«Կյանքի խոսք»-ը գրոհում է Էջմիածնի դպրոցները Խմբ. Emedia.am շարունակում է անդրադառնալ քայքայիչ աղանդների գործունէութեանը Հայաստանում: Մինչդեռ պետութիւնը ձեւացնում է, որ առանձնապէս ոչ մի վտանգաւոր բան տեղի չի ունենում, աղանդաւորները շարունակում են սղոսկել տարբեր կառոյցներ եւ այնտեղ տարածել իրենց զանազան պաշտամունքները:
Այժմ էլ ահազանգում են Հայաստանի հոգեւոր կենտրոն` Էջմիածնից:
Աղանդները ազատօրէն գործում են Հայաստանի եւ հայութեան հոգեւոր կենտրոնում եւ, ըստ հոգեւորականի` գողանում մեր զաւակներին: Վերջին օրերին Էջմիածնի դպրոցների եւ կրթական այլ հաստատութիւնների պատերին գայթակղիչ յայտարարութիւններ են յայտնուել, ուր նաեւ շարադրութիւնների մրցոյթի մասնակցելու հրաւէր կայ: Յայտարարութեան հեղինակը իրեն ԱՀՔ «Միաբանութիւն» եկեղեցի անուանող կազմակերպութիւնը կամ շարժումն է եւ յայտարարութեամբ հաւաստիացնում է, որ մրցոյթն անցկացւում է «Հայաստանը Քրիստոսի համար» ծրագրի շրջանակներում: Գայթակղիչն այստեղ դրամապարգեւն է, որը «Միաբանութիւն» եկեղեցու յետնորդները խոստանում են յաղթողներին:
Ըստ յայտարարութեան` 70.000 դրամ կը շահի առաջին, 45.000 դրամ` երկրորդ, եւ 25.000 դրամ` երրորդ մրցանակի արժանացածը: Գումարից բացի, յայտարարութեան հեղինակները յաղթողներին նաեւ քրիստոնէական հոգեւոր գրականութիւն են խոստանում: Իսկ շարադրութիւնների թեմաները երեքն են. «Ինչո՞ւ եմ հաւատում Աստծուն», «Ինչո՞ւ չեմ հաւատում Աստծուն», «Հաւատում եմ Աստծուն, բայց...»:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոն ահազանգած որոշ ուսուցիչներ նոյնիսկ տեսել են, թէ ինչպէս են ԱՀՔ «Միաբանութիւն» եկեղեցու ներկայացուցիչները «պաշարում» դպրոցները, հերթապահում դպրոցամերձ տարածքներում` վերոյիշեալ բովանդակութեամբ թռուցիկները երեխաներին բաժանելու համար: «Նրանց նպատակն է իրենց ցանցը գցել հէնց մատաղ սերնդին, ում` իրենց հաւատքի մէջ դեռեւս լիովին չձեւաւորուած լինելն ինչ-որ իմաստով խոցելի է դարձնում: Զարմուհիս էլ էր գայթակղուել, բայց, երբ յայտարարութեան տեքստն ամբողջութեամբ կարդացինք ու հասկացանք, որ գործ ունենք աղանդի հետ, երեխան ետ կանգնեց մրցոյթին մասնակցելու որոշումից»,- ասաց Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի պատասխանատու Գիւլզար Գրիգորեանը: Կենտրոնում հակուած են ԱՀՔ «Միաբանութեան» քայլերը հոգէորսութիւն որակել:
Գիւլզար Գրիգորեանի կարծիքով` շարադրութիւնների թեմաներն ընտրելիս հոգէորսները շեշտը դրել են յատկապէս երրորդ տարբերակի վրա. «Ի՞նչ է նշանակում` հաւատում եմ Աստծուն, բայց... Ես վստահ եմ, որ նրանք ընտրելու են հէնց այս տարբերակին նախապատուութիւն տուած երեխաներին, քանի որ նրանց մէջ չկողմնորոշուած ինչ-որ բան են տեսնելու ու հէնց դրա վրա էլ աշխատելու են: Հէնց դա էլ դառնալու է այն խայծը, որի վրա յենուելու են»: Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Վարդան աբեղա Նաւասարդեանն էլ ասաց, որ ահազանգն ստանալուն պէս, իրենք խմբեր են կազմել եւ այցելել քաղաքի ուսումնական հաստատութիւններ, շրջայցեր կատարել բազմամարդ վայրերում. «Խնդիրն այն է, որ նրանք արդէն մուտք են գործել հոգեւոր քաղաք: Նոյնիսկ այնքան լաւ են տեղեկացուած քաղաքի կեանքին, որ յայտնւում են յատկապէս այն ժամանակ, երբ որեւէ միջոցառում կայ ու փողոցները բազմամարդ են: Օրինակ, նախապէս իմանալով, որ Էջմիածնի տօնի օրը դպրոցականների քայլերթ է նախատեսւում, յայտնուել էին յատկապէս այդ խմբերի հետ աշխատանք տանելու նպատակով: Նրանք գողանում են մեր զաւակներին»:
Առաքելական եկեղեցու սպասաւորները տօնակատարութեան ժամանակ բազմութեան մէջ գտել եւ կանխել են հոգէորսների ապօրինի գործունէութիւնը, որոնք «գառան մորթու տակ գայլութիւն էին անում»` թռուցիկներ տարածելով: «Ես նոյնիսկ նրանց ճանապարհեցի մինչեւ իրենց մեքենան ու ասացի, որ այստեղ անելու ոչինչ չունեն»,- ասաց աբեղա Նաւասարդեանը: Հոգեւորականի փոխանցմամբ` իրենք ուսումնասիրել եւ պարզել են, որ ԱՀՔ «Միաբանութիւն» եկեղեցին, որի էլեկտրոնային հասցէում «Էմանուէլ» անունը կայ, սերուած է «Կեանքի խօսք» աղանդից. «Նրանց բացատրեցի, որ իրենք կրթական ոլորտ են մտել օրէնք խախտելով: Ասացի` եթէ ուսումնական հաստատութիւններում կրօնական թեմայով որեւէ մրցոյթ է կազմակերպւում, ապա դա պէտք է արտօնուած լինի եւ՛ Մայր աթոռի, եւ՛ ԿԳ նախարարութեան կողմից: Անգամ, եթէ մենք էլ ենք դպրոցներում մրցոյթներ կազմակերպում, անպայման համաձայնեցնում ենք նախարարութեան հետ: Այսինքն` համագործակցում ենք պետութեան հետ: Բայց իրենք կրթական համակարգ էին մտել անօրէն: Դա էլ հէնց պատճառ հանդիսացաւ, որ կասեցնենք նրանց գործունէութիւնը»:
Նկատենք, որ կասեցում ասուածը խիստ յարաբերական է, որովհետեւ չկա որեւէ երաշխիք, որ ինչ-որ մի դպրոցում կամ դրան մերձ տարածքում հոգէորսներն իրենց սեւ գործն այս պահին էլ չեն անում: Հոգեւորականը նկատեց, որ իրենց ուժերը բաւարար չեն հոգէորսների վտանգաւոր գործունէութիւնը մէկընդմիշտ կանխելու համար: «Մենք որքան էլ աշխատանք իրականացնենք կրթական ու նախակրթական հաստատութիւնների մօտ, արդիւնք չի տայ, մինչեւ որ պետական լծակները գործի չդրուեն: Ես տեսա, թէ ինչպէս էր այդ աղանդին հարող կինը մէկ ուրիշ կնոջ ասում, որ եթէ չհետեւի իրենց` Աստծոյ արքայութիւն չի գնայ: Սա արդէն խօսում է հոգեբանական ճնշման մասին, երբ հաւատում կամ պաշտում են ոչ թէ գիտակցաբար, այլ` վախից դրդուած»,- եզրափակեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէնը: Եւ որպէսզի աղանդների դէմ պայքարն արդիւնաւէտ լինի, Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնը գրութեամբ դիմելու է ազգային անվտանգութեան եւ իրաւապահ մարմիններին:
![](http://pomidor.blox.ua/resource/55134_thumb.jpg)
Հ. Գ. Նիւթն արդէն պատրաստ էր տպագրութեան, երբ էլեկտրոնային նամակ ստացանք Էջմիածնի ուսուցիչներից, ովքեր բողոքում էին ԱՀՔ «Միաբանութեան» դէմ, նրանց գործունէութիւնը որակում ազգի միասնութիւնը խարխլող եւ պահանջում պատժել նրանց: Նկարում ուսուցիչներից ստացուած նամակն է:
Մարիամ Արսենեան
Աղբիւր`
http://ter-hambardzum.do.am/news/kyanqi_xosqy_39_miabanowt_39_yan_tesqov/2011-06-15-182