Սահմանադրական հստակեցումներ

Jun 17, 2010 12:16

Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» գիրքը:
Հիմա կդնեմ մեր Սահմանադրության հոդվածի մեկնաբանությունն ամբողջությամբ:
Նախօրոք ասեմ, որ ընդգծումներն իմն են:
«.... Ուրեմն փառք կարդացածը հասկացողին» (Պ.Ս.):

Հոդված 12
«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերնն է»:
Սահմանադրական մակարդակով հայերենը պետական լեզու ճանաչելն ունի ազգային, քաղաքական եւ սոցիալական նշանակություն: Հայերենը հայ ժողովրդի ազգային կենսակերպի, մտածողության, հոգեբանության եւ, ընդհանրապես, ազգային մշակույթի աղբյուրն է, հիմնական զարկերակը եւ կենսագրության նախապայմանը:
Հանդիսանալով աշխարհի հնագույն լեզուներից մեկը՝ դարերի ընթացքում այն հարստացել եւ բյուրեղացված ձեւով հասել է մեր ժամանակները, հասել է տեղեկատվական եւ հաղորդակցական (կոմունիկացիոն) դարաշրջան, որտեղ դժվար է գերագնահատել լեզվի դերն ու նշանակությունը՝ հասարակական հարաբերությունների կանոնակարգման (օրենսդրության միջոցով) եւ մարդկային համակեցության բնականոն գործառնության համար:
Պետական լեզվի վերաբերյալ դրույթներ ամրագրված են եղել նաեւ Հայկական ԽՍՀ 1937թ. եւ 1978թ. սահմանադրություններում: Ընդ որում, Հայկական ԽՍՀ 1978թ. Սահմանադրության տեքստում դրանք հայտնվել են միայն քաղաքական բնույթի լուրջ հուզումների արդյունքում, քանի որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդին առընթեր հանձնաժողովի կողմից փորձ էր արվել հանել 72-րդ հոդվածում ամրագրված պետական լեզվի վերաբերյալ դրույթը:
Մեկնաբանվող հոդվածը շատ ընդհանուր է: Դրանում չկա «պետական լեզու» հասկացության սահմանումը, չեն հստակեցված պետության պարտավորությունները պետական լեզվի հիմնահարցում: Հոդվածի իմաստից բխում է, որ պետությունն իր վրա վերցնում է պարտավորություն՝ իրականացնել պետական հոգատարություն հայոց լեզվի ըստ ամենայնի զարգացման նկատմամբ եւ ապահովել դրա գործածությունը պետական ու հասարակական մարմիններում, մշակութային, կրթադաստիարակչական եւ այլ կազմակերպություններում ու հիմնարկներում:
Սահմանադրական նոր մի հստակեցումը կատարվում է «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (17 ապրիլի 1993թ.): Նշված օրենքը հանգամանորեն կարգավորում է Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կանոնակարգում է պետական իշխանության եւ կառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեությունը պետական լեզվի կիրառման ոլորտում:
Մասնավորապես, օրենքի 1-ին հոդվածը սահմանում է պետության լեզվական քաղաքականության հիմնական ուղղությունները.
«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը:
Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:
Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը»:
Ինչպես տեսնում ենք, պետական լեզվական քաղաքականության հիմնական ուղղություններից է նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածության ապահովումը եւ դրանց հետագա զարգացման նպաստումն ու խրախուսումը, որը ժողովրդավարական պետության կարեւոր հատկանիշներից է:
Օրենքը նաեւ սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
Ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ հայերենի պարտադիր ուսուցմամբ:
Պաշտոնատար անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին:
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:
Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հաստատությունների լեզվական իրավունքներն ու պարտականությունները:
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպություններն այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակեր պություն ների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են՝
ա) գործավարությունը կատարել հայերեն,
բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում,
հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ մի ջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը,
գ) ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձեւավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձեւաթղթերը, կնիքները ձեւավորում են հայերեն՝ իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:
Պետական լեզվաքաղաքականությունն իրականաց նում են՝ ՀՀ կառավարությունը, Լեզվի պետական տեսչությունը, տեղական ինքնակառավարման մարմինները: Պետական լեզվաքաղաքականության իրականացման խնդրում ներգրավված են նաեւ պետական իշխանության բոլոր մարմինները՝ ճյուղային կառավարման մարմինները, տարածքային կառավարման տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք: Հետեւաբար, բոլորը պատասխանատու են մեր դարավոր լեզվի պահպանության եւ զարգացման համար՝ իրենց վերապահված ոլորտներում եւ իրենց իրավասության շրջանակներում:
Previous post Next post
Up