Թուրքիայում 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայազգի զինծառայող Շահին Բալըքչըի գործով դատավարության ընթացքում վկաներից մեկը վերահաստատել է, որ կեղծ ցուցմունք է տվել:
Ինչպես տեղեկացնում է CNNTurk-ը, Օդային ուժերի հրամանատարության Դիարբեքիրի երկրորդ ռազմական դատարանում կայացած չորրորդ դատական նիստի ժամանակ սպանության ականատես Հալիլ Էքշին վերահաստատել է, որ սկզբում ինքը սխալ ցուցմունք է տվել` նշելով, թե չի տեսել սպանության պահը:
Էքշին նշել է, որ սպանության պահին ինքը փշալար է գործելիս եղել, երբ կրակոցի ձայն է լսել: Թեքվելով նա տեսել է Քըվանչ Աղաօղլուին, ով զենքը պահել էր արդեն գետնին ընկած Սևակի ուղղությամբ:
Վերջինս նաև դատարանի դահլիճում G-3 հրացանով ցույց է տվել, թե ինչ դիրքով է կրակել Քըվանչը Սևակի վրա:
ՆշեՄ, որ Սևակը, ում մնացել էր ծառայելու 23 օր, սպանվել էր ապրիլի 24-ին Բաթման նահանգում տեղակայված թուրքական զորամասերից մեկում: Թեև պաշտոնական վարկածով նշվում է, թե «նա սպանվել է ծառայակցի կողմից զենքի հետ անփույթ վարվելու համար» սակայն տարբեր փաստեր վկայում են, որ Քըվանչ Աղաօղլուն Քըվանչին սպանությունն իրագործել է կանխամտածված, այն էլ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: