![](http://pics.livejournal.com/gevorgpetrosyan/pic/000c74b8)
Ինչպես փոխանցում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդներից Մուրաթ Քարայըլանն ապրիլի 24-ին հիշատակի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:
«Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար կոտորածի և աքսորի օր է: 96 տարի առաջ այս օրն սկսված կոտորածի հետևանքով ոչնչացվեց հայ ժողովուրդը:
Տեղի ունեցած սպանդի և բռնագաղթի պատճառով հայ ժողովուրդն այսօր ապրում է աշխարհի չորս ծայրերում: Ցայսօր հայ ժողովուրդը շարունակում է մնալ վտանգի տակ:
Կոտորած, ցեղասպանություն, սպանդ…ինչ անուն էլ տաս այդ երևույթին, մեկ է` այն ենթադրում էր բնաջնջել մի ամբողջ ժողովրդի: Մենք հայ ժողովրդի հետ կիսում ենք այս վիշտը»,-նշել է PKK-ական առաջնորդը:
Վերջինս նաև հավելել է, որ քուրդ ժողովրդի համար ապրիլի 24-ը նույնպես սգո օր է, քանի որ 1974 թվականին սպանվեցին իրաքյան քրդերը:
Հիշեցնեմ, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:
* Առանձ համաձայնության չարտատպել
![](http://www.circle.am/service/?sid=7028&bid=247)
![](http://s04.flagcounter.com/count/Sx8/bg=FFFFFF/txt=B5B5B5/border=CCCCCC/columns=3/maxflags=6/viewers=0/labels=0/pageviews=1/)