Պ-ն Սիմոնեան, այս թեմաների շուրջ ես հրապարակաւ եմ խօսել, ուստի նոյն ձեւով էլ պատասխանում եմ Ձեր, ինծի ուղղուած, անձնական նամակին։
Նախ` ես նկատեցի, որ Դուք ցավով եք նշում, որ մեր խումբը Իսրայելում գտնվելու ընթացքում չի այցելել Հայ Առաքելական եկեղեցիներ: Եթե իրականում դա այդպես լիներ, ես պատրաստ կլինեի ներողություն խնդրել Ձեզանից նման պահվածքով Ձեզ վրդովեցնելու համար: Սակայն կարծում եմ` թյուրըմբռնման պատճառն այն է, որ միգուցե Ձեզ ճիշտ չեն տեղեկացրել այդ մասին: Իսրայելում մենք այցելել ենք երկու Առաքելական եկեղեցի, մեկը` Երուսաղեմում, մյուսը` Բեթղեհեմում, որտեղ մեր խմբին ընդունեցին Առաքելական եկեղեցու քահանաները եւ շատ բարեհամբույր ճանապարհեցին:
Ես լրագրող չեմ, որ տեղեկութիւն հաւաքեմ ապա խօսեմ. Եթէ Դուք Ձեր խմբի հետ այցելած լինէիք Երուսաղէմի Սուրբ Յակոբ Մայր Եկեղեցին ինչպէս նաեւ Սուրբ Հրեշտակապետաց Վանքը, որի տեսուչն եմ ես, մենք անկասկած հանդիպած կը լինէինք, սակայն Դուք որպէս «տեսարժան վայր» նոյնիսկ չէք այցելած...
...մենք առավել ձգտում ենք սիրո եւ հարգանքի մթնոլորտում միմյանց հետ հաղորդակցություն ունենալուն:
Եթէ Դուք ձգտում էք ինչպէս Դուք էք ասում. «սիրոյ եւ յարգանքի մթնոլորտում» հաղորդակցութիւն ունենալ Հայ Առաքելական Եկեղեցւոյ սպասաւորների հետ, ապա նուազագոյնը կ՚ողջունէիք ինձ Ձեր հաւատացեալ ուխտաւորների հետ 2010 ի Սեպտեմբերին Թէլ Աւիւի օդակայանում, մանաւանդ, որ ես ճամբորդում եմ Հայ Առաքելական Եկեղեցւոյ հոգեւորականի սքեմով։ Կարող էիք նաեւ առիթը չփախցնել օդանաւում։
Եվ նույնիսկ բոլոր այն դեպքերում, երբ մեզ մոտ են եկել դառնությամբ լցված մարդիկ, ովքեր քահանաների դեմ են խոսել, մենք հանգստացրել ենք նրանց, մարել ենք այդ կրակը եւ սերմանել ենք սեր:
Այո Դուք մի ցուցէ հանգստացրել էք «դառնութեամբ լցուած» մարդկանց, սակայն իրենց չէք վերադարձրել իսկական արմատներին՝ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԳԻՐԿԸ։ Սա շատ է նման «դառնութեամբ լցուած» տնից փախած երեխային, որին գտել են, հանգստացրել բայց ծնողներին չեն վերադարձրել։
Ուրախ եմ, որ վերջապէս Դուք հասկացաք, որ Ձեր վարդապետութիւնը ճշմարտութիւնից հեռացած է, որովհետեւ իմ լուսաբանութիւնները Ձեր դաւանութեան մասին Դուք ընդունեցիք որպէս հեղինակային իրաւունքների խախտում։
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ,
Ղեւոնդ Վարդապետ Յովհաննիսեան
Երուսաղէմ, 30/12/2011
Видео: Армяне не губите свои души - заключение
http://video.yandex.ru/users/ghevond-vrd/view/13/?ncrnd=2822 You can watch this video on www.livejournal.com
Հարգելի Ղեւոնդ վարդապետ
Ձեզ է գրում «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանը: Հետեւելով մամուլի հրապարակումներին` անհրաժեշտ համարեցի մի քանի հարցերի շուրջ պարզաբանում տալ Ձեզ:
Նախ` ես նկատեցի, որ Դուք ցավով եք նշում, որ մեր խումբը Իսրայելում գտնվելու ընթացքում չի այցելել Հայ Առաքելական եկեղեցիներ: Եթե իրականում դա այդպես լիներ, ես պատրաստ կլինեի ներողություն խնդրել Ձեզանից նման պահվածքով Ձեզ վրդովեցնելու համար: Սակայն կարծում եմ` թյուրըմբռնման պատճառն այն է, որ միգուցե Ձեզ ճիշտ չեն տեղեկացրել այդ մասին: Իսրայելում մենք այցելել ենք երկու Առաքելական եկեղեցի, մեկը` Երուսաղեմում, մյուսը` Բեթղեհեմում, որտեղ մեր խմբին ընդունեցին Առաքելական եկեղեցու քահանաները եւ շատ բարեհամբույր ճանապարհեցին: Մեզ համար շատ ոգեւորիչ էր Ավետյաց երկրում տեսնել հայկական եկեղեցիներ, ականատես լինել հայերի ներկայությանն այնտեղ, ինչպես նաեւ հաճելի էր հանդիպել Առաքելական եկեղեցու սպասավորներին:
Ինչպես եւ Դուք նկատել էիք, այո´, մենք եղել էինք նաեւ Լացի պատի մոտ, բայց վստահ եմ, որ Սուրբ երկիր այցելող բոլոր մարդկանց համար դա տեսարժան վայր է, ուստի այն ընդգրկված էր նաեւ մեր զբոսաշրջային ծրագրի մեջ:
Հայր Սուրբ, ես ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ մենք ո´չ Ձեզ, ո´չ էլ Հայ Առաքելական եկեղեցու մյուս սպասավորներին բնավ թշնամի կամ հակառակորդ չենք: Ընդհակառակը, որպես Քրիստոսում եղբայրներ` մենք առավել ձգտում ենք սիրո եւ հարգանքի մթնոլորտում միմյանց հետ հաղորդակցություն ունենալուն: Ինչ էլ գրեն մամուլում մեր մասին կամ ինչ էլ ասեն, միեւնույն է, սերը եւ միաբանությունն է մեր սրտի անկեղծ մղումը, եւ ամենակարեւոր հարցերում ու ամենադժվար իրավիճակներում մենք մեր համեստ չափով նպաստելու ենք Հայ Առաքելական եկեղեցու`մեր երկրում քրիստոնեական արժեքների պահպանության գործին:
Մենք ունենք սկզբունք` երբեք չխոսել եւ չարտահայտվել Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների դեմ: Ընդհակառակը, մենք նշում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Աստծո եկեղեցի է, նաեւ պատմական եկեղեցի է, եւ մենք հարգանքով եւ պատվով պետք է վերաբերվենք նրա հանդեպ: Եվ նույնիսկ բոլոր այն դեպքերում, երբ մեզ մոտ են եկել դառնությամբ լցված մարդիկ, ովքեր քահանաների դեմ են խոսել, մենք հանգստացրել ենք նրանց, մարել ենք այդ կրակը եւ սերմանել ենք սեր:
Միգուցե մամուլում, ինտերնետում կամ շուրթից-շուրթ մեր մասին սխալ եւ աղավաղված տեղեկություններ են տարածվում, բայց մենք կցանկանայինք, որ Դուք այդ ամենի մասին իմանայիք մեզանից: Եթե կան կամ ապագայում կլինեն չպարզաբանված հարցեր, մենք պատրաստ ենք բոլոր այդ հարցերի վերաբերյալ տալ մեր պարզաբանումը: Իսկ եթե ակամայից մենք ինչ-որ սխալ ենք թույլ տվել Ձեր հանդեպ, խնդրում եմ` ներեք մեզ:
Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ մաղթել Աստծո լիառատ օրհնությունները: Թող Աստծո պահպանությունը Ձեզ հետ լինի:
Սիրով եւ հարգանքով` Արթուր Սիմոնյան