Հայաստանցի սփյուռքը

Jul 24, 2022 00:10


Իմ շաբաթ օրերն անցնում են «հայաստանցի սփյուռքի» հետ շփվելով։ Չաթով կամ տեսազանգով խոսում եմ Հայաստանից գնացած ընկերներիս հետ, որոնց մի մասին մինչև Հայաստանից գնալս գիտեի, իսկ մյուսների հետ հետո եմ ծանոթացել, ոմանց հետ՝ պատերազմի ժամանակ կամ դրանից։ Պատերազմը բոլորիս մտերմացրեց։ Զրուցում ենք տարբեր թեմաներով։ Վերջին լուրերն ենք քննարկում։ Միասին ներվայնանում, միասին տխրում, իրար հույս տալիս։ Բոլորս տարբեր արևմտյան երկրներում ենք, անգամ տարբեր մայրցամաքներում։



Դուռ Պորտոյում. Երևանն է հիշեցնում

Թեև վերջին երկու տարիներին բոլոր հայերս կարծես նույն բանի միջով ենք անցնում, քան հարցեր, որոնք միավորում են հենց այս խմբին ու մեզ դարձնում հայերի ինչ-որ ենթատեսակ. Հայաստանում մեծացածներս, որ արտերկիր գնացել ենք չափահաս տարիքում ու որ ունենք մեր յուրօրինակ խնդիրներն ու տրավմաները, որոնք չես կարող այլ հայերի հետ քննարկել. ինչպես Հայաստանում մնացածների, էնպես էլ դասական սփյուռքի համար անհասկանալի է, թե ինչու ես Հայաստանից քո ոտքով գնացել։



Դրա համար մենք իրար լավ ենք հասկանում ու զրուցում քաղաքականությունից, գաղափարական բանավեճերի մեջ մտնում, երբեմն էլ անցնում մեր զգացողություններին. այն մեղքի զգացմանը, որ կա մեր մեջ ու որն ուժեղանում է Հայաստանից եկող ճնշումից, որ ինչ էլ անես, միևնույն է, հերիք չէ, միևնույն է, անհասկանալի է, թե ոնց ես «հայրենիքը հեռվից սիրում», որ հաճախ քեզ նվազեցնում, վերածում են փողի տոպրակի, ու կարծես այլ արժանիքներ, հմտություններ, գիտելիքներ չունես, որոնցով կարող ես օգուտ տալ։ Հարցականի տակ են դնում նաև որպես ՀՀ քաղաքացի ընտրելու իրավունքդ։ Քննարկում ենք ինչպես դիմադրել այս բոլորը ու շարունակել անել, ինչ ամեն մեկս անում է Հայաստանի ու Արցախի համար. քաղաքական, հասարակական, կրթական, տնտեսական, գաղափարական և այլ տարբեր ոլորտների գործողություններ։

Իսկ մեղքի զգացումը, միևնույն է, խեղդում է։ Քեզ մեղավոր ես զգում տարին մեկ-երկու անգամ վարսավիրանոց գնալու, հանգստանալու մեկնելու, ռեստորանում ընթրելու, կարդացածդ ամեն գրքի, դիտածդ ամեն ֆիլմի, գնածդ մի նոր շորի, անգամ խմածդ մի բաժակ սուրճի համար։ Ու չգիտես ինչ անես՝ մեղքդ մեղմելու համար։ Ավելի շա՞տ հանգանակություն անես։ Ավելի հաճա՞խ գնաս Հայաստան։ Ավելի քի՞չ քո անձնական հաճույքներին տրվես։ Ու միևնույն է, ինչ էլ անում ես, բավարար չէ, ինչ էլ անում ես, մեղքի զգացումը չի լքում։ Գուցե տեղափոխվե՞ս Հայաստան։ Գիտես, որ չես անելու։ Գիտես բոլոր պատճառները՝ ինչու չես անելու, ու էդ պատճառները հասկանում են միայն քեզ նման մյուս հայերը, որ իրենք էլ գիտեն՝ ինչու չեն անելու։

Հուսահատվում ես։ Քեզ ոչ լիարժեք զգում։ Հարցականի տակ դնում ինքնությունդ. դու լիարժեք հա՞յ ես։ Իսկ ո՞վ է լիարժեք հայը։ Գործերդ կիսատ են մնում։ Էներգիադ կորում է։ Ուր գնում ես, անպայման հայկական մի բան ես փնտրում։ Ամեն մի մեծ ու փոքր արարքիդ մեջ հայկական իմաստ ես փնտրում։

Բայց էսօր պատահաբար հանդիպեցի Օդրի Լորդից մի մեջբերման. «Ինքդ քո մասին հոգ տանելն ինքդ քեզ երես տալ չէ, այլ ինքնապահպանում է, քաղաքական զենքի արտահայտում է»։ Չնայած «ինքնախնամքի» վերաբերյալ իմ բոլոր վերապահումներին, հատկապես դրա՝ միջին խավի սպիտակ կանանց արտոնյալ դիրքի արտահայտություն լինելը, սևամորթ Լորդի ձևակերպումը լրիվ ուրիշ կոնտեքստ է ստանում։ Սևամորթ Լորդը, ինչպես հայերս, ճնշված խմբի ներկայացուցիչ է, իսկ ճնշողի (մեր դեպքում՝ թուրքերի) օրակարգի մի մաս է մեզ հոգեբանորեն ջախջախելը։ Ուրեմն հոգեպես ամուր լինելը մեր քաղաքական զենքն է ու մեր քաղաքական կամքի արտահայտությունն է։ Մենք նաև հոգեպես ամուր ենք պետք Հայաստանին ու Արցախին, որ կարողանանք դիմակայել մեզ վրա կիրառվող հոգեբանական զենքը, այդ թվում՝ մեր հայրենակիցների կողմից, որ կարողանանք ամեն մեկս շարունակել այն տարբեր նախագծերը, որ անում ենք Հայաստանի ու Արցախի համար։ Շարունակել՝ դիմադրելով մեզ ուղղված ատելությունը, խտրականությունը, քննադատությունը, ծաղրը, հուսահատությունը։ Շարունակել անկախ ամեն ինչից։

Ու իրականում ոչինչ էնքան թերապևտիկ ազդեցություն չունի, ինչքան միմյանց հետ զրուցելը։ Զրույցները պետք է հաճախակի դարձնել, ավելի մեծ խմբերով, առայժմ մեծ մասամբ առցանց, հետո գուցե բոլորով մի տեղում հանդիպենք։ Օրինակ՝ նորից ազատագրված Շուշիում։

Հայաստան

Previous post Next post
Up