Շնորհավոր Նոր տարի, մի քիչ էլ հայացք դեպի անցյալ...

Jan 03, 2010 21:33

Էս տարվա առաջին գրառումս է...
Շնորհավոր բոլորի Նոր տարին։ Թող հաջող, դրական լիցքերով հագեցած ու բեղմնավոր տարի լինի բոլորիս համար։ :)

Էս տարի երջանկություն ունեցանք ամուսնուս հետ Նոր տարին դիմավորել մերոնց տանը՝ ընտանիքիս հետ՝ ջերմ ու աշխույժ մթնոլորտում, որից ավելի քան երկու տարի զրկված էի եղել։ Ահավոր կարոտել էի էդ թոհուբոհը, մարդաշատությունը, նույնիսկ ամանորյա սեղանի պատրաստումը չհասցնելու իրարանցման պահերը, որից միշտ նյարդայնանում ենք, իրար մեղադրում ժամանակը սխալ կազմակերպելու, անիմաստ վատնելու համար։ Էդ ամեն ինչն էնքան հարազատ ու հավես էր, որ նույնիսկ եթե արտաքուստ ցույց չէի տալիս, մեկ է, ամեն ինչից էլ իրականում հաճույք էի ստանում։

Էս օրերին հիշեցի նաև մեր հին ու չքավոր օրերը... Հիշեցի, թե ինչ գնով էինք ամեն անգամ տոներին իրար համար նվերներ գնում։ Աշակերտ ժամանակ ես, քույրս ու եղբայրս հացի գնալու շնորհիվ ամիսներով կուտակած տասը դրամանոցների կուտակումից առաջացած խղճուկ գումարն ի մի էինք բերում, որ մամայի համար նվեր առնեինք։ Սկզբում դեռ ոչ իրար համար, ոչ էլ պապայի համար նվեր չէինք գնում. միայն մամայի համար։ Հետո սկսեցինք իրար էլ անակնկալ նվերներ անել. երևի արդեն ինչ-որ չափով մեզ սկսել էինք մեծ զգալ (որոշ դեպքերում կարելի է հստակ հիշել, թե երբվանից էսինչ առումով մեծ դարձար)։ Ուսանող ժամանակ ամենօրյա երկու հարյուր դրամիցս աշխատում էի օրական միայն հարյուրը ծախսել՝ հիսունը դասի գնալու, հիսունը՝ վերադառնալու համար։ Երթուղային նստում էի միայն ուշանալու դեպքում, իսկ էն ժամանակ դեռ հայտնի ուշացող չէի
, քիչ էր պատահում, մնացած ժամանակ ավտոբուսով էի երթևեկում։ Երբեմն էլ մի բան էի ուտում կամ քսերոքսի վրա ծախսում որոշ գումար, բայցևայնպես, ամիսների ընթացքում հաջողացնում էի բավականաչափ գումար կուտակել, որպեսզի քրոջս ու եղբորս հետ համատեղ ուժերով կարողանայինք բոլորս բոլորիս համար նվերներ գնել։ Մի հատ մեծ պարկ ունեինք, իսկը Ձմեռ պապիկի պարկ, Նոր տարվա շեմին մեջը հերթով դնում էինք բոլորիս նվերները՝ միաժամանակ հոգալով էն մասին, որ ոչ ոք չտեսն իր համար նախատեսված նվերը, ու հենց տասներկուսը խփում էր, սեղանի մոտ շնորհավորանքներ ասելուց հետո անհամբերությամբ նետվում էինք ննջասենյակ, նվերներով լի պարկը հանդիսավոր բերում էինք, դնում հյուրասենյակում, հերթով հանում նվերները, ոգևորությամբ հանձնում տերերին։ Ի՜նչ հավես էր, ի՜նչ ուրախություն, ի՜նչ հուզմունք... Անցյալով եմ ասում, բայց մինչև հիմա էլ էդ ավանդույթը պահպանվել է, ուղղակի հիմա նվերներն անհամեմատ ավելի հեշտությամբ են գնվում, անհամեմատ ավելի թանկ ու լավն են լինում, բայց արի ու տես, որ հիմիկվա նվերներից կարծես բոլորս ուրախանում ենք նույնքան, որքան էն ժամանակվա համեստ ու գուցե «ստից» նվերներից...

Հայաստան, 90–ականներ, Մանկություն, Հուշադարան, Դիտարկումներ, Ծանր ժամանակներ, Նոր տարի

Previous post Next post
Up