Փիլիսոփայելս եկել էր:
Չի կարող լինել գիտակցվածություն` առանց դրանից բխող համապատասխան գործողության, պահվածքի: Եթե մեզ թվում է, թե էսինչ բանը լավ գիտակցում ենք, բայց գործնականում կիրառել դժվարանում ենք, ու միաժամանակ հազար ու մի պատճառ ու արդարացում ենք գտնում դրա համար, նշանակում է` գիտակցվածությունը դեռևս լիարժեք չի: Եթե համարում ենք, որ էսինչ բանը վնասակար/սխալ է, բայց շարունակում ենք անել, եթե համարում ենք, որ էսինչ բանը օգտակար/ճիշտ է, բայց շարունակում ենք չանել, եթե համարում ենք, որ էսինչ բանը տվյալ պահին անհրաժեշտ ու կարևոր է, բայց շարունակում ենք չանել, ուրեմն պարզապես դեռևս լիարժեք չենք գիտակցում դրա կարևորությունը, անհրաժեշտությունը, օգտակարությունը, ընդամենը խաբում ենք ինքներս մեզ, իբր գիտակցում ենք: Լիարժեք գիտակցվածությանն անխուսափելիորեն հաջորդում է համապատասխան գործողություն:
Հաճախ ասում ենք, որ գիտակցում ենք ինչ-որ բանի կարևորությունը, բայց կամքի ուժը չի բավարարում իրագործելու համար, բայց իմ պատկերացմամբ` իրական գիտակցվածությունը նաև անհրաժեշտ կամքի ուժ է ծնում միշտ: Ու ընդհանրապես վերջերս եկել եմ էն համոզմանը, որ կամքի ուժի դերը մի քիչ գերագնահատված է. այն ինչ-որ առանձին ունակություն չի, որը մարդ ունի կամ չունի, այն պարզապես գիտակցվածության արդյունք է: Որտեղ կա լիարժեք գիտակցվածություն, այնտեղ անհրաժեշտ կամքի ուժն ուղղակի չի կարող չառաջանալ: Իհարկե, կամքի ուժն առանձին մարզել էլ է հնարավոր ու կարելի է նույնիսկ լավ արդյունքի հասնել, բայց դա արհեստական ճանապարհն է ու որոշ դեպքերում կարող է և չգործել: Բնական ու անխափան գործող ճանապարհը գիտակցվածության բարձր մակարդակի հասնելն է: