Մեկ տարուց ավելի է, ինչ livejournal.com տիրույթում ստեղծվել է անմիջական շփման համար նախատեսված դաշտ, այս ընթացքում Ձեր կողմից բարձրացված բոլոր հարցերը և առաջարկությունները ուսումնասիրել և հնարավորինս աշխատել եմ բոլոր հարցերին պատասխանել: Այսօր արդեն կարող եմ ասել, որ համացանցի միջոցով շփումը ոչ միայն հնարավորություն է ընձեռնում անմիջական կապ հաստատել երկրի իշխանության ներկայացուցիչների հետ, այյև այդ կապը տալիս է բոլոր հարցերին արագ և արդյունավետ պատասխանելու հնարավուրություն: Պետք է ասել, որ այն բոլոր հարցերը, որոնք ուղղվել են ինձ` մեր երկրում առկա խնդիրների միայն մի մասն են: Այս մեկ տարվա եկխոսության արդյունքներն ուսումնասիրելով` հանգել եմ հետևյալ եզրակացության`
- Բացի ժողովրդի հետ հանդիպումներից` ԼՂՀ պատասխանատու մի շարք պաշտոնյաներ պետք է համացանցում հնարավորություն ստեղծեն ամենօրյա երկխոսության համար
- Բնակչության մեծ մասի կողմից բարձրացված խնդիրները ապացույց են, որ պետական հատվածի կողմից վարվող քաղաքականության լուսաբանման հարցում մեծ անելիքներ ունենք
- Նման բաց քննարկման դաշտը հնարավորություն է ստեղծում պետական անբարեխիղճ աշխատողների աշխատանքը հասարակական հատվածի կողմից ներկայացնել պետական հատվածի վերին օղակներին:
Այս երեք հիմքերից ելնելով` որոշեցի այս երկխոսության դաշտը տեղափոխել
ԼՂՀ կառավարության պաշտոնական էջ, ինչը նշանակում է, որ ԼՂՀ վարչապետը, անկախ նրա անձից ու կառավարման ոճից, այսուհետ պետք է այս էջի միջոցով անդրադառնա նաև բնակչության առաջարկություններին և պատասխանի նրանց հարցերին` բաց և անմիջական մթնոլորտում, որտեղ բոլորը կարող են տեսնել քաղաքացիներին հուզող հարցերը և նրանց պատասխանները, այդ հարցերի վերաբերյալ հայտնել այդ հարցերի վերաբերյալ իրենց կարծիքներն ու մեկնաբանությունները:
Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր պետություն կարիք ունի ամուր կառուցողական երկխոսության, ինչպես հասարակության ներսում, այնպես էլ իշխանության և հասարակության միջև: Առաջարկում եմ փորձել ամրագրել այդ եկխոսությունը, որից միայն ու միայն կշահի մեր պետությունը:
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ