Աշունը պրծավ, բայց էս տարվա աշունից էդպես էլ բան չհասկացա։ Ամբողջ ընթացքում համբերատար սպասում էի, որ մեր սիրելի Աշուն քույրիկը վերջապես հունի մեջ կմտնի և ողջ շուքով մեզ ի ցույց կդնի իր բարեմասնությունները։ Բայց էս տարի դա էդպես էլ տեղի չունեցավ։ Շատ ստից աշուն էր՝ անշուք, անգույն ու անհետաքրքիր։ Համենայնդեպս, մեր կողմերում ծառերն էդպես էլ կարգին չգունավորվեցին, չսիրունացան. տերևներն առանց գույներ ստանալու պարզապես չորանում-թափվում էին՝ խաշամի վերածվելով։ Ամբողջ մեր շրջակայքում երևի մի քանի ծառ եմ տեսել էս տարի, որ սիրուն աշնանային տեսք ունեին, մնացածը՝ համատարած քրչոտություն։ Ճիշտն ասած՝ անցած տարվա աշունն էլ մի բան չէր, բայց էս տարվանն ուղղակի աչք էր ծակում իր անշուքությամբ ու գունատությամբ։
Հարևան քաղաքներից մեկում, օրինակ, որտեղ Արեգի շաբաթօրյա հայկական դպրոցն է գտնվում, աշունը համեմատաբար ավելի շռայլ էր գտնվել. տեղ-տեղ հանդիպում էին սիրուն գունավորված ծառեր ու թփեր։ Արեգին տուն բերելիս, երբ անցնում էինք դրանց կողքով, նույնիսկ ափսոսում էի, որ ապարատս չեմ վերցրել. էս տարվա աշունից գոնե մի երկու տեսարժան պատառիկ կարելի էր անմահացնել։
Էս տարվա աշնանային բնության երևի միակ «խերը» խաշամն էր, որ նախորդ տարիների համեմատ ահագին առատ էր ու ամենուր։ Նաև, չգիտես ինչ հրաշքով, էս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, խաշամը հավաքել-տանելու հարցում համապատասխան մարմինները կարծես կարգին թերանում էին, ինչի համար, ճիշտն ասած, ես ու Արեգը նրանց ի սրտե շնորհակալ էինք։ Դե, երկուսիս ուշքն էլ գնում է խաշամ խշխշացնելու համար, ու նախկինում միշտ ջղայնանում էի, երբ ամեն անգամ գալիս, հավաքում տանում էին էդ գյոզալ խաշամը։ Իսկ էս տարի, հատկապես շաբաթօրյա դպրոցից վերադառնալիս, ճանապարհն էլ որ բավական սակավամարդ է, մի լավ վայելում էինք մայթեզրերին կուտակված խաշամը՝ միջով խշխշացնելով քայլելով ու թռվռալով, հազվագյուտ անցորդների տարօրինակ հայացքներն էլ վրաներս հառված։
Էդ ճանապարհին մի հատված կա, որտեղ փողոցի մի կողմում անտառ է, ու էդ մայթին երեք նստարան են դրել վերջերս, երեքն էլ դեմքով դեպի անտառը, այսինքն՝ մեջքով դեպի փողոցը։ Մի տեսակ տարօրինակ տեսարան էին մեջքով դեպի փողոցը դրված նստարանները, բայց մյուս կողմից էլ բանուկ փողոց չի, ոչ մի տրանսպորտ չի անցնում էդտեղով, փողոցում նայելու բան չկա, իսկ անտառին միշտ էլ կարելի է նայել։ Իսկ անցած անգամ էդ նստարաններին նստելն ավելի գրավիչ էր դիմացը լցված ահռելի քանակությամբ խաշամի շնորհիվ. նստում ես նստարանին ու ոտքերով խաշամը վայելելով՝ միաժամանակ հիանում անտառային տեսարանով։ :)))