![](http://pics.livejournal.com/gevorgpetrosyan/pic/000hdewf)
Թուրքական լրատվամիջոցները փորձում են հերթական հակահայկական հիսթերիան բարձրացնել: Այս անգամ թուրքական մամուլն անդրադարձել է օրերս «Քարթեփե» անունով ուղևորափոխադրող նավն առևանգած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամ Մենսուր Գյուզելին, ում վերագրել է հայկական ծագում:
Մասնավորապես, թուրքական «Հաբերվաքթիմ» կայքը փորձել է գտնել PKK-ի անդամի ծագումը և հանգել այն եզրակացության, որ «նա հայ է»:
Թուրքական թերթի փոխանցմամբ, Գյուզելների ընտանիքը սերում է Դիարբեքիրի (Աղձնիք նահանգ) Բահեմդան գյուղից, որը մինչ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, բնակեցված է եղել հայերով:
Մենսուր Գյուզելի բարեկամներից մեկի անունը Ուսթույան է, իսկ մյուսինը` Հակոբ:
Նման վերլուծությունից հետո թերթը եկել է այն եզրակացության, որը նավը գրաված երիտասարդն ազգությամբ հայ է:
Նշենք, որ թուրքական մամուլը բազմիցս փորձել է քուրդ ապստամբներին վերագրել հայկական ծագում: 90-ականներին ընդունված էր ասել, որ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայ էր:
Վերջերս նույնպես փորձում են նշել, որ PKK-ականները հայեր են` որպես փաստարկներ բերելով, որ նրանք թլպատված չեն, լուսանկարվում են Մարիամ Աստվածածնի պատկերների առաջ և այլն:
Նշենք, որ Մենսուրը օրերս առևանգել էր 20 հոգուց ավել ուղևորներ տեղափոխող նավը: Դրանից հետո թուրքական հատուկջոկատայինները նավի վրա գործողություն էին իրականացրել` դրա ընթացքում սպանելով երիտասարդին, ով քուրդ ասպիտրանտ էր:
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:
![](http://www.circle.am/service/?sid=7028&bid=247)
![](http://s04.flagcounter.com/count/Sx8/bg=FFFFFF/txt=B5B5B5/border=CCCCCC/columns=3/maxflags=6/viewers=0/labels=0/pageviews=1/)