Մեր տան մոտակայքում մի լիճ կա, մեջը՝ բադեր, սագեր ու կարապներ։ Երբեմն ճայեր էլ են երամով գալիս, կարճ ժամանակ անց հեռանում։ Երբեմն էլ՝ աղավնիներ են այցելում լճափ։ Հավես տեղ է՝ համ բնության, համ կենդանիների առումով։ Տղայիս հաճախ ենք տանում էնտեղ, երկար նայում ենք լող տվող թռչուններին, երբեմն էլ կերակրում ենք։
Էդ թռչուններին հետևելն ահագին հետաքրքիր է։ Էնքան տարբեր են վարքով։ Բադիկներն, օրինակ, շատ հանգիստ են, պասիվ, սուսիկ-փուսիկ, անշառ, գլուխները կախ՝ իրենց գործին։ Նաև բավական վախկոտ են։ Հենց շարժում են նկատում դեպի լիճը, միանգամից լճի ափամերձ տարածքից ուղղվում են դեպի խորքերը։ Իսկ սագերը բադերի հակապատկերն են՝ ահավոր լաչառ, կռվարար ու շատ աներես։ Գլուխներն էլ անընդհատ էս կողմ-էն կողմ երկարելով՝ ֆռֆռում են. ամեն տեղ պիտի խցկվեն, խառնակչի պես մեկ սրան բզեն, մեկ՝ նրան։ Ղառ-ղառ ձայններն էլ միշտ գլուխները գցած։
Բադերն ու սագերը շատ են, իսկ կարապներն ընդամենը երկուսն են՝ երևի էգ ու որձ։ Միշտ միասին են, հազվադեպ են իրարից հեռու լինում։ Երկուսով հաճախ գնում են լճի խորքերը, հետո միասին էլ հայտնվում։ Ու իրենց էնպես են պահում, կարծես հստակ գիտակցում են, որ իրենք էդտեղ մյուսներից մի քանի գլուխ բարձր են (և ոչ միայն չափերով), կարծես վերևից են նայում բոլորին. իրենց «պալոժ» չի ինչ-որ ռամիկ սագերի ու բադերի հետ շփվելը։ Դե, ո՞վ ունի իրենց վեհաշուք ու նրբագեղ կեցվածքը, երկար պարանոցը։ Էստեղ եկող մարդկանցից ոմանք էլ հաճախ հենց միայն կարապներին են կերակրում՝ սագերին ու բադերին անտեսելով։ Չգիտեմ՝ էս թռչունների խելքն ինչքանով է հասնում, որ էդքանը գիտակցեն, բայց դե մտածում եմ՝ գուցե դա էլ է կարապներին իրենց մյուսներից վեր դասելու լրացուցիչ առիթ տվել, ի՞նչ իմանաս։ Ուտելիքի ակնկալիքով կարապները պատրաստ են քեզ վրաերթի ենթարկել։ Ես, իհարկե, վախենում եմ ամեն անգամ փորձել ոչինչ չանել՝ պարզելու համար՝ արդյոք իսկապես կբարձրանան վրաս, եթե անշարժ կանգնեմ ու չփորձեմ կանխել իրենց անսասան երթը դեպի ինձ, թե, այնուամենայնիվ, վերջին պահին կփոշմանեն։ Երբ հացի փշրանքները նետում ես, որ ուտեն, բոլոր թռչունները գցվում են նետված փշրանքի ուղղությամբ՝ որտեղ էլ որ այն լինի, մինչդեռ կարապները երբեք չեն բարեհաճում իրենցից մի քիչ այն կողմ ընկած փշրանքի համար իրենց նեղություն տալ. գերադասում են սպասել, որ հենց իրենց դիմաց գցես, նոր վերցնեն, ուտեն։
Մինչև էս կարապներին հանդիպելը ես երբեք ջրից դուրս՝ քայլող կարապ չէի տեսել։ Պարզվում է՝ ջրի վրա նրանց նրբագեղ սահքը ցամաքում վերածվում է ծանր ու խոշոր տուտուզների անճոռնի շորորանքի. ջրային նրբագեղությունն ամբողջությամբ ի չիք է լինում։
Իսկ ձմռանը, երբ լիճը գրեթե ամբողջությամբ սառցապատ է, մի փոքր տարածք, չգիտես ոնց, սառույցից զերծ է մնացել, կամ հատուկ մաքրել են, չգիտեմ, ու թռչունները վայելում են ջուրը։ Սառցապատ տարածքում էլ զբոսնում են։ :)))