Այսօր ծնողներիս հետ գնացի ՆՓԱԿ-ի քսանամյակին նվիրված ցուցահանդեսին: Տեսնելով այս ազատ արվեստի նմուշները, եկա մի քանի եզրակացության:
Արվեստի վերելքի ժամանակները բնորոշվում են նախ եւ առաջ իր այդ ժամանակներում կրած սահմանափակումներով եւ խոշտանգումներով: Ռենեսանսը ոչ միայն արվեստի, այլ նաեւ Ինկվիզիցիայի եւ համատարած եկեղեցական ռեպրեսիաների ծաղկման շրջանն էր: Քսաներորդ դարը տեսավ մարդկության ամենաչար կողմերը՝ գենոցիդ, տոտալիտարիզմ, հոլոքոստ, ատոմային ռումբ, սառը պատերազմ, բազում կոնֆլիկտներ, բազում ազատատենչ մարդիկ՝ աքսորված եւ գնդակահարված... Բայց անձամբ ես համարում եմ քսաներորդ դարը մարդկության երկրորդ, ավելի դաժան եւ ոչ այդքան միանշանակ ռենեսանսը: Այդ բոլոր մարդիկ, որ զոհ գնացին իրենց ազատատենչությանը՝ նրանց թվում տատիկիս ծնողները, որոնք աքսորվեցին Ղազախստան Սովետի վաղ տարիներին՝ այդ բոլոր զոհերը ի զուր չէին, նրանք վերջ ի վերջո ետ բերեցին մարդկության մեջ հումանիզմը:
Բայց այդ ամենը մինչեւ արվեստի լիակատար ազատությունն էր, որն այն այժմ վայելում է:
Արվեստը միշտ ձգտել է ազատության: Այդ հավերժ պայքարի արդյունքներն են մեզ բոլորիս հայտնի հանճարները` մարդիկ, որ նոր նորմեր էին սահմանում ոչ միայն արվեստի, այլ ողջ մարդկության համար, ինչպիսիք էին Միքելանջելոն, Ռաֆաելը, Մազաչչոն, Բոսխը, Մագրիտը, Կառավաջոն, Դա Վինչին: Ազատության համար պայքարը միշտ ողջունելի է, ինչպես ողջունելի եւ բնական է բարու պայքարն ընդդեմ չարի: Այս երկու պայքարները մի շատ կարեւոր ընդհանրություն ունեն՝ պայքարն այստեղ ավելի կարեւոր է, քան հաղթանակը:
Բայց եկեք տեսնենք՝ ի՞նչ է լինում, երբ արվեստը վերջապես ստանում է լիակատար ազատություն:
Fountain
Marcel Duchamp, 1917
Այսօր ՆՓԱԿ-ում ես անկեղծ հուսահատություն զգացի Հայաստանի եւ ընդհանրապես մարդկության համար, տեսնելով ցուցադրվող ՛՛արվեստի՛՛ նմուշները: Այստեղ կար բառացիորեն ամեն ինչ, բացի արվեստից: Ներկայացված արտիստներին ասես ավելի հետաքրքիր լիներ պարզապես օրիգինալ լինելը, քան ինչ-որ միտք, ինչ-որ խորհուրդ, նույնիսկ զգացմունք փոխանցելը: Ես կտրականապես դեմ չեմ նմանատիպ ապլիկացիոն կիրառական փորձերին, պարզապես չեմ հասկանում, ինչու՞ է պարտադիր այս երեւույթն արվեստ անվանել: Ասենք ցուցադրել տեսահոլովակ, որտեղ մերկ դուրս ես գալիս լոգարանից, եւ համարել, որ դա արվեստ է: Արվեստն իր մեջ խորհուրդ է պարունակում: Ո՞րն է խորհուրդը անվերջ Փարաջանովից ազդված եւ էությամբ անիմաստ ֆիլմերի շարանի, որոնց ամբողջ նպատակն ասես լինի ռեժիսորի էգոն ցուցադրելը: Ի՞նչ է այս ամենը ասում, արդյո՞ք ժամանակակից արվեստը որեւիցե բան ասում է:
Ես համարում եմ, որ գինու համին համարյա թե հավասար կարեւորություն ունի այն տարան, որից այն ըմպվում է՝ այն է, եթե պլաստմասսե շշից ըմպես բարձրորակ գինի, զգացումն ավելի վատը կլինի, քան եթե սովորական Արենի խմես սառեցված, ճենապակե գավաթից:
Իմ կարծիքն է, որ լիակատար ազատության հասած արվեստը կարելի է համեմատել անարխիայի հետ, կամ գինու՝ առանց տարայի, կամ տարայի՝ առանց գինու:
Որովհետեւ ազատության համար պայքարն իմաստավորում է արվեստը, բայց լիակատար ազատությունն այն դարձնում է անիմաստ: