Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Գ. Գյուների «Հայոց ցեղասպանութունը շվեդների աչքերով» աշխատությունը:
Գիրքը բաղկացած է ներածությունից և 9 գլուխներից: Գ. Գյուները առանձին գլուխներով անդրադառնում է համիդյան կոտորածներին, երիտթուրքերի վարչակարգի կողմից ծրագրած և իրագործած Հայոց ցեղասպանությանը, քեմալականների կողմից 1919-22թթ. հայ ժողովրդի հանդեպ իրագործած կոտորածներին: Հեղինակը Հայոց ցեղասպանությունը որակում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Աշխատությունն արժեքավոր է նրանով, որ հեղինակը օգտագործել է մեծ թվով շվեդական դիվանագիտական զեկուցագրեր, ականատեսների վկայություններ և մամուլի հրապարակումներ: Իններորդ գլխում Գ. Գյուները ներկայացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ շվեդական պառլամենտական քննարկումները և շվեդ հասարակության դիրքորոշումը այս հարցում:
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Շվեդիայում՝ շվեդերեն լեզվով 2012 թ.:
Գորան Գյուները Շվեդական եկեղեցական հետազոտությունների բաժնի գիտաշխատող և Ուփսալայի համալսարանի պրոֆեսոր է: Նա հեղինակել է շվեդերեն լեզվով կրոնի ազատության և մարդու իրավունքների հարցերին առնչվող մի շարք աշխատություններ: