Որտե՞ղ է ճշմարտութիւնը...

Jun 11, 2011 15:08

ԱՄՍՏԵՐԴԱՄԵԱՆ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ, ԹԷ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՓՈԽԱՐԷՆ ՕԼԻԳԱՐԽԻԿ ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ


Երեւանի կենդանաբանական այգում շարունակւում են ամստերդամեան բժշկութեան եւ խորհրդատւութեան, ինչպէս նաեւ Ամստերդամում վերապատրաստուած բժիշկների աշխատանքների արդիւքների դրսեւորումները:

Ս. թ. մայիսի 28-29-ին Երեւանի կենդանաբանական այգու տնօրէնի` Ռուբեն Խաչատրեանի, բանաւոր կարգադրութեամբ այգուց անյայտ ուղղութեամբ տեղափոխուել են Ռուսաստանի Դաշնութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր նախկին դեսպան Արմէն Սմբատեանի կողմից այգուն նուիրաբերած երկու սեւաթոյր կարապները, որոնք բերուել էին Ռուսաստանի Դաշնութիւնից: Նշեալ կարապները «էրեբունի-Երեւան» տօնախմբութեան սիմւոլներն էին եւ ամէն տարի ամառային-աշնանային եղանակներին Երեւանի Քաղաքապետի համապատասխան յանձնարարականով նրանք տեղափոխւում էին Կարապի լիճ, եւ մայրաքաղաքի բնակիչներին հաճելի ժամանց էին պարգեւում:

Երեկ յայտնի է դարձել, որ երկու կարապները սատկել են: Նրանց դիերը Կենդանաբանական այգի չեն վերադարձուել, այլ տեղափոխուել են ինչ որ լաբորատորիա (լաբորատորայի անունը դեռեւս յայտնի չէ) մահուան պատճառները հետազօտելու համար:

Թերեւս այս տեղեկատւութիւնը կարող է ուղղակի չհամապատասխանել իրականութեանը եւ թռչունները վերադարձուեն այգի, ինչը պայմանաւորուած կը լինի նման ապատեղեկատւութեան դիտաւորեալ շրջանառութեանբ եւ արձագանքների մոնիտորինգով: Վերջինիս «դրական» արդիւնքների դէպքում համապատասխան փաստաթղթերով կը կազմակերպուեն թռչունների «դուրս գրման» եւ գումարների իւրացման փաստաթղթերը:

Սակայն մի բան փաստ է, որ երկու սեւաթոյր կարապները մինչ այսօր չեն վերադարձուել Կենդանաբանական այգի եւ չեն լողում Կարապի լճում: Անհրաժեշտ է որպէսզի Դատախազութեան ուշադրութիւնը հրաւիրել այս փաստի վրա եւ պարզել իրողութիւնը:

Գորշ ամպեր են կուտակուել Պերուական ուղտայծերի գլխին: Վերջին օրերի ընթացքում անյայտ պատճառով սատկել են Պերուական ուղտայծերի երկու ձագուկները եւ արուն: Միւս էգը վիժել է եւ գտնւում է բաւական ծանր առողջական վիճակում եւ նրա կեանքին նոյնպէս վտանգ է սպառնում: Ենոտական շնիկների նորածին ձագուկներին վարժեցնելու նպատակով, մօր կաթից կտրել եւ տեղափոխել են տնային պայմաններ, ինչի արդիւնքում ձագուկները սատկել են:

Մենք` մայրաքաղաքի բնակիչներս, դեռ շարունակելու են քաղել այս «ամստերդամեան» դասերի եւ «եւրոպական արժէքների» դառը պտուղները, որոնք տրամաբանական եւ կանխատեսելի զարգացում ունեն` կենդանիների ոչնչացում, լաւագոյն դէպքում վերադարձ դէպի բնութիւն եւ վերջապէս 34 հեկտարանոց «Օլիգարխիկ համալիրի կառուցապատման» ծրագրի իրականացում:

ՄԱՈՒԳԼԻ

Պատասխան

Կենդանաբանական այգու տնօրէն Ռուբեն Խաչատրեանը նշել է, որ նամակում ներկայացուող տեղեկատուութիւնը հիմնականում չի համապատասխանում իրականութեանը, իսկ աւելի յստակ եւ մասնագիտական մեկնաբանութեան համար առաջարկել է զրուցել անասնաբոյժ  Անուշ Ռաֆայէլեանի հետ:

Ու թէեւ կենդանաբանական այգին գլխաւոր անասնաբոյժ ունի, սակայն այգու նոր տնօրէն նշանակելուց յետոյ չի գալիս աշխատանքի, քանի որ նախկին տնօրէն Սահակ Աբովեանի բարեկամուհին է:

Անուշ Ռաֆայէլեանը չորս տարի է կենդանաբանական այգում պարբերաբար անասնաբուժական աշխատանքներ է իրականացրել: Սեւ կարապների ճակատագրից տեղեակ չէ, բայց նշել է, որ պերուական ուղտայծը յետծննդեան բորբոքային խնդիրներ ունի, վաղը նրա բուժումը կ'աւարտուի, քանի որ կենդանին լիովին լաւ է զգում. «Կենդանին ծանր վիճակում չէ, շուտ ծնութիւն է տեղի ունեցել (վիժել է), ինչը հետեւանք է այն բանի, որ այգում նորմալ միջոցառումներ չեն իրականացուել, ճիճուաթափութիւն եւ բաւականանին այլ խնդիրներ են կուտակուած եղել, որի հետեւանքով մեզ մօտ սկսել են թերի զարգացած ձագէր ծնուել», ասել է անասնաբոյժը:

Ինչ վերաբերում է ենոտական շնիկին, ապա, ըստ անասնաբոյժի, երբեւէ շնիկի ձագը մեզ մօտ չի ապրել, ընդամէնը մէկ անգամ շատ վաղուց, միշտ ձագերը միշտ ծնուել, սատկել են, սկսել ենք այս անգամ արհեստական պահել, բայց քսան օր յետոյ էլի սատկել են, չեն զարգացել:

Անուշ Ռաֆայէլեանը նաեւ նշել է, որ կենդանաբանական այգում դէպի լաւը բաւականին միտում կայ, որովհետեւ ներկայում դեղորայքով ապահովուած են, մի քիչ պայմանների խնդիրներ կան, ինչը յետագայում կը շտկուի:

Բայց վերջը չհասկացայ. «Որտե՞ղ են սեւ կարապները»

Վերջաբան (Շնորհակալութիւն matterwaves )

Կենդանաբանական այգու երկու սեւաթոյր կարապները սատկել են: Tert.am-ի հետ զրոյցում այս լուրը հաստատեց Երեւանի կենդանաբանական այգու տնօրէն Ռուբեն Խաչատրեանը: Յիշեցնենք` կարապների սատկելու մասին տեղեկութիւնը armenology.livejournal.com-ում հրապարակել էր «Մաուգլի» ներկայացած հեղինակը:

«Այդ հրապարակմանը ծանօթ եմ, այդտեղ բաւականին խեղաթիւրուած ինֆորմացիա է: Իրականութեանը համապատասխանում է միայն այն, որ երկու սեւաթոյր կարապները սատկել են»,- ասաց տնօրէնը` պատմելով այդ դէպքի նախապատմութիւնը: Խաչատրեանի խօսքով` օրինական պայմանագրով ինքը մօտ 3 շաբաթ առաջ երկու կարապներին տուել է Պարզ լճի մօտ գտնուող կառոյցին` ժամանակաւոր պահպանման համար: «Պայմանագրով կարապները նրանց մօտ պէտք է լինէին մինչեւ այս տարուա նոյեմբեր ամիսը, սակայն դրանից չանցած մէկ շաբաթ կարապները սատկել են ինչ-որ վիրուսից, որի անունը պարզ չէ: Մենք չունենք այդ լաբորատոր հնարաւորութիւնները` պարզելու հիւանդութեան անուանումը», նշեց տնօրէնը:


Վարագոյրը, խնդրում եմ...

sos, գազանանոց

Previous post Next post
Up