Վաղուց որևէ սերիալի մասին գրառում չեմ արել: Էնքան տպավորված եմ, որ էս մեկի մասին ցանկացա անպայման գրել: :)))
Anne with an E սերիալը հիմնված է կանադացի գրող Լյուսի Մոդ Մոնգոմերիի (Lucy Maud Montgomery) վիպաշարի առաջին` «Էննը Գրին Գեյբլից» (Anne of Green Gables) գրքի վրա, թեև սերիալի սյուժեն շատ առումներով շեղված է գրքի սյուժեից (բազմաթիվ նոր կերպարների ներմուծում ու վերջիններիս շուրջ կառուցված նոր սյուժետային գծեր, իրադարձություններ), բայց հիմնական սյուժետային գիծը պահպանված է: Այն պատմում է մի որբ դեռահաս աղջնակի մասին, որին որդեգրում են կանադական փոքրիկ քաղաքում միասին ապրող, երբեք չամուսնացած տարեց քույր ու եղբայր Քաթբերտները, որոնք նախքան Էննին որդեգրելը ապրում էին խիստ միապաղաղ, ձանձրալիության աստիճանի կանխատեսելի կյանքով: Էննի հայտնվելը զգալիորեն փոխում է ոչ միայն նրանց, այլև ողջ քաղաքի կյանքը: Քաղաք եմ ասում, բայց դուք գյուղ հասկացեք, քանի որ առնվազն մեր` հայերիս չափանիշներով այն բոլոր առումներով գյուղ է հիշեցնում:
Սերիալի ողջ ընթացքում ակտիվորեն բարձրաձայնվում են բոլոր հնարավոր հավերժական խնդրահարույց թեմաները`ռասայական, սեռային, սոցիալական խտրականություն ու էլի շատ բաներ: Հատկապես կանանց անկախության ու իրավահավասարության հարցը կարմիր թելի պես անցնում է ողջ պատմության միջով: Ճիշտ է, հաշվի առնելով, որ իրադարձությունները ծավալվում են 19-րդ դարի վերջերին, կարծում եմ` առաջադեմ գաղափարների բարձրաձայնումը ֆիլմում, հաջող ներկայացված լինելով հանդերձ, մի փոքր չափազանցված է տվյալ ժամանակաշրջանի համար, ու մի քիչ դժվար է պատկերացնել, որ էդ թվերին նման հարցերը կարող էին էդպիսի ինտենսիվությամբ ու էդ մակարդակով առաջ քաշվել, այն էլ մի փոքրիկ հետամնաց քաղաքում, բայց անձամբ ինձ էդ հանգամանքը բոլորովին չէր խանգարում, որ սերիալը հավանեմ:
Ես ինքս գիրքը չեմ կարդացել, ամուսինս է վերջերս կարդացել առաջին երեք գրքերը, որից հետո որոշեց սերիալը նայել, ինձ էլ ընթացքում որոշ բաներ պատմել էր, և Էննի կերպարն ու ընդհանուր միջավայրն ինձ ահագին հետաքրքրել էին: Էդպես որոշեցինք միասին նայել սերիալը:
Չեմ հիշում, թե վերջին անգամ մեկ էլ երբ էի էսքան հաճույքով որևէ բան նայել: Չէ, որ մտածում եմ, իրականում կարծես դեռ երբեք ոչ մի սերիալից ու ոչ մի ֆիլմից էս աստիճանի լիարժեք բավականություն ստացած չկամ, էն որ բոլոր բջիջներով վայելում ես ամեն րոպեն, ամեն կադրը: Չգիտեմ` ոնց նկարագրեմ էն բացառիկ ու աննախադեպ դրական հույզերը, որ ապրել եմ սերիալը դիտելու ամբողջ ընթացքում: Թե՛ գլխավոր հերոսուհու կերպարը, թե՛ երկրորդական կերպարները, թե՛ սյուժեն ու ընդհանուր միջավայրը, թե՛ կերպարների զարգացումը սերիալի ընթացքում, լուծումները` էս բոլորն, ըստ իս, ահավոր սիրուն, գրավիչ ու հյութեղ են մատուցված: Էլ չեմ ասում, որ գլխավոր դերակատարուհու խաղն ուղղակի արտակարգ է (երևի իզուր չի, որ մոտ 1800 հոգուց հենց իրեն են ընտրել դերի համար): Նաև ուշագրավ է էն հանգամանքը, որ թեև սերիալը հագեցած է անարդարության, դաժանության, խտրականության ամենատարբեր դրսևորումներով, բայց դրանով հանդերձ` ընդհանուր բացառիկ ջերմության ու պոզիտիվության մթնոլորտ է տիրում:
Եվս մի հետաքրքիր փաստ. պարզվում է` սերիալի ստեղծմանը մասնակցածների մեծ մասը կանայք են, ու գուցե հենց էդ հանգամանքով են պայմանավորված սերիալում առկա բացառիկ ջերմության ու հոգածության բազմաթիվ դրսևորումները: էնպիսի տպավորություն է, կարծես սերիալը ստեղծողները հատուկ հոգ են տարել, որ ոչ մի կերպար առանց ուշադրության ու ջերմության չմնա:
Գլխավոր հերոսուհու կերպարն ինձ էնքան հոգեհարազատ է, հատկապես վառ երևակայության անհավանական թռիչքներով, որևէ գործի դրվելիս անջատվելու, իրականությունից կտրվելու, երևակայության գրկում ինքնամոռաց սավառնելու ու ժամանակի զգացումը կորցնելու հակումներով, նաև շուրջբոլորը գեղեցիկը տեսնելու ու հիանալու, ամեն «ստից» բանից ոգևորվելու ու երջանկանալու հատկությամբ: Մի տեսակ ոնց որ իմ էքստրավերտ, շատ ավելի ակտիվ ու ավելի համարձակ տեսակը լինի:
Սերիալն ընդհանուր առմամբ ահագին դրական արձագանքներ է ստացել, սակայն չորրորդ սեզոնի նկարահանումը, ցավոք, չեղարկվել է ինչ-ինչ պատճառներով: Բայց երկրպագուներն էնքան ծանր են տարել էդ փաստը, որ լուրջ շարժում են սկսել, անգամ ստորագրահավաք կազմակերպել` պահանջելով հաջորդ սեզոնի նկարահանումը:
Իհարկե, պատկերացնում եմ, որ էս սերիալը որոշ մարդկանց կարող է դուր չգալ, նույնիսկ մոտավորապես պատկերացնում եմ, թե իմ ճանաչած մարդկանցից ում դուր կգա, ում` չէ: Ինքս նկատում եմ որոշ թերություններ, բայց դրանցով հանդերձ` այն ինձ համար արտակարգ լավն է` հուզառատ, ջերմացնող ու ոգեշնչող: Կարծում եմ` պարբերաբար նորից դիտելու ցանկություն կունենամ` նույն ջերմ ու պոզիտիվ հույզերը վերապրելու ակնկալիքով:
Ուզում էի թրեյլերն էլ դնել, բայց նայեցի, դուրս չեկավ. մի տեսակ ներվայնացնող տպավորություն էր թողնում: Ես ինքս, եթե նախքան նայելը էդ թրեյլերը տեսնեի, նայելու ցանկությունս առնվազն կպակասեր: :)))
Հետաքրքիր է, բլոգս կարդացողներից որևէ մեկը նայե՞լ է էս սերիալը: