Լավ քաղաք էր Վաշինգտոնը։ Համենայնդեպս, ԱՄՆ-ում իմ եղած մի քանի խոշոր քաղաքներից ամենաշատը Վաշինգտոնը հավանեցի։ Առաջինը, որ նկատեցի, երկնաքերների կատարյալ բացակայությունն էր, ու դա հենց սկզբից գրանցեցի որպես մեծ առավելություն, քանի որ տանել չեմ կարողանում երկնաքերներ, ու Նյու Յորքը (Նյու Յորք ասելով՝ հասկանում ենք նախ և առաջ Մանհեթըն) չսիրելուս հիմնական պատճառներից մեկը երկնաքերների առատությունն է։ Լավ է, որ ժամանակին ԱՄՆ-ի Կոնգրեսն օրենք է ընդունել, որն արգելում էր Վաշինգտոնում Կապիտոլիումից բարձր շինությունների կառուցումը։ Այդ օրենքը, կարելի է ասել, փրկել է քաղաքը ճնշող երկնաքերների մեջ թաղվելու տխուր հեռանկարից, ի տարբերություն ԱՄՆ-ի մյուս բոլոր խոշոր քաղաքների։ Ճիշտ է, սույն օրենքը հետագայում փոխարինվել է մեկ այլ օրենքով, որի համաձայն ոչ մի նոր կառույց չպետք է ավելի բարձր լինի, քան իր դիմաց գտնվող փողոցի լայնությունից 20 ֆուտ բարձր։
Բացի դրանից, որքան նկատեցի, քաղաքի շենքերը հիմնականում սպիտակ, սպիտակավուն ու ընդհանրապես բաց երանգների էին, ինչն էլ իր հերթին էր նպաստում ընդհանուր հանգստության զգացողությունը։
Չգիտեմ ինչու, ինձ համար Վաշինգտոնի նույնիսկ անունը միշտ ասոցիացվել է էնպիսի տեղի հետ, որից մի տեսակ սառնություն ու պաշտոնականություն է փչում։ Զարմացա՝ հայտնաբերելով, որ բոլորովին էլ էդպես չի, կամ գոնե ինձ էդպես չթվաց, չգիտեմ։ Դեռ մի բան էլ հակառակը։ Ճիշտ է, ամբողջ քաղաքը ոտքի տակ տալու հնարավորություն չունեցանք, քանի որ մի քանի օրով էինք գնացել (ամուսինս էնտեղ կոնֆերանսի էր), բայց հասցրինք լինել քաղաքի և՛ կենտրոնական մասերում, և՛ ծայրամասերից մեկում։ Այն, որ ԱՄՆ-ի տարբեր մասերում մարդիկ քիչ թե շատ տարբեր են, վաղուց էի նկատել։ Վաշինգտոնում բոլորը մի տեսակ հանգիստ, ուրախ ու բարեհամբույր էին։ Ու ընդհանուր առմամբ էլ քաղաքում, չնայած մարդաշատությանն ու ընդհանուր աշխուժությանը, մի տեսակ հանգստության մթնոլորտ զգացի, ինչը ոչ մի դեպքում չես ասի Նյու Յորքի մասին։
Բացի դրանից, Վաշինգտոնում կյանքումս առաջին անգամ նորմալ անգլերեն խոսող ու հասկացող չինացի մատուցողուհի տեսա։ :D Պատկերացրեք, ԱՄՆ-ում դա իսկապես խիստ բացառիկ երևույթ է, ցավոք։ Ի դեպ, նոր մտքովս անցավ. կարո՞ղ է դրա համար էր էդ սնվելավայրը վերջին տարիներին մի քանի անգամ Վաշինգտոնի լավագույն չինական սնվելավայր ճանաչվել։ :D Ինչ-որ չգիտեմ ինչ բարձրակարգ տեղ էլ չէր. նման տեղերում չինացի մատուցողները, որպես կանոն, ոչ իրենք են քո ասածը նորմալ հասկանում, ոչ էլ դու՝ իրենցը։ Աստված էդ թոթովանքը անգլերեն համարի... Ու դրա համար երբ ինչ-որ բան էինք ասում մատուցողուհուն, ու վերջինս միանգամից հասկանում ու նորմալ պատասխանում էր մեզ, ամեն անգամ հաճելիորեն անակնկալի էի գալիս։ :D
Վաշինգտոնում վերջին ժամանակները ահավոր առատ ձյուն էր եկել։ Կարելի է ասել, քաղաքն ամբողջությամբ մնացել էր ձյան տակ։ Մի քանի օր մարդիկ չէին կարողանում տներից դուրս գալ, ճանապարհները փակ էին և այլն։ Մի հատ էլ վիդեո էինք տեսել, որում մարդիկ մի կերպ փորում-հանում էին ձյան տակ թաղված իրենց մեքենաները, իսկ մինչև փորելը դժվար էր նույնիսկ գլխի ընկնել, որ տակը մեքենա կա։ Դա մեր գնալուց մի քանի օր առաջ էր։ Մենք որ գնացինք, ճիշտ է, ձյունն էլի ահագին էր, արտասովոր առատ, բայց արտակարգ իրավիճակն արդեն հետևում էր։ Միակ խնդիրը մայթի ու փողոցի արանքում կուտակված ձնաբլուրներն էին, որոնց մեջից փոքրիկ ուղիներ էին բացված դեպի փողոցը, բայց երբեմն էնքան փոքրիկ էին, որ ստիպված էիր լինում ակրոբատիկ շարժումներով մասամբ մագլցել ձնաբլուրների վրա, որպեսզի հասնես փողոցին։ Մի քանի անգամ առիթ ունեցա նաև ձյան տակ թաղված ու դեռևս չհանած մեքենաներ տեսնել.
Մի անգամ էլ պիկ ժամին մետրոյով երթևեկելու առիթ ունեցանք... Ճիշտն ասած՝ մետրոյի վագոնները հիշեցնում էին Հայաստանի մի ժամանակվա ճխտած-բտած ավտոբուսները։ ԱՄՆ-ում դեռ էդպիսի բան չէի տեսել։ Նույնիսկ կանգնելու տեղ չկար։
Իսկ հետ գալիս, երբ պիտի արդեն Նյու Յորք մեկնող ավտոբուսը նստեինք, ավտոբուսի դուռը հազիվ բացեցին, որ մտնենք ներս. դիմացի ձնաբլուրը թույլ չէր տալիս, որ դուռը նորմալ բացվի։ Վերջը բացեցին, բայց պարզվեց՝ ավտոբուսին դիմացից մոտեցածները, որոնք, ի դեպ, ճնշող մեծամասնություն էին կազմում, պիտի պտտվեին, գնային, մյուս կողմից մտնեին, քանի որ խոչընդոտող ձնաբլուրի վրայով մագլցելը հեշտ բան չէր։ :D