Jun 01, 2012 03:15
ՀՀ տարածքի «հին» եկեղեցիների սարսափելի աղետալի վիճակի հիմնական պատճառը ոչ թե երկրաշարժերը, սողանքները, սելջուկ թուրքերի կամ այլևայլ ցեղերի արշավանքներն են, այլ հավատացյալները: Ով կքանդի եկեղեցին ավելի լավ, քան մեր տեղական քրիստոնյան: Ինչո՞վ ա տարբերվում 7-րդ դարի քանդակազարդ քարակոթողը քերող, մեր ժամանակներում ապրող հայ քրիստոնյան 10-րդ դարում ապրած, տափաստաններից նոր եկած («ծառերից նոր իջած») ու նոր-նոր մահմեդական դարձած թուրքից, ով տաշում ա հայկական խաչքարի կենտրոնական խաչը՝ տեղում սեփական մոտիվներն ավելացնելու համար: Ընդ որում՝ 20-21-րդ դարի հայը հավատում ա, որ սրբերի պատկերներ իր վրա կրող կոթողից ստացած փոշին բուժիչ ա ու հրաշագործ: Անխոս, լիքը բաներով տարբերվում ա: Ուղղակի թուրքի հետ համեմատվելը հիմա ցավոտ ա:
Հետո, չասեմ՝ ինձ հունից հանում ա, բայց, համենայնդեպս, նյարդայնացնում ա էս կիրառական վերաբերմունքը եկեղեցիների նկատմամբ: Ու մի կողմ, որ ես քրիստոնյա չեմ: Չեմ ասում, թե ՀՀ-ն պիտի լինի «թանգարան բաց երկնքի տակ», քավ լիցի. եթե ինձ մի բան էստեղ հունից կարող ա հանել, ապա միայն էդ արտահայտությունը: Բայց մոմ վառել պետության կողմից պահպանվող հուշարձանի պատերի՞ն: Էս թեման ծամված ա, որքան որ ծամված ա Հաղարծնի վերանորոգման թեման, բայց էդ երկու թեմաների ծամծմվելուց ոչ մի արդյունք հոմ չի եղել: Պատմած կլինեմ մեր գյուղի մատուռի պատմությունը. հորս ասելով՝ գյուղում ունեինք մի հի~ն խաչքար: Տենց, օրերից մի օր մեր գեղացի մեկը երազ ա տեսնում, երազին տո լի Մարիամն ա գալիս, տո լի Հովհաննես Մկրտիչը, ու չեմ հիշում արդեն՝ ինչ ասում: Էս մեր գեղացին վեր ա կենում մյուս օրը ու հասկանում, որ պիտի մատուռ կանգնեցնի: Բերում էս հին խաչքարը բոլոր կողմերից բետոնում ա, առնում դա պատի մեջ ու մի հատ բուդկայատիպ աստծո տուն շինում: Հիմա էս մարդուն ինչ բացատրես էլ:
Ու քանի մեզ մոտ գետափնյա սիրուն տարածքները կեղտոտ «քեֆատեղ» են, պատմամշակութային հուշարձաններն էլ մոմոտ «ուխտատեղիներ» կլինեն: