Nov 24, 2008 22:08
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Նյու-Յորքի Մետրոպոլիտան թանգարանում հայկական ցուցադրություն էր լինելու: Փոստս մոտ մի ամիս առաջ սկսեց ազդարարել, թե “խաչքար են բերել… խաչքար… որտեղի՟ց… որտեղի՟ց… Լոռուց… Լոռուց”: Ու ամեն յան, ունց ու ստանցի իր պարտքը համարեց շրջանառել այս ավետիսն ի լուր աշխարհիս այնքան ժամանակ, մինչև համոզվեցի, որ “հալբաթ բարին էլ դա էր”, ու գնամ Մետրոպոլիտանում շրջելու: Ու ես, որ Նյու Յորքի անհույս սիրահար եմ, կիսաքուն գլխով առավոտ ծեգին ճանապարհ ընկա:
Ութսունվեցի վրա մետրոյից դուրս եկա փողոց ու արդեն ութսունչորսից սկսվեց հեքիաթը:
- Ապրեեեք, լսվեց մի քանի երեխաներով շրջապատված թմբլիկ կնոջ կողմից, - հիմա ասեք ի՟նչ կլինի Լուքան հայերեն… դե… Ղուկաաաս ճիշտ է:
- Ֆորմալիզմ է, ֆորմալիզմ… Քլասիք ֆորմալիզմ է խաչքարը, _ պնդում էր հոլանդական արտաքինով սևավոր մի երիտասարդ մյուս կողմից:
- Հա բայց որ զանգում թթվում են ականջիս, որ ամուսնանամ, ես ինչ պտի անեմ…, - բողոքում էր ընկերուհուն երևանահոտ մի թիթիզ աղջիկ:
Թանգարանի մուտքի մոտ արդեն հեքիաթը խտացավ ու դարձավ անվասայլակներով ու ձեռնափայտերով, երեխաներով ու սիրուն կանանցով, կնճիռներով ու պճնված հայախոս մի հոսք:
- There should be an Armenian exhibition around, right?…,- փորձեցի ճշտել տեղեկատուից:
- Take your left from the Egyptian section, - խոսքս կիսատ թողեց աղջիկն ու հայացքը թեքեց հաջորդին:
Ինչ-որ մեկն օրվա ծրագիրը ձեռքս դրեց ու տեսա, որ խաչքարի առիթով դասախոսություն էր լինելու ու համերգ: Որոշեցի մի տաս րոպե լսել ու գնալ խաչքարը փնտրելու: Բայց դահլիճ մտնելուն պես քարացա… Հսկայական էկրանին խաչքարի պատկերն էր ու լույսի մեջ բեմին նստած էր մի կին: Նինա Գարսոյան… Հետո պեղեցի, որ Քոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է ու հայագետ, հետո գտա հեղինակած գրքերի շարքն ու հիացական ձոները նրա մասին: Իսկ այդ պահին բեմին դարչնագույն շորով ու բրդե գուլպաներով մեծ կին էր, որ հեքիաթի նման պատմում էր հայոց արքաների ու ճակատամարտերի մասին: Ու ինչքան նման էր մեծ տատիս…
- Տա՟տ: Իմա՟լ ես:
- Այ բալամ, սենց զուլում ցավ չկա, - զարմացած ասում էր ութսունամյա տատս իր ատամնացավի մասին:
Իմ հրաշք տատին, որ ինը երեխա էր մեծացրել կրծքի տակ, անցել էր գաղթով, պատերազմներով ու կորուստներով ու նորածնի նման մաքուր էր ու առողջ: Մի բանակ թոռների ու ծոռների թագուհին էր տատս ու երջանիկ էր իր աշխարհով: Մինչև մի օր սիրած զավակը հիվանդացել էր, ու ինքը մորս փախչող հայացքից հասկացել էր, որ չի ապրելու որդին:
- Աստված ջան, շունդ եմ էղել… Ինձ մատաղ արա իմ բալին:
Ու մի շաբաթում հանգել էր` երջանիկ ու համոզված, որ մատաղն արդար էր ու ընդունելի:
Ու երբ դահլիճը ոտքի կանգնեց ու պայթեց ծափահարություններից, իսկ երիտասարդ ուղեկցողը գլորեց անվասայլակն ու դուրս տարավ դահլիճից Նինա Գարսոյանին, ես առաջին անգամ հրաժեշտ տվեցի արդեն տաս տարի հեռացած տատիս:
Իմ տատին, որ մեծ էր, ոչ մեծացած, որ լաչակի տակից արձակում էր երկար հյուսերն ու ամաչում, երբ դարչնագույն փեշի տակից երևում էր թափանցիկ ու ձյունի նման նուրբ ոտքը: “Քիշմիշի թուփ ա իմ Ալմաստը”, ասում էր պապս: Իր բազմոցին նստած իր տաճարում էր տատս ու չէր էլ զարմանում այդքան մեծ ու լուրջ մարդկան երկրպագությունից:
Մի քառորդ արյուն ու մի բուռ ծաղկած ոսկե զարդեր են մնացել ինձ տատիցս: Մեկ էլ իմ ու քրոջս թաքուն երազանքը, որ մեր մասին է մայրս երգում “Մշո աղջիկ… Մշո աղջիկ… Մշո աղջիկ, էտ ինչ լավն ես”:
Իսկ խաչքարը մենակ կանգնել էր անկյունում` եգիպտական սփրտնած գրոտեսկի ու բյուզանդական սրվակների արանքում: Ուզում էի գրկել ու ասել “Ցավդ տանեմ… Չվախենաս”: Աշխարհի կենտրոնում մի լիքը դահլիճ սպիտակ ու պայծառ հայեր, մի Նինա Գարսոյան, մի Կոմիտաս… Աշխարհակալ ենք ու մեծ:
Դրսում ութսուներկուսը դեռ սիրուն էր ու կիրակին` խաղաղ: Մի ականջումս մորս թավիշ ձայնն էր “Մշո աղջիկ” ասում, մյուսում մզմզում էր Սինատրան իր “Նյու-Յորք, Նյու-Յորքով”: Ու ամեն ինչ ճիշտ էր:
իմերնուս,
ազգս