Նախորդ մասերը՝
այստեղ։
23-րդ կանոն. փնտրիր ուրիշների իմաստնությունը։
Հաճախ մասնակցիր գրական քննարկումների, հատկապես տաղանդավոր գրողների գործերի շուրջ։ Ստեղծագործություններդ ցույց տուր ուրիշներին, ինքդ էլ կարդա այլ ստեղծագործողների գործերը։ Ի տարբերություն ընկերների ու հարազատների, քեզ նման ստեղծագործողներից ավելի անկողմնակալ արձագանքներ կստանաս։ Սովորիր նրանց դիտողություններից ու նրանց սխալներից։
Առաջարկված ուղղումներից հետևիր միայն նրանց, որոնք քեզ դուր են գալիս, մնացածն անտեսիր։ Բայց երբեք մի հակաճառիր ու մի պաշտպանիր քո ստեղծագործությունը։ Պարզապես լսիր։ Այսպես թե այնպես քննադատությունը հետևելու է քեզ, ուր էլ որ գնաս, այնպես որ ընտելացիր դրան ու սովորիր դրանից։ Դա է պրոֆեսիոնալ դառնալու ճանապարհը։
24-րդ կանոն. օգտվիր երջանիկ պատահականություններից։
Շատ հայտնագործություններ են արվել զուտ երջանիկ պատահականությունների շնորհիվ։ Դա կարող է տեղի ունենալ նաև ստեղծագործելիս։
Ասենք, ինչ-որ բառ գրելիս վրիպակ ես թույլ տալիս՝ տառերից մեկի փոխարեն ուրիշ տառ գրելով։ Արդյունքում կարող է ստացվել նոր բառ, հետաքրքիր զվարճալի բառախաղ, որի հիման վրա կարող ես բավական հետաքրքրաշարժ սյուժե կառուցել՝ ինքդ էլ զարմանալով նման անակնկալ ընթացքի վրա։ Ընդամենը պետք է հետևես երևակայությանդ։
Նմանատիպ պատահականությունները կարող են հանգեցնել իսկապես հրաշալի մտահղացումների։ Դրանք ընդունիր որպես մուսայիդ կողմից շնորհված պարգևներ։
25-րդ կանոն. գողացիր քո սիրած գրողներից։
Ստեղծագործականության գաղտնիքը աղբյուրդ թաքցնել կարողանալու մեջ է։
Ալբերտ Այնշտայն
Եթե ինչ-որ գիրք բավական երկար ժամանակ ես կարդում, դրա լեզվի երաժշտությունը կարծես մտնում է գլուխդ այնպես, որ երբ սկսում ես աշխատել քո սեփական ստեղծագործության վրա, զգում ես, որ գլխումդ մեկ ուրիշի մեղեդին է հնչում։ Բազմաթիվ գրողների գործերում կարելի է այլ գրողների տեսնել։ Հարյուրավոր գրողներ նմանակել են Հեմինգուեյի ոճը։ Տասնիններորդ դարի վերջի յուրաքանչյուր ֆրանսիացի բանաստեղծ փորձել է երգել, ինչպես Ուիթմենը։ Եվ դա նորմալ է։ Այլ գրողները՝ թե՛ անցյալի, թե՛ ներկայի, քո մոդելներն են ու քո մրցակցություն։ Դու պետք է կարդաս նրանց՝ գերազանցելու համար՝ նրանց «գլուխներն» օգտագործելով որպես անցաքար։
Գոյություն ունի գրագողություն և ստեղծագործական գրագողություն։ Վերջինիս օգնությամբ, եթե հմուտ ես դրանում, չես բռնվի։ Շեքսպիրն իր բոլոր սյուժեները թռցրել է՝ համարձակորեն վերապատմելով մինչ այդ ինչ-որ մեկի գրած պատմությունները։ Տեղ-տեղ նույնիսկ կոնկրետ արտահայտություններ է թռցրել։ Եթե ինչ-որ մեկը նկատած էլ լիներ, դա նրան դժվար թե հուզեր։ Շեքսպիրի արտակարգ հնարամտությունն այնպես էր կուրացրել մարդկանց հնի նկատմամբ, որ նրանք միանգամայն նոր տպավորություն էին ստանում գրվածքներից։
Արվեստը միշտ հաջող իրականացված հնի հիման վրա է վերաստեղծվում ու զարգացվում։ Աթլետներն ու երաժիշտները մշտապես այդպես են անում. վերցնում են վարպետ կատարողների՝ իրենց դուր եկած շարժումներն ու հնարքները և բազմիցս կրկնելով՝ զարգացնում ու վերաձևում դրանք՝ ըստ իրենց ճաշակի։
Այնպես որ, սիրածդ գրողի գիրքը բաց վիճակում թող միշտ կողքիդ լինի ստեղծագործելիս՝ ոգեշնչման ու նմանակման նպատակով։ Մի վախեցիր այս գործում ինքդ քեզ կորցնելուց։ Անկախ նրանից, թե մեկ ուրիշի արվեստը որքանով ազդեցիկ կլինի, քո անհատականությունը չի տուժի։ Քո ձայնը կխառնվի այլոց ձայնին ու հետագայում ավելի հստակ կդառնա նրանց միջոցով։ Բայց դու միշտ էլ կմնաս դու։
Նմանակումը ոչ թե պարզապես շողոքորթելու, այլ սովորելու ամենաանկեղծ ձևն է։
Ջորջ Բեռնարդ Շոու