Մեր գրադարանի մանկական բաժնում մի գրքի վերնագիր աչքիս զարնեց՝ 'Daddy, papa and me'։ Առաջին հայացքից տարօրինակ զգացողություն ունեցա. ախր daddy-ն ու papa-ն նույն բանն են նշանակում, ինչու՞ մի հատ daddy, մի հատ էլ papa։ Գիրքը վերցրի, ուսումնասիրեցի, ամեն ինչ պարզ դարձավ. գիրքը նախատեսված է համասեռամոլ ծնողների երեխաների համար։ Գրքում տարբեր ընտանեկան հաճելի ու զվարճալի իրավիճակներ էին պատկերված՝ համապատասխան կարճլիկ տեքստային մեկնաբանություններով, ու էդ բոլորը ներկայացված էր երեխայի տեսանկյունից։ Վերջում էլ՝ ընտանիքի երջանկությունը փաստող հետևություն. I love my family.
Ինտերնետը մի քիչ փորփրեցի, պարզվեց՝ նույն թեմայով երկու մայրերով ընտանիքների մասին էլ համանման գրքեր կան։
Մի կողմ թողնելով այդպիսի ընտանիքների գոյության ճիշտ կամ սխալ լինելը՝ մտածում եմ, որ եթե երևույթն ամեն դեպքում գոյություն ունի, ապա երևի նորմալ է, որ նման ընտանիքների երեխաներն էլ իրենց վերաբերող գրքեր ունենան։ Ինչու՞ պիտի այդ երեխաները տուժեն նրա համար, որ համասեռամոլ ծնողներով ընտանիքներում են ապրում։