Սիրում եմ, որ երեկոյան ուշ մուտքի դռան վրա իռլանդական մի քանի տակտ ես լսում ու գիտես, որ մարդդ գործից եկավ: Ու արագ քեզ կարգի ես բերում, որ ժպտալով դիմավորես, որովհետև… որովհետև կինը պետք է ժպիտով դիմավորի ամուսնուն ու վերջ:
Սիրում եմ, որ մուտքի դռնից п-աձև ձգվում է խոհանոց, ճանապարհին թողնելով տոպրակներ ու շորեր ու հասնելով գազօջախին հաճույքատառապանքախառը “վաաաախ” է ազդարարում: Հետո ավելի ծանր մի ուրիշ “վաաաախ”, որ նշանակում է թե հոտառելիքից հետո սննդի մասին ինֆորմացիան անցնում է գիտակցական ու ինտուիտիվ մակարդակներով: Իսկ դու կոկետ անտարբերությամբ ասում ես “սովա՟ծ ես, Ռուբ”, որ մի ուրիշ “վախ” կամ “իիի” լսես ու երջանիկ գնաս մոգոնածդ “հացը դնելու”:
Սիրում եմ, որ նստում է սեղանին ու պատմում-պատմում, իսկ դու սեղան ես պատրաստում ու ամեն անգամ մանկամիտ երջանկություն ես ապրում ափսեներ շարելիս` համոզված, որ դարավոր ծեսի շղթայի մեջ ես ու ամեն ինչ ճիշտ է:
Սիրում եմ, որ թիկնում է գիրք կարդալու ու արդեն նույնիսկ “մմմ” չի անում քո հազարերոդ անգամ կրկնվող “բայց ինչ լավ էր չէ՟ Ռուբ, որ էս լամպը առանք” արտահայտությանը: Ու երբ որ նայում ես քաջաբար քեզ լսող մարդուն, քրքջում ես ու ձգվում, որ համբուրես բարձերին փռած դեմքը: Իսկ ինքը, առանց հայացքը գրքից կտրելու, ստորին ծնոտով դիմավորում է քեզ: Շաաաատ եմ սիրում էդ բնազդային ու ամեն անգամ անխափան աշխատող ծնոտախաղը:
Սիրում եմ, որ խոսում եք… ինչ լավ եք խոսում: Ամեն ինչ կարևոր է ու ամեն ինչի մասին խոսք կա: Կամ էլ մի օր ագահի նման մտածում ես, որ մի բան բաց ես թողնում կամ հանկարծ մի բանի մասին չեք խոսում ու բլոգ ես մոգոնում: Ավելացնում ես հազարերորդ շերտը ու սպասում նորերի ու ուրիշների:
Սիրում եմ, որ բացահայտել ես մարդու միլիոն անվերջություններորդականը ու ամեն օր սպասում ես նոր զարմանքների: Սիրում եմ բոլոր հպարտությունները, որ քեզ թույլ ես տալիս մարդու կողքին ու բոլոր սխալները:
Մի օր էլ արթնանալով փոստիդ մեջ տեսնում ես “
uzogh's birthday ” ու չինացու շիզոֆրենիկ թիթեռի նման հասկանում ես, որ Էդ կինը դու ես… Ու էդ մարդը քո մարդն է: Ու էդ պատմությունն էլ իրական է ու դուք եք գրում ամեն օր: Ու ավելի ես սիրում: