2023-ից մի օր պակաս մտածում եմ ինչ տարի էր 2022-ը։ Նոր տարում ավելի մանրամասն կգրեմ, բայց հիմա ուզում եմ անդրադառնալ
տարվա սկզբի սպասումներիս ու տեսնել, թե ուր եմ հասել։
- Ոգևորություն - ի՞նչն է ամենաշատը ոգևորում 2022-ի մասին:
Նոր աշխատանքս։ Ընդամենը մի քանի օրից սկսում եմ, ու ահավոր ոգևորված եմ, բայց նաև վախեցած. կարողանալու՞ եմ տակից դուրս գալ։
Եթե կար մի բան, որ 2022-ին դրական էր ամեն տեսանկյունից, հենց նոր աշխատանքս էր։ «Տակից դուրս գալը» ո՞րն է, արդեն լրիվ ինտեգրված եմ իմ նոր դերի մեջ ու մի այլ կարգի ուրախ եմ որոշմանս համար։ - Նպատակներ - ի՞նչ ռեալիստական նպատակներ ունեմ:
Ուզում եմ վեպս վերջացնել, քիչ է մնացել։ Մեկ էլ ուզում եմ վերջապես Դանիայի մշտական կացություն ստանալ ու հասցնել քաղաքացիության դիմել։
Վեպս վերջացրել եմ։ Մնացել են վերջին խմբագրումները, որ հունվարին կանեմ, կսկսեմ տպագրությամբ զբաղվել։ Մշտական կացություն ստացել եմ։ Քաղաքացիության դեռ չեմ դիմել, բայց պատճառն ընդամենը մի կոնկրետ քարտուղարուհի է, որ հիվանդ է, ու քաղաքացիության քննության սերթիֆիկատս դեռ չի տվել։ Հունվարի սկզբին վերջապես կստանամ սերթիֆիկատը ու կդիմեմ։
- Աջակցություն - ի՞նչ աջակցություն ունեմ դեպի ապագա շարժվելու համար:
Նոր շեֆս միանշանակ։ Ինքը սկզբում ինձ մոտիվացրեց, որ շատ ուզենամ էս աշխատանքը։ Հույս ունեմ՝ կլինի նաև այն անձը, որն ինձ կօգնի անցնել այս դժվար ճանապարհը։
Ես անընդհատ մտածում եմ էս տողերի մասին։ Մտածում եմ նոր շեֆիցս ստացածս առաջին տպավորության մասին հենց առաջին հարցազրույցի ժամանակ։ Մտածում եմ, թե ինչ տարօրինակ է, որ մի տարի անց գրեթե ամեն աշխատանքային օր նրան տեսնելուց հետո ոչինչ չի փոխվել. առաջին տպավորությունս բնավ խաբուսիկ չէր, ու շատ կարևոր դեր ունեցավ, որ լիովին ինտեգրվեմ իմ աշխատավայրում։ - Մտքեր և գործողություններ - ի՞նչ նոր սովորություններ եմ ուզում ձեռք բերել և ամրապնդել մյուս տարի:
Ոչ թե ձեռք բերել, այլ վերաձեռքբերել. անկեղծ ու ուղիղ հաղորդակցվելու ունակությունս, որ ակադեմիայում երկար տարիներ աշխատելիս աստիճանաբար կորցրել էի։
Նոր աշխատանքս ու անկեղծ հաղորդակցությունը բարձր գնահատելն իսկապես օգնեց հասնել սրան։ Իհարկե, սա դեռ միայն պրոֆեսիոնալ ոլորտում է, անձնականում դեռ աճելու տեղ կա, կարծում եմ։ - Դեպի անիմանալին - բացի սովորական ընտրություններից, կա՞ն այնպիսի բաներ, որ փորձելու եմ մյուս տարի: Դիմելու՞ եմ ռիսկերի, որոնցից վախենում եմ։
Դե ամենամեծ ռիսկն արդեն արել եմ. ակադեմիան թողել եմ, հենց տարվա սկզբից կսկսեմ պտուղները քաղել։
Ու երևի կյանքիս ամենալավ որոշումն էր։ - Ամենակարևորի մասին - եթե իմանայի, որ շատ կարճ ժամանակ է մնացել ինձ ապրելու համար, ի՞նչ կանեի:
Հնարավորինս շատ ժամանակ կանցկացնեի սիրելի մարդկանց հետ։
Ինձ չէ, բայց հորս կարճ ժամանակ էր մնացել, ու ուրախ եմ, որ հնարավորինս շատ ժամանակ եմ անցկացրել նրա հետ ընդհուպ մինչև կյանքի վերջին պահը։ - Ամենախորը երազանքները - եթե իմանայի, որ կորցնելու բան չունեմ, ինչո՞վ կուզեի զբաղվել:
Ինձ թվում է՝ ճիշտ տեղում եմ։ Վերջին ժամանակների որոշումներս հենց «կորցնելու բան չունեմ» սկզբունքով եմ ընդունել, ու դեռ միայն ուրախ եմ։
Իսկապես։ 2022-ին ամենաճիշտ տեղում եմ եղել։ - Ձեռքերը տարածած - ի՞նչ կուզենայի ստանալ հաջորդ տարի:
Չնայած ֆանտաստիկայի ժանրից է, բայց կուզենայի, որ մյուս տարի էս ժամանակները Հայաստանի մասին մտածելու կարիք չլիներ։
Հա, ֆանտաստիկայի ժանրից էր, էն էլ ինչ աստիճանի։ - Մաղթանքներ - ի՞նչ մաղթանքներ ունեմ ինձ և իմ շրջապատին։
Արժանապատիվ խաղաղություն
է՜հ :(