Նախորդ մասերը՝
այստեղ։
Լեզու
(2-րդ բաժին)
34-րդ կանոն. քերականության գիրք գնիր ու լրջորեն ուսումնասիրիր այն։
Քերականություն սովորելն, իհարկե, ընդհանուր առմամբ բավական ձանձրալի գործ է։ Հենց միայն քերականական բառապաշարը՝ հեղեղված այնպիսի տերմիններով, ինչպիսիք են բացահայտիչ-բացահայտյալը, ստորոգյալը, լրացումը, մակբայը, դերբայական դարձվածը, շարահյուսությունը և այլն, շատերին է վանում։ Ինչ խոսք, քերականությունը գրելու արհեստի ամենաանհրապույր անհրաժեշտությունն է։ Շատերին կարող է թվալ, թե մանր-մունր լեզվական սխալներն ու անճշտություններն առանձնապես եղանակ չեն ստեղծում. կարևորը միտքն ընդհանուր առմամբ հասկանալի լինի։ Իհարկե, շատ դեպքերում դա աշխարհի վերջը չէ, բայց մի քանի սխալ այստեղ, մի քանի սխալ այնտեղ, և գրվածքն արդեն անփույթ, կիսագրագետ տեսք է ստանում, կարող է նույնիսկ իմաստային թյուրըմբռնումների պատճառ դառնալ, և մի քիչ խստապահանջ խմբագիրն արդեն կմերժի քեզ։ Մի խոսքով՝ ժամանակ գտիր ավելի լավ ծանոթանալու այն լեզվի կանոններին, որով ստեղծագործում ես։
35-րդ կանոն. տիրապետիր փոխաբերությանը։
36-րդ կանոն. բայց մի՛ չարաշահիր այն։
Նորություն չէ, որ փոխաբերությունը ոճական կարևորագույն հնարներից է, որ զարդարում ու հարստացնում է լեզուն, համ ու հոտ տալիս խոսքին։ Բայց այն կիրառելն էլ համապատասխան հմտություն է պահանջում։ Խուսափիր սարքովի քնարական զարդարանքերից ու էժանագին, մակերեսային փոխաբերություններից։ Բավական է գեղեցկացնելու նպատակով ավելորդ պաճուճազարդես խոսքդ, ու լրիվ հակառակ արդյունքի կհասնես։
Օրինակ.
Նրա աչքերն ամենակապույտ երկնքի գույնն ունեին, և ես լոկ ամպ էի, որ անցնում էր նրա միջով։ Փողոցի բոլոր պատուհաններն աչքով էին անում ու շշնջում մեր սիրո հրաշքը...
Այս հատվածի առաջին նախադասությունը ռոմանտիկացված կատարակտի պատկեր է հիշեցնում։ Իսկ երկրորդում կարծես մուլտֆիլմային դեմքերով տների շարք լինի, որոնք անճոռնի կերպով բացում-փակում են աչքերն ու բերանները...
37-րդ կանոն. «երբ»-ով սկսվող բարդ-ստորադասական նախադասությունները սիրողական մակարդակի գրողների համար են։
Երբ «երբ»-ը հանդես է գալիս որպես շաղկապ, այն թուլացնում է այն նախադասությունների ուժը, որոնց կապում է։ Այլ կերպ ասած՝ երբ նախադասությունը սկսվում է «երբ»-ով, վերջինս կարծես շտապեցնում է ընթերցողին՝ ստիպելով մատների արանքով նայել առաջին (երկրորդական) նախադասությանը և առանց այն լիովին ընկալելու արագ անցնել հաջորդին (գլխավորին), մինչդեռ «երբ»-ով կապվող նախադասությունները հաճախ պարզապես իրար հաջորդող գործողություններ են լինում՝ պարունակելով մեկը մյուսից ոչ պակաս նշանակալից տեղեկություն։ Իսկ երբ երկրորդ նախադասությունն է սկսվում «երբ»-ով, այն ուշադրությունը շեղում է առաջինից։ Երկու դեպքում էլ տեղեկության ուժգնությունն ընկնում է։
Երբ կապիկը ցատկեց առաստաղից, առնետը սրընթաց դուրս սլացավ։
Բեատրիսը շնաձուկ տեսավ, երբ նավի զանգը հնչեց վրա հասնող մակընթացության հետ։
Այժմ վերոնշյալ երկու բարդ ստորադասական նախադասությունները վերածենք առանձին պարզ նախադասությունների.
Կապիկը ցատկեց առաստաղից։ Առնետը սրընթաց դուրս սլացավ։
Բեատրիսը շնաձուկ տեսավ։ Նավի զանգը հնչեց վրա հասնող մակընթացության հետ։
Աշխատիր խուսափել «երբ»-ով նախադասություններից, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք խիստ անհրաժեշտ են, օրինակ.
Երբ սրում էինք մեր թրերը, ավելի համարձակ էինք դառնում։
Գրվածքը համակարգչով մուտքագրելուց հետո սեղմիր “find” և տեքստում «երբ»-երի համատարած որոնում կատարիր, և բոլոր այն դեպքերում, երբ բարդ ստորադասական նախադասության երկու բաղադրիչներն էլ ուժեղ են, դրանք առանձին անկախ նախադասություններ դարձրու կամ էլ կապակցիր «և» համադասական շաղկապով։
Մտածիր, որքա՞ն հաճախ ես խոսելիս «երբ»-ով նախադասություններ գործածում։ Օրինակ. «Երբ մտանք գրախանութ, տեսանք այդ գիրքը»։ Դու այսպես կխոսեի՞ր։ Չէ, չէ՞։ Փոխարենը կասեիր. «Մտանք գրախանութ ու տեսանք այդ գիրքը»։
Գրիր այնպես, ինչպես խոսում ես։
38-րդ կանոն. խուսափիր շաբլոն դարձվածքներից (կլիշեներից) ու ծեծված արտահայտություններից։
Նման արտահայտություններն արդեն այնքան են «մաշվել, որ գրեթե կորցրել են իրենց ուժը։ Գուցե 200 էջանոց ձեռագրի մեջ մեկ-երկու այդպիսի արտահայտությունը թույլատրելի լինի, բայց դրանից ավելի դեպքում ամենայն հավանականությամբ քեզ կմերժեն տպագրման հարցում։ Եթե ընթերցողը կարողանա կանխատեսել, թե ինչպես է ավարտվելու գրածդ արտահայտությունը, ուրեմն համարիր, որ կորած ես։ Միգուցե երգերի դեպքում նման արտահայտությունների առատությունը երբեմն հաջող արդյունք տա՝ երաժշտության, հարվածների ու կատարման շնորհիվ, բայց դու գրող ես ու ձեռքիդ տակ միայն բառեր ունես, այնպես որ աշխատիր դրանք կանխատեսելի ձևերով չկապակցել։