«Այո»-ի և «Ոչ»-ի միջև

Jul 25, 2014 01:05




Ես «Այո»-ի և «Ոչ»-ի միջև եղած անդունդի եզրին եմ։ Քո «Ոչ»-ից ես գնում եմ դեպի իմ «Այո»-ն մի բարակ թոկի վրայով, որ հյուսված է ցանկությունից, վախից ու սիրուց։

Թոկը դողում ու ճոճվում է, իսկ ներքևում Մենակության անհատակ անդունդն է, և «Այո»-ն, որ հրապուրելու չափ մոտ էր թվում, հիմա անմատչելի է։ Բայց ես գնում եմ՝ հավասարակշռելով ինձ Հպարտություն-ձողով։ Եվ հին, բարի վալսը՝ Հույսը, որ միշտ հնչում է դժվար համարների կատարման ժամանակ, ինձ ուժ է տալիս։

Ես քայլում եմ, ջանում եմ չնայել ներքև և չմտածել, որ հանկարծ, մինչ ես գալիս եմ դեպի քո «Այո»-ն, ինչ-որ մեկն արդեն բարձրացել է քեզ մոտ՝ դրա համար հենելով Բարեկեցության սանդուղքը։

Ավելի ու ավելի դժվար է։ Հուսահատության քամին տատանում է ինձ, և հենց անտանելի է դառնում, դու, միանգամայն անսպասելի, ինքդ ես ձգվում դեպի ինձ։ Ես գցում եմ ծանր ձողը։ Դու գրկում ես ինձ, ու մենք ընկնում ենք կամ ճախրում ենք (ի՞նչ տարբերություն) դեպի պայծառ աստղերից մեկը, որ, օգոստոսի գիշերային անեզրության մեջ վառված, մեզ են սպասում։

-Սիրելի՛ս,- ասում ես՝ մազերս շոյելով,-արժե՞ր այդպիսի վտանգի ենթարկվել. կարող էիր ընկնել սարսափելի Մենակության մեջ։ Ա՛յ դմբո, ինչո՞ւ էիր այդպես անում։
-Բայց չէ՞ որ դու սկզբում ասացիր՝ «Ոչ»։ Եվ ես ստիպված էի մահացու փորձության գնալ։
-Մի՞թե ասել եմ,- զարմանում ես,- ինչ-որ չեմ հիշում։

Լեոնիդ Ենգիբարյան

Լեոնիդ Ենգիբարյան, տխրություն, love, жизнь, любовь, armenia, սեր, կյանք

Previous post Next post
Up