Nov 14, 2009 14:54
Երաժշտության տակ թռչելու մասին
(հատված Ա. և Դ. Սլեպնյովների «Ձեռքերդ երաժշտության մեջ լվա» գրքից)
Երաժշտությունը կենտրոնացնում է ներքին էներգիան, կարող է հրամայել չվախենալ, չհիվանդանալ, ընդունակ է ջերմացնելու իր ալիքներով, ճանապարհ ցույց տալու դեպի ջերմությունն ու հարմարավետությունը։
Հարկավոր է հստակ պատկերացնել, որ ինքնաներշնչանքն ահռելի ուժ է, այն կարող է բուժել, կարող է և կործանել։ Ինքնաներշնչմանը տիրապետելու համար սկսեք քչից։ Ինքներդ ձեզ համար տեքստ գրեք, այն յուրատեսակ ցուցում կլինի այն մասին, թե ինչ է ձեզ անհրաժեշտ։
Կազմեք ձեր սեփական երաժշտական հավաքածուն։ Նախքան միացնելը հարմար տեղավորվեք. ընդունեք ձեր ամենասիրած դիրքը, որում ձեզ համար հեշտ է մտածելը, շնչելը։
Աշխատեք մտովի առանձնացնել հենց ձեզ համար կարևորը անկարևորից, անէականից։
Միացրեք երաժշտությունը, խոսեք ինքներդ ձեզ հետ, ուզում եք՝ բարձրաձայն, ուզում եք՝ մտքի մեջ։ Միայն թե աշխատեք ճիշտ բռնել երաժշտության ռիթմը։ Ձեր մտքերը, խնդրանքները, մտորումները պետք է յուրօրինակ աղոթք դառնան՝ ձեր անձնական աղոթքը։ Չհեռանալով տվյալ աղոթքի թեմայից՝ աշխատեք կրկնել այն։ Մի քանի օր հետո կզգաք, որ նմանատիպ զրույցը ինքներդ ձեզ հետ կօգնի ձեզ լուծել կարևոր շատ խնդիրներ, այդ թվում և առողջական։ Սովորեք լսել ինքներդ ձեզ։ Ազատեք ձեզ։
Զգացեք ձեր ազատությունը։ Սովորեք թռչել երաժշտության տակ։ Պատկերացրեք, որ ձեր տան պատերը բացվում են՝ ներս թողնելով սպիտակ ամպերի հսկայական կույտ, որոնք ձեզ իրենց փափուկ գիրկն են առնում, հասցնում մինչև մաքրության ու ազատության բարձունքները, տանում դեպի մի խաղաղ տարածություն, որտեղից սկիզբ են առնում կյանքը, գեղեցկությունը, երաժշտությունը։
Ով գոնե մեկ անգամ իր վրա զգում է այսպիսի թռիչքի վիճակը, կհասկանա, թե որքան մանր ու չնչին են այն վիրավորանքները, որոնք հետո բարդացնում են իր կյանքը։
Երաժշտության տակ թռչելու կարողությունը մարդուն օգնում է լիովին ազատվել ալերգիայից։ Շատ գիտնականներ են իրենց այս հարցը տվել. «Ինչու՞ հենց ալերգիայից»։ Ալերգիան օրգանիզմի բարձր զգայունությունն է շրջակա միջավայրի որոշ ազդակների, այսպես կոչված, ալերգենների ներգործության նկատմամբ (դրանք են մանրէները, փոշին, որոշ բույսերի ծաղկափոշին, սինթետիկ նյութերը, որոշակի սննդատեսակներ և շատ այլ բաներ)։
Երաժշտության տակ թռչելը կարծես պոկում է մարդուն այդ շրջակա միջավայրից, լվանում է, մաքրում շնչուղիները։ Ալեգիան սկսում է «դուրս գալ», թռիչքի զգացողությունը թույլ չի տալիս, որ այն խորը մտնի ներս։
Սոկրատեսի վերջին գրառումներից մեկը հետևյալն է. «Շատ ափսոս, որ ես այդպես էլ երաժշտության տակ թռչել չսովորեցի։ Դա ևս մի ճանապարհ է դեպի բարին ու ազատությունը»։
Խորհուրդներ,
Երաժշտական թերապիա,
music therapy,
Երաժշտաբուժություն,
Երաժշտություն,
music