Վերջին օրերին բլոգներում հայկական դպրոցների թեմայով թեժ քննարկումից մի գաղափար է սկսել գլխումս պտտվել։ Մտածում եմ՝ արտերկրում ապրող հայ երեխաների հայերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված մի լավ կայք չստեղծե՞նք ու համատեղ ուժերով զարգացնենք։ Ինչքան հասկանում եմ տարբեր մարդկանց՝ իրենց երկրում/տարածքում գործող հայկական դպրոցների ու հայ երեխաների՝ հայերեն սովորելու մասին պատմածներից, դասավանդման փորձից, ամեն տեղ էլ բավական տխուր է վիճակն էս առումով, ու խիստ կարիք կա լուրջ ռեսուրսների։ Ինչքան էլ քիչ լինեն ինձ նման մեծ պահանջներ ու ակնկալիքներ ունեցող ծնողները, կարծում եմ՝ այնուամենայնիվ, աշխարհի մասշտաբով կլինեն բավարար թվով մարդիկ, որ նույնպես հետաքրքրված են իրենց երեխաների հայերենի տիրապետման հարցով, և համապատասխան օգտակար ռեսուրսների առկայության դեպքում սիրով կօգտվեն դրանցից։
Հանուն արդարության ասեմ, որ մի երկու տարի առաջ, երբ Ակումբում թեմա էի բացել՝ «Արտերկրում ապրող երեխաների հայերենի պահպանման ու զարգացման հարցը» վերնագրով, քննարկման ընթացքում Բյուրը մի պահ նմանատիպ առաջարկով հանդես եկավ, բայց առաջարկն ընթացք չստացավ կարծես։ Ճիշտն ասած՝ ես ինքս էլ էդ պահին շատ չխորացա, գուցե որովհետև լավ չէի պատկերացնում դրա իրականացումը, կամ գուցե էդ պահին այլ տիպի առաջարկներ ու խորհուրդներ էի ակնկալում, արդեն չեմ հիշում։ Բայց հիմա ավելի լավ եմ պատկերացնում, ու գաղափարն ինձ իրականացնելի է թվում։
Իմ պատկերացմամբ բավական բազմակողմանի ինֆորմացիա պիտի պարունակի կայքը։ Մտածում եմ՝ կարելի է տարբեր բաժիններ ու ենթաբաժիններ ունենալ, որոնց դասակարգումն ու կազմակերպումը պետք է մանրամասն քննարկել։ Հատկապես արտերկրում ապրող ու երեխաներ ունեցող, ինչու՞ չէ, նաև երեխաներ ունենալ նախատեսող մեր ընկերները ցանկության դեպքում կարող են ներդրում ունենալ կայքի ստեղծման ու զարգացման գործում։ Բոլոր առաջարկները, խորհուրդները, անձնական փորձի մասին պատմությունները օգտակար կլինեն։ Օրինակ, կարելի է մի բաժին կամ ենթաբաժին նվիրել խաղերին, մեկ ուրիշն՝ օգտակար ու արդյունավետ գրքերին, մի տեղ էլ կարելի է հավաքել տարբեր ծնողների դրական փորձի մասին պատմությունները։
Ընդհանուր նպատակը երեխաներին հետաքրքրելը, շահագրգռելն է, որ հայերեն խոսեն, գրեն, կարդան, այլ կերպ ասած՝ հայերենը հնարավորինս շատ օգտագործեն ու զարգացնեն։ Գուցե մի տեղ հատկացնենք հետաքրքրելու արդյունավետ մեթոդներ, հնարքներ ներկայացնելու համար, նաև տարբեր մարդկանց փորձառության հիման վրա նշենք, թե որ մեթոդներն են, որ սովորաբար չեն գործում, գուցե նաև հակառակ էֆեկտն են ունենում էս հարցում։ Մի խոսքով՝ լիքը մտքեր կան, որ էս պահին խառը-մառը պտտվում են գլխումս, ու շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք դրանք կանոնակարգել, ինչպես նաև ներկայացնեք ձեր առաջարկները, եթե նման ցանկություն ունեք։
Ի՞նչ կարծիքի եք գաղափարի մասին. ըստ ձեզ, որքանո՞վ է իրատեսական կամ պիտանի։ Որքանո՞վ եք դուք ինքներդ հետաքրքրված որպես ծնող և որպես պոտենցիալ ինֆորմացիոն ներդնող։
Եկեք քննարկենք։
Հ.Գ. Թեև շարունակելու եմ գրառումներս երկու բլոգներումս էլ տեղադրել, բայց կնախընտրեի ու խնդրում եմ, որ այսուհետև հնարավորության դեպքում մեկնաբանություններն անեք wordpress-ի իմ բլոգի նույն գրառման տակ՝
այստեղ։