Apr 17, 2009 10:04
Անին իրեն գտավ քաղաքի նեղ ու ծուռտիկ փողոցներից մեկով հեծանիվ քշելուց: Իհարկե գիտեր ինչպես է այդտեղ հասել, գիտեր ինչ ճանապարհով: Ուղղակի գալուց չէր գիտակցել ինչու է հենց այդտեղ գնում: Երկհարկանի տնակների արանքով մի քիչ քշեց, այնուհետև հեռվում տեսավ մի բարձրահարկ շենք: Հեծանիվն ուղղեց այնտեղ: Արդեն մի անգամ եղել էր շենքի բնակարաններից մեկում: Հետաքրքիր կառուցված ուներ այն: Երրորդ հարկի բնակարան գնալուց պետք էր բարձրանալ միջանցքի սանդուղքով առաջին հարկ, բացել մի ծանր դուռ` հայտնվելով երկար բաց պատշգամբում: Այնուհետև պատշգամբի վերջում գտնվող դռնից պետք էր ներս գնալ ու էլի բարձրանալ աստիճաններով: Նայեց վերև, պատշգամբում մի քանի հոգի խոսում ու ծիծաղում էին միասին, մութ էր, դեմքերը չէին երևում: Մտավ շենքի բակ, շատերի պատուհաններից լույս էր երևում, դեռ քնած չէին: Հաճելի էր գիտակցել, որ այդտեղ մարդիկ են ապրում, որ քաղաքը մեռած չէ, ինչպես թվում էր առաջ, երբ երեկոյան ոչ ոքի պատուհանից լույսը չէր կարող դուրս սողոսկել: Անին ժպտաց, ու զգաց, որ շատ բան փոխվել է արդեն: Որոշեց վերադառնալ իր սենյակ, վերջիվերջո այն թեև փոքրիկ, բայց քաղաքի մյուս ծայրում էր: Առաջին անգամ այս քաղաքում լսեց ամպրոպ, կայծակի փայլը շլացրեց: Եվ առաջին անգամ այս քաղաքում անձրևը տեղաց խոշոր կաթիլներով: Առաջին անգամ նաև զգաց անձրևի հոտը, նաև դեռ կիսաբաց յասամանների ու բալենիների բույրը:
Իսկ երբ քնեց, կրկին նույն շենքի մոտ էր` փոքրիկ քաղաքի մյուս ծայրում: Կրկին անձրևում էր, բայց նա չէր թրջվում: Նա միայն ժպտում էր քնի մեջ:
story,
приятное!