Արեգի դպրոցի, դասերի ու տնայինների մասին (1-ին մաս)

Apr 16, 2018 13:11



Վերջին ժամանակներս հաճախ խոսում եմ էն մասին, որ օրն ինձ համար չափազանց կարճ է անհրաժեշտ, կարևոր ու ցանկալի գործերի գոնե հիմնական մասն անելու համար, ու չեմ նկատում, թե ինչպես է անցնում: Իրականում ժամանակի մեծ մասը երեխաների հետ կապված գործերն ու զբաղմունքներն են կազմում, ու խնդիրն այն է, որ մեծ տղայիս` Արեգի օրն իմից ավելի թեթև չի թեկուզ հենց իր համար: Ու սա իրականում խնդիր է:

Մեր ժամանակներում շատ մոդայիկ դարձած զարգացման կենտրոններն ու բազմաթիվ խմբակները, որոնց գրեթե ցանկացած իրեն հարգող ծնող իր պարտքն է համարում տանել իր երեխային` մյուսներից հետ չմնալու համար, դրան էլ գումարած դպրոցն ու տնայինները, ցավոք, խժռում են երեխաների ժամանակն էնպես, որ պարզապես ազատ խաղալու, իրենց ուզած բաներով զբաղվելու ժամանակ շատ քիչ է մնում կամ գրեթե չի մնում, իսկ դա, բնականաբար, պակաս կարևոր չի երեխայի զարգացման ու հոգեկան առողջության համար, քան դպրոցում ստացած բոլոր տեղեկությունները, որոնցից, ցավոք, ոչ բոլորը կարելի է գիտելիք համարել: Տղաս դեռ մի խմբակի է գնում դպրոցից դուրս (իր տարեկիցներից շատերը երկու և ավելի խմբակների են հաճախում), որը շաբաթական երկու անգամ է` 45-ական րոպե, գնալ-գալն էլ հետը` մաքսիմում 1.5 ժամ է տևում, բայց էդ օրերին էնքան քիչ ժամանակ է մնում իրեն իր ուզած բաներով զբաղվելու համար: Եվ ահա թե ինչու:

Նախ դպրոցում անցկացրած ժամանակն է բավական երկար` 6 ժամ, 15 րոպե: Ես հիշում եմ, որ Հայաստանում տարրական դասարանների աշակերտների դասերը տևում էին ընդամենը 3.30 ժամ` առավոտյան 9.00-12.30: Իսկ էստեղ դասերն սկսվում են առավոտյան 8.20 և ավարտվում են 14.35: Մինչև տուն ենք հասնում, լավագույն դեպքում ժամը երեքն է լինում (իսկ եթե պետք է լինում նաև գնումների գնալ, ապա պատահում է` 4-ին նոր հասնում ենք): Տուն հասնելուց հետո էլ, նույնիսկ եթե դպրոցից անմիջապես տուն ենք եկել, մինչև մի բան է ուտում, էս կողմ-էն կողմ, արդեն դառնում է ժամը երեքն անց կես, երբեմն ավելի ուշ, հետո էլ տնայիններ, որոնց մասին, ինչպես նաև դպրոցի դասերի մասին, մանրամասն կգրեմ քիչ հետո: Տնայիններն անելիս էլ հաճախ շեղվում է տարբեր բաներով, բայց նույնիսկ երբ չի շեղվում, ամբողջը միասին կարող է մինչև 1 ժամ տևել: Բացի դրանից, որոշ ժամանակ էլ հայերենին ենք հատկացնում, որն էլ` կախված նրանից, թե տվյալ օրը կոնկրետ ինչ ենք անում, կարող է մոտ կես ժամ տևել (հայերենի զարգացմանն ու պահպանմանն ուղղված մեր ամենօրյա միջոցառումների մասին էլ հավանաբար առանձին գրառմամբ կպատմեմ): Ավելացնենք նաև ևս մեկ-երկու անգամ ուտելը կամ «բերանը մի բան գցելը», կես ժամ էլ համակարգչի մոտ է նստում, բայց սա կարող է անել միայն մինչև ժամը 7-ը, որից հետո, եթե դասերը մինչ այդ չի հասցրել անել, ընդհանրապես չի նստում, իսկ եթե դասերն ավարտելուց հետո կես ժամից պակաս է մնացել մինչև 7-ը, ապա նստում է էնքան, ինչքան որ մնացել է, ոչ ավել: Շաբաթ-կիրակի օրերին համակարգչի դիմաց կարող է նստել մեկ ժամ: Իսկ եթե տվյալ օրը նաև մարտարվեստի պարապմունք ունի, տակն ընդհանրապես ազատ խաղալու ժամանակ չի մնում: Մարտարվեստի օրերից մեկին հաճախ չի հասցնում համակարգչի դիմաց նստել, որովհետև մինչև 7-ը հազիվ հասցնում է տնայիններն անել: Հանուն արդարության ասեմ, որ վերջերս ինքն էլ է ինձ նման ավելի կազմակերպված դարձել ժամանակի տնօրինման հարցում. դասերն ավելի շուտ է սկսում անել ու ավելի քիչ շեղվելով (չեմ կարող ասել` ինչքանով կապ ունեն մեր երկուսի առաջխաղացումներն էս ոլորտում, բայց հնարավոր է, որ ունեն), ինչի շնորհիվ ավելի շատ ազատ ժամանակ է ունենում իր ուզած բաներով զբաղվելու համար: Իսկ թե ինչերով է սիրում զբաղվել ընդհանրապես, գուցե էլի առանձին գրառմամբ պատմեմ:

Վերադառնանք դպրոցին ու տնայիններին: Դպրոցում ունեն մեկ հիմնական ուսուցիչ, որի հետ անցկացնում են ժամանակի մեծ մասը, և որն անգլերեն ու մաթեմատիկա է դասավանդում: Բացի անգլերենից ու մաթեմատիկայից, որոնք, բնականաբար, ամեն օր կան, նաև ամեն օր մեկ ուրիշ առարկա են անցնում` արվեստ, երաժշտություն, գիտություն, տեխնոլոգիա, որը համակարգչով աշխատել է ենթադրում, այդ թվում և ալգորիթմեր, կոդեր գրել (մի «գիտելիք», որը դժվար է պատկերացնել տարրական դասարանցու դեպքում) և ֆիզկուլտուրա: Իրենց դպրոցը տեղեկատվական տեխնոլոգիաների թեքում ունի:

Ասեմ, որ ոչ մի առարկայի համար նախատեսված դասագիրք չունեն, ավելի ճիշտ` գուցե ուսուցիչն ունի, բայց երեխաները չունեն. իրենց հետ որևէ գիրք չեն տանում-բերում, ոչ էլ դասարանում են օգտագործում, բացառությամբ մաթեմատիկայի: Տնայինները, որպես կանոն, լինում են անգլերենից ու մաթեմատիկայից: Անգլերենի ամենօրյա տնայինը մի քանի «բաժնից» է բաղկացած` «բառային աշխատանք» (word work), «գրամատյան» (writing journal) և «ընթերցանություն» (օրական 20 րոպե ինչ-որ գիրք կարդալ անգլերենով): Նշված «բաժիններից» յուրաքանչյուրին առանձին տետր է հատկացված: Բառային աշխատանքի էությունը հետևյալն է. երկուշաբթի օրը տրվում է տասը բառ, որոնք հիմնականում պարզ, երեխաներին ծանոթ բառեր կամ բառաձևեր են, պլյուս` երկու ավելի բարդ` գրքային բառեր, որոնց սահմանումները կամ բացատրությունները պետք է իրենք գտնեն բացատրական բառարանում, գրեն տվյալ բառերի դիմաց ու սովորեն: Երկուշաբթի օրը տրված տասը բառերից առաջին հինգով պիտի նախադասություններ կազմեն ու գրեն տետրում, երեքշաբթի` նույնը` հաջորդ հինգ բառերով, չորեքշաբթի պիտի բոլոր տասը բառերից երեքական հատ գրեն (մի բառը երեք հատ մի տողում, մյուսը` նույնությամբ հաջորդ տողում և այդպես շարունակ)` ուղղագրության ամրապնդման նպատակով, հինգշաբթի պետք է տասը բառերը գրեն այբբենական կարգով ու միաժամանակ պատրաստվեն ուրբաթ օրվա «բառային մարտահրավերին» (word challenge), որը ոչ այլ ինչ է, քան տվյալ բառերով  թելադրություն (ուղղագրության ստուգում), պլյուս` մյուս երկու բարդ բառերի բացատրություններն ինքնուրույն գրել:

«Գրամատյանով»  աշխատանքը հետևյալն է. ամեն ամսվա սկզբին մի թերթիկ են փակցնում տետրում, որում գրված է տվյալ ամսվա ամեն օրվա գրելիք թեման: Այն կարող է լինել կամ ինչ-որ լայն թեմա, կամ կոնկրետ իրավիճակ, որի շուրջ պետք է երեխան գրավոր ծավալվի, կամ հարց, որին պետք է պատասխանի ծավալուն, կամ ինչ-որ կիսատ նախադասության սկիզբ, որի միտքը պետք է շարունակել: Ցանկացած դեպքում պետք է գրել առնվազն երեք նախադասությունից կազմված կապակցված խոսք, բայց կախված թեմայից ու երեխայի ցանկությունից` կարող է երեք նախադասությունից մինչև կես էջ կամ ավելի երկար պատմություն ստացվել:

«Ընթերցանության» համար նախատեսված տետրում ամեն շաբաթ փակցվում է մի թերթիկ, որում պետք է ամեն օրվա կարդացածը գրանցել` գրքի վերնագիրն ու կարդացած էջերի քանակը համապատասխան սյունակներում գրելով: Իսկ հինգշաբթի օրը, որպես շաբաթվա վերջին օրվա տնայինի մաս` նաև պետք է ընտրել այդ շաբաթ կարդացած գրքերից մեկը և դրա (կամ, եթե գիրքը դեռ չի ավարտվել, ապա միայն արդեն կարդացած մասի) համառոտ ամփոփումը (summary) գրել: Վերջինս պարտադիր առաջադրանք չի համարվում, բայց ցանկալի է, որ կատարվի, ու կարծես բոլորն էլ հիմնականում անում են, համենայնդեպս, Արեգը միշտ անում է: Էս առաջադրանքն անելու մոտիվացիան նաև այն է, որ անելու դեպքում ուսուցչուհին թույլ է տալիս ինչ-որ մանր-մունր զիզի-բիզի խաղալիքներից մեկն ընտրել որպես պարգև: Իրականում շատ ստից խաղալիքներ են, որոնցից երևի բոլորն արդեն մի վագոն կուտակել են իրենց տանը, բայց, մեկ է, դրանք ստանալու հեռանկարն ահագին ոգևորիչ է երեխաների համար:

Մաթեմատիկայի տնայինն էլ էսպես է: Դպրոցում ինչ-որ դասագիրք ունեն, որից, սակայն, ընդունված ձևով չեն օգտվում. դասարանում չգիտեմ` ոնց են օգտագործում, բայց որպես տնային` օրական մի թերթ գրքից պոկում, հետները բերում են` առաջադրանքներով, ու հենց մեջն էլ գրում: Տնայինը երկու թերթ է զբաղեցնում, բայց դրա մեծ մասը նկարներ են, տեքստն էլ շատ խոշոր, ընդհանուր առմամբ բավական քիչ բան կա անելու, մոտ 10-15 րոպեի գործ:

Տարվա ընթացքում նաև մի քանի երկարատև պրոյեկտներ են անում, որոնցից որոշներն ամբողջությամբ դասարանում են անում ինքնուրույն, շաբաթների ընթացքում, որոշներն` ամբողջությամբ տանը` էլի շաբաթների ընթացքում: Դրանք սովորաբար լինում են ինչ-որ թեմայով հետազոտական-տեղեկատվական աշխատանքներ` հաճախ ձեռքի աշխատանքի ու համապատասխան ձևավորման համադրությամբ: Տանը պատրաստվելիք պրոյեկտները, բնականաբար, նույնպես լրացուցիչ ժամանակ են խլում:

Բացի վերը նշվածներից, հազվադեպ լինում են նաև լրացուցիչ այլ տնային աշխատանքներ` հիմնականում թեսթերի տեսքով:

Տնայինները, եթե համեմատենք հայկական դպրոցի տնայինների հետ, կարելի է ասել, ահագին քիչ են ընդհանուր ծավալով, բայց եթե հաշվի առնենք, թե Հայաստանի աշակերտների համեմատ էստեղ աշակերտներն օրվա ընթացքում որքան երկար ժամանակ են դպրոցում անցկացնում, որքան ուշ են դպրոցից տուն գալիս ու համապատասխանաբար որքան ավելի քիչ ժամանակ են ունենում դպրոցից հետո, ստացվում է, որ էստեղի տնայիններն իրականում էնքան քիչ չեն, որքան թվում է առաջին հայացքից: Դրան էլ եթե գումարենք թեկուզ մեկ խմբակի պարապմունքներ, ունեցած ժամանակն է՛լ ավելի է պակասում:

Շարունակելի

Արեգ, Առօրեական, Ուսում, ԱՄՆ, Դիտարկումներ

Previous post Next post
Up