Տարվա ամփոփում (2011)

Jan 26, 2012 17:10

Ինչպես նախորդ տարի, էլի ուշացած եմ անում էս գործը, բայց դե ուզում եմ ամփոփել։

2011-ն ինձ համար, կարելի է ասել, բերնեբերան լցված էր երկու ասպեկտով՝ 2010-ի վերջին ժամերին ծնված բալիկովս ու քոլեջի դասերով։ Երկուսի առումով էլ, իհարկե, հետաքրքիր զգացողությունների ու բացահայտումների տարի ապրեցի, առաջինի դեպքում՝ նաև հուսահատ ու տագնապալի հոգեվիճակներով, որոնց մի մասը պայմանավորված էր առաջինն ու երկրորդը համատեղելու դժվարության, երբեմն նույնիսկ անհնարինության ծանր զգացողություններով։ Ամեն դեպքում երկուսի առումով էլ ահագին ինֆորմատիվ տարի էր։

Կարող եմ ասել, որ որպես ուսանող՝ էս տարի ինձնից միանգամայն գոհ եմ. վերցրածս երկու առարկաներից էլ գերազանց ստացա, մեկը վաստակեցի մեծագույն հաճույքով, մյուսը՝ տհաճությամբ ու ջանքերի գնով, բայց կարևորը՝ գլուխ բերեցի։ Որպես մայր՝ չէի ասի, թե նույնքան գոհ եմ ինձնից, կամ էլ գուցե ինձնից պահանջներս են էդ հարցում ավելի մեծ, համենայնդեպս, կուզենայի ու հուսով եմ առաջիկայում շատ ավելի լավ մամա լինել։

Տարին նաև մարդկային շփման աննախադեպ դեֆիցիտի տարի էր ինձ համար։ Ամբողջ տարվա ընթացքում, ընտանիքիցս բացի, մեկ էլ Հայաստանում եղած ժամանակը չհաշված, ընդամենը մի քանի ծանոթ մարդու հետ եմ հանդիպել բառացիորեն։ Բայց քանի որ կյանքս ահագին հագեցած էր վերևում նշածս երկու ասպեկտներով, հետն էլ հաշվի առնելով, որ բնավորությամբ մի եսիմինչ շփվող չեմ, դրանից նեղվելու ժամանակ ու առիթ էլ առանձնապես չեմ ունեցել տվյալ դեպքում։

Հիմա՝ ԿՄ-ում արդեն լայն տարածում գտած շրջիկ հարցաշարը լրացնեմ` իմ կողմից արված չնչին փոփոխություններով.

2011 թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
Տղայիս առաջին ծիծաղը ու էլի լիքը նմանատիպ պահեր
Երկչափ դիզայնի աշխատանքներիս հաջողությունը
Որոշ ինձ համար հետաքրքիր նկարիչների ու դիզայներների բացահայտելը
Տղայիս հետ առաջին անգամ Հայաստան գնալը, մերոնց հետ հանդիպումը
Չորս տարվա վիրտուալ մտերմությունից հետո վերջապես urish-ի հետ Հայաստանում առաջին անգամ առերես հանդիպելը
Նոր տարվա առթիվ մերոնց հետ մի երկու շաբաթով Լոնդոնում՝ քրոջս մոտ, հավաքվելը 
Լոնդոնը տեսնելը

2011 թ. սիրածս նկարիչները/դիզայներները
Նոմա Բար (Noma Bar) (դիզայներ, նկարազարդող), Ջոն Ատկինսոն Գրիմշոու (John Atkinson Grimshaw) (նկարիչ)

2011 թ. գլխավոր տարվածությունս
Մինիմալիզմ

2011 թ. սիրած գրքերը
Էս տարի կարդացածս միակ գեղարվեստական գիրքը՝ Эрленд Лу "Наивно. Супер"։ Ի դեպ, գիրքը կարդացել եմ բացառապես գիշերները տղայիս կրծքով կերակրելու պահերին՝ ամեն անգամ քսանական րոպե։ :)))

2011 թ. սիրածս ֆիլմերը
Ֆիլմերից էս պահին երկուսն են մտքիս գալիս, բայց գուցե էլի կան. "Temple Grandin" (2010), "The Green Mile" (1999),
մեկ էլ երկու սերիալ կարող եմ առանձնացնել՝ "Grey's Anatomy" և "Ugly Betty"։

2011 թ. սիրածս երգերը/կատարողները
Երաժշտության առումով լրիվ լճացած վիճակում եմ. արդեն երկու տարի է՝ բառացիորեն լռված եմ հնդկացիական, կելտական էթնիկ երգերի ու մեղեդիների, ինչպես նաև հանգստավետ, մեդիտատիվ մեղեդիների վրա։ Երբեմն լսել եմ նաև այլ բաներ, բայց   նշածներս մնացել են առանցքային։ Նոր բացահայտումներ կամ տարվածություններ չեն եղել։

2011 թ. ինչո՞վ եմ հպարտացել
Ուսանող և ծնող լինելը համատեղելու հանգամանքով (մինչ էդ եթե փորձեի պատկերացնել, որ երբևէ կարող եմ էդ երկուսը համատեղել, սիրտս կկանգներ)
Ուսմանս հաջողություններով

Ո՞րն է 2010 և 2011 թվականների դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
Տարբերությունը հսկայական է. 2010-ի դեկտեմբերին դեռ բալիկ չունեի (դե, վերջին մի քանի ժամը չհաշված), իսկ 2011-ի դեկտեմբերին արդեն համարյա մեկ տարեկան բալիկ ունեի։ :)
2010-ի դեկտեմբերին անհամբեր սպասում էի, թե երբ պիտի ամսվա վերջին օրերը գան, որ բալիկս ծնվի, իսկ 2011-ի դեկտեմբերին անհամբեր սպասում էի, թե երբ պիտի ամսվա վերջին օրերը գան, որ գնանք Լոնդոն՝ ընտանիքիս հետ հանդիպելու։

2012-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենաշատը ոգևորում
Մի քանի հավես մասնագիտական առարկա սովորելու հեռանկարը
Տղայիս մեծանալը 
ինձ համար հետաքրքիր ձեռքի աշխատանքներով զբաղվելու ցանկությունը, որը, սակայն, չգիտեմ, թե որքանով կհաջողվի իրագործել
Մի բան էլ կա, որը չեմ ասի :P

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
full-time ուսանող եմ լինելու
web technology եմ սովորելու (ու՞մ մտքով կանցներ)

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որպեսզի 2013-ի հունվարին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
Կուզենայի հաջորդ երկու կիսամյակներն էլի գերազանցությամբ ավարտած լինել։
Կոնկրետ ձեռքի աշխատանքներ, որ վաղուց պլանավորում եմ անել, վերջապես սկսել ու ավարտել, մի մասն էլ վերջապես ավարտին հասցնել։ 
Կուզենայի ավարտին հասցնել մի քանի տարի առաջ սկսածս հեքիաթը, ինչպես նաև ընդհանրապես վերսկսել գրելը, այնպես, որ տարվա վերջում գոնե մի քանի ավարտուն ստեղծագործություն ունենամ։

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պիտի անեմ
Ժամանակը խիստ ռացիոնալ կազմակերպելը, որի հետ կապված միշտ խնդիրներ եմ ունեցել, բայց էս կիսամյակ պիտի կարողանամ էդ հատկությունը մեջս զարգացնել, թե չէ լավ չի լինի։

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Շատ նյարդայնանալ, հուսահատվել, վախենալ, կոմպի առջև երկար նստել։

Տարվա ամփոփում, Շրջիկ հարցաշար, Նոր տարի

Previous post Next post
Up