամանակն է համընդհանուր կոռուպցիայի, համընդհանուր ծախույության կամ, քաղաքական էկոնոմիայի տերմիններով ասած, մի ժամանակ է, երբ ամեն իր, հոգևոր կամ ֆիզիկական, վերածվելով փոխարժեքի, դուրս է բերվում շուկա, որպեսզի գտնի իր իսկական արժեքին առավելագույնս համապատասխանող գնահատականը»:
Կ. Մարքս, «Փիլիսոփայության աղքատությունը», գլուխ առաջին, § I
Այսօր լիբերալիզմի կամ ազատ շուկայի իրական դեմքը կարող ենք տեսնել` հանձինս իշխանությունը բռնագրաված այն օլիգարխների ասոցիացիայի, որն իսպառ զուրկ է մարդկային որակներից:
21/2 - 2011
լիբերալիզմ,
Հայաստան,
իշխանություն