Կապիկը
Նման վերնագրով ֆիլմ դիտելու գնալիս բանից բեխաբար մարդը կմտածի, որ հին ու ծանոթ պատմության նոր մեկնաբանություն է տեսնելու:
Երբ ֆիլմը սև ու սպիտակ է սկսվում, ժպտում ես. ասում ես՝ ըհը, 1939 թվի ֆիլմի ոգին պահպանել են: Բայց մեկ էլ նկատում ես, որ լրիվ ուրիշ պատմություն է: Անգամ փոթորկից հետո հույսդ չես կորցնում, որ Դորոթին, առյուծը, փայտահատն ու խրտվիլակը կհայտնվեն: Չէ, սա լրիվ ուրիշ պատմություն է ու տեղի է ունեցել նրանցից շատ առաջ:
Էստեղ գլխավոր հերոսը հենց Օզ կախարդն է: Ֆիլմը նրա պատմությունն է, թե ինչպես է Օզ աշխարհ ընկնում: Սրտակեր է, կախարդներին կապելով առաջ է գնում:
Շատ չխորանամ, թե ինչ է կատարվում ֆիլմում. կնայեք, կտեսնեք:
Հա, որպես 3D սիրուն էր, լրիվ խրվում ես պատմության մեջ, ուզում հայտնվել այ էդ Օզ աշխարհում: Կուզեի առանձնացնել կապիկին, որի կերպարը շատ դուրս եկավ. շատ համով-հոտովն էր: Դե գլխավոր հերոսը՝ Օզը, հեչ դուրս չեկավ: Ասում են՝ սցենարի հեղինակն ուզեցել է արական սեռի պրոտագոնիստով հեքիաթ ստեղծել, որովհետև բոլոր եղածներն աղջիկներով են: Բայց դե չէ էլի... շատ անհամ կերպար էր ստացվել: Անհամ էին նաև երեք կախարդուհիները, չնայած պիտի ասեմ, որ Էվանորան հազար անգամ ավելի սիրուն էր Գլինդայից (թեև վերջինս էր բարի կախարդը):
Մի քանի հավես մանրուք կար ֆիլմում: Մեկն էն տատիկի երգող տուփը բոլոր աղջիկներին նվիրելն էր: Մեկ էլ ճենապակե քաղաքի մասն էր լավ սարքած: Դե չասեմ, որ ֆիլմում կոչվում էր China Town (անգլերեն ճենապակին china է): Բացի դրանից, լրիվ հոլանդական մոտիվներով էր սարքած. Դելֆտի կապույտ ու հողմաղաց:
Մի խոսքով, թեթև նայվող հավեսին ֆիլմ է: Թեև թերություններ ունի, բայց արժե նայել: Իսկ ամենակարևորը՝ եկա տուն ու պարզեցի, որ Ֆրանկ Բաումն այս պատմության հետ կապ չունի, այսինքն՝ գրքի հետ համեմատելու բան չկա, որովհետև գիրք չկա: