Նոր ամսագիր է լույս տեսնելու, բայց...

Apr 24, 2010 03:31


‎Չլինե՜ր....

Բայց եղե՛լ է։ Եղե՛լ է ամենը... Հայոց պատմության դաս չէ...

Համաշխարհային, համամարդկային արժեքների մեջ մեր ստեղծածի, մեր տվածի տեսակարար կշիռը շատ ավելի մեծ պիտի լիներ։ «Բարձրորակի» հոմանիշը պիտի լիներ «հայկականը», եթե չլիներ... Համաշխարհային արվեստի ու գրականության մեջ ծագումով հայ երախտավորների քանակն արդեն իսկ բարար է հասկանալու համար, որ մեր տվածի տեսակարար կշիռը շա՜տ ավելի մեծ պիտի լիներ։

Պիտի՛ լիներ, պիտի՛ ունենայինք...

Բայց ունենք այն ինչ ունենք, այնքան, որքան մեզ թույլ են տալիս ողբերգական մեր պատմությունն ու այդ պատմության վերջին սև էջերից մեր ուսերին ծանրացած ձեռքբերովի՛ բարդույթները։ Դրանք շատ ու բազմաբնույթ են, ու մի քանի հսկայածավալ հատորի մեջ կարող են ամփոփվել... Ուղղակի...

Հարկավո՛ր է դասեր քաղել... Հիմա՛։ Այսօր՛։

Բարդույթներից մեկը՝ «համազգային» լալկանությունը, այնքան ենք մեր մեջ խորացրել, որ մեզ թվում է, թե ողջ աշխարհը բանուգործ թողած միայն մեր մասին պիտի մտածի, իսկ մենք ոչ ոքի մասին մտածելու պարտավորություն չունենք (անգամ հենց մեր)։ Սա բնավորության գիծ է դառնում ու մոռանում ենք, որ մենք ինքներս պարտավոր ենք այլոց ցեղասպանությունների մասին առաջինը ահազանգել, բարձրաձայնել։ Դարֆուրի ցեղասպանությանն առաջինը հենց մենք պիտի արձագանքեինք, ու ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնեինք, թե՝ ահա, ցեղասպանություն գործածին անպատիժ թողնելու հետևանքն այսպիսին է։ Ու հիշեցնեինք, որ անպատիժ Թուրքիայի առկայությունը՝ Հիտլերի գլխում օսվենցիմներ ու բուխենվալդներ ծնեց։ Ու պիտի գոռայինք, թե՝ մինչ աշխարհը կշեռքի մի նժարին՝ «շահ ու դաշնակից», իսկ մյուսին, սեփական բարոյականությունը դնելով, Թեմիդա է խաղում՝ իր քթի տակ նոր էնվերացուներ, թալեաթանմանակներ ու հիտլերիկներ են ծնվում... Դա պիտի արվեր հատկապես այն ժամանակ, երբ Սուդանի նախագահ Օմար Հուսեին ալ Բաշիրը Թուրքիա էր ժամանում։

Ոչ մի պետություն էդ տեսակ գազանի առաջ դռները չէր բացել, բացի, իհարկե, Թուրքիայից։ Երևի ավելի հարուստ փորձ ունեցող գաղափարակիցների մոտ էր եկել՝ փորձի փոխանակման...

Բայց ահա զոհի հոգեբանության մնացորդները ստիպում են լռել, վախվորած լռել, թե մենք փոքր ածու ենք՝ պատմահայր Խորենացու ազգային համեստության այս դրսևորումը նույնպես բարդույթի վերածելով։ Մի երկու կցկտուր բլոգային գրառումնեից ու հպանցիկ լրատվությունից բացի՝ ոչինչ չեղավ։ Ոչ ոք չխոսեց...

Գոնե երկրիդ մտավորականությունը պիտի խոսեր, բայց... Ճենաց աշխարիհին՝ Չինաստանին, ույգուրներին ցեղասպանելու մեղադրանք ներկայացրեց մեծագույն ցեղասպանը՝ Թուրքիան... Էրդողանի բերանով.... Ու արեց դա առանց որևէ բարդույթի ու կարմրելու... Հետո էդ նույն Էրդողանը՝ թե՝ խելոք մնացեք, Թուրքիայում հարյուր հազար հայ կա՝ կվռնդեմ, մոռացե՞լ եք, թե մենք դա ոնց ենք անում... Բայց ասում էր՝ էլի անբարդույթ ու առանց կարմրել-ամաչելու...

Պե՛տք էր անցյալի դասերը սերտել...

Պետք է սերտել հիմա՛։ Այսօր՛։ Աստծո ամե՛ն օր։

Իսկ Սուդանի հարավում՝ Դարֆ‎ուրում, բնաջնջվում էր խաղաղ բնակչությունը։ Զանազան աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը հասնում է 200-400 հազարի, իսկ տեղահանվածներինը՝ մոտ երկու միլիոնի։ Էդ տարածքում, ասում են, նավթաշերտ են գտել՝ բավական հարուստ։ Բայց զտումներն ու զանգվածային սպանությունները էթնիկ հողի վրա են կատարվում...

Օմար Հուսեին ալ Բաշիր։ Դարֆուրի պատմության մեջ այս գազանի անունը սևատառ է գրվելու։ Էս «Թալեաթին» իր Թեհլերյանն է սպասում...

Վերջում, երկրորդելով մեծն Թումանյանին, ուզում եմ ներողություն խնդրել կենդանական աշխարհի ներկայացուցիչներից՝ երիտթուրք առաջնորդներին ու ալ Բաշիրին իրենց հետ համեմատելու համար։

Գևորգ Գիլանց
Previous post Next post
Up